«Ալեքսանդրապոլ․Լենինական․Գյումրի» ֆեյսբուքյան էջը գրում է. «Ալեքսանդրապոլում նոր տարվա օրը միմյանց շնորհավորելու ավանդույթը կոչում էին կաղնդել, այդ օրն իրար տրվող նվերները՝ կաղընդչեք, իսկ երգվող երգը՝ կաղանդոս: Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր ամբողջ կազմով։ Ում տունը որ մենձ կար, բիտուն ջահելները կերթային շնորհավորելու, հետները նվեր կտանեին՝ մե շուլովիմ, ձեռնոցներ, գոգնոցիմ կտոր, ջահելներուն թավրխլու փուշի, էրեխոցն էլ փյուսքյուլով կանֆետ, բոմբուշկա, կիս-կիս՝ կանֆետնիկ՝ Շիրինենց Ալեքսանի կամ Երանոսովենց խանութից առած (ասացող՝ Թումանյան Մանիկ Վարոսի, ծնվ․ 1919թ. Ալեքսանդրապոլում)։ Իսկ եթե տանը նորահարս կար, տան մեծ մայրը նրան ընծա էր տալիս, տագրերը նույնպես նորահարսին որևէ բան էին նվիրում: Նոր տարվա առավոտյան տան մեծ մայրը բարին էր մաղթում նույնիսկ գոմերին ու անասուններին, մթերանոցներին, ամեն ինչին նոր բախտավորություն և հաջողություն ցանկանում: Միմյանց շնորհավորում էին՝ ասելով՝ «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ»։ Ալեքսանդրապոլում Ամանորի ծիսական արարողություններից ամենատարածվածը «Տարի» կոչվող գաթայի միջոցով տարվա առատությունը (բարաքյաթի) գուշակելու սովորությունն էր։ Ազգագրական այլ շրջաններում գուշակության այս հացը («Տարին») պատրաստում էին կլոր, ընկույզով և զանազան քաղցրեղենով զարդարված: Ալեքսանդրապայում պատրաստում էին «Տարին» քաղցր կամ առանց խորիզ գաթա, մեջը դնում էին դրամ՝ 10 կամ այլ կոպեկ, սարքում էին «սինու մեջ և տանում էին «Նիկոլի ֆուռը»: «Տարին» ձևավորում էին տարվա ամիսների քանակի կամ ընտանիքի անդամների թվին համաձայն։ «Տարին» կտրում էին լռության մեջ, հանդիսավորությամբ, ամեն մեկն ուտում էր իր բաժինը: «Ում գաթի կտորի մեջն որ փարեն ելնիր, տարին ընոր գլուխը գելնիր»։ Դա նշանակում էր, որ ամբողջ տարվա բարեկեցությունն ու հաջողությունը նրան էր վերագրվում և նրանից ակնկալվում: Իսկ եթե «Տարին» կտրելիս ընկնում էր դանակի տակ, դա անհաջողություն էր նշանակում, նույնիսկ համամարդկալին առումով՝ պատերազմ: Նոր տարուն ուղեկցել է գուշակության մի այլ ծիսական սովորություն ևս։ Ամանորի նախօրյակին տան հարսները խմորից քսակներ, ցորենի ամբարներ, սմբակներ, տիկնիկներ էին պատրաստում։ Մեծ մայրը դրանք իջեցնում էր թոնիր ու ծածկում։ Նոր տարվա երկրորդ օրը ընտանիքի անդամները հավաքվում էին, և մեծ մայրը մեկ-մեկ դուրս էր բերում, յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում էր, թե ինչ է գուշակելու իր համար թոնրից դուրս բերվող հացը։ Եթե քսակներն ուռած-փքված էին լինում, ուրեմն դրա տերը պետք է հարստանար, իսկ եթե կուչ եկած էին լինում, ուրեմն տերը պետք է աղքատանար: Եթե խմորե տիկնիկը ուռչում էր, ուրեմն զավակ էին ունենալու։ Ըստ բնապաշտական ըմբռնումների՝ հմայական գործողություններով հնարավոր է մարդուց հեռացնել շառ ու փորձանք: Ամանորի նախօրյակին մարդիկ հաշտվում էին, չէր կարելի մեղք գործել, սիրտ կոտրել, վիրավորել, վշտացնել: Որպես մշտամետ օրհնության ավետիք՝ առաջին ներս մտնողն իր հետ պետք է բերեր որևէ իր (տարվա առատության համար), թեկուզ չոր խոտերի միջից մի մանուշակ: Ամանորին Ալեքսանդրապոլում տնետուն գնում էին միայն տղամարդիկ, իսկ կանայք գնում էին ծննդին (Սուրբ Ծննդի մասին է խոսքը, հունվարի 6-ին՝ Դ․Մ․), հագնում էին ընտիր տոնական զգեստներ, խրխա, կերպասից կարված վերնաշապիկ, զարդարվում էին ,, ջուխտշերիտ, ոսկիներով, թանթանա-փերուշաներով, մաղադանոս կամ հյուսկեն (ջուխտ շիբուխ) բիլազուկներով, տանձոսկիներով, գրիմիցաներով, արծաթյա կամ ոսկյա բոխմախներով: Նոր տարվան պատրաստվող կերակուրները պետք է լինեին միայն պասուց. պատրաստվում էին ավելուկի աղցան, բրնձով տոլմա՝ քունջութի կամ կտավատի ձեթով կամ աղացած ձավարով տոլմա: Ձավարի հետ խառնում էին սև սալոր, խաշում էին կարմիր հատ լաբի՝ գլուխ սոխով զարդարված, աղացած սիսեռ։ Անպայման պատրաստում էին խոշար (օշարակի)՝ մեջը լցած չիր, չամիչ, քիշմիշ, բադամ: Ամանորյա ծիսակատարությունների ամբողջ համակարգը համընդհանուր էր ամբողջ պատմական Հայաստանի համար։ Այս ավանդույթներից շատերը պահպանվել ու հասել են մեր օրերը: ՀԱՍՄԻԿ ՕՀԱՆՅԱՆ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց թանգարանի բանահյուսության ու ժողովրդական արվեստի սեկտորի գիտաշխատող։ 1987թ․»: