Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ»

ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ»
111
Այսօր, 09:18

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության գրեթե ամեն նիստի ժամանակ կամ նախաձեռնող նիստերին Նիկոլ Փաշինյանը ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հետ կապված նոր առաջարկ է անում։ Իսկ ՔՊ-ականներն էլ, բնականաբար, համաձայնվում են՝ ելք չունեն։
«Իշխանականները մասնավոր զրույցներում նշում են, որ Փաշինյանն այնպես է իրավիճակը լարել, որ ոչ մի ՔՊ-ական պատկերացում չունի, թե իրեն հունիսի 7-ից հետո ինչ ապագա է սպասվում։
Հիմա էլ նոր քվեաթերթիկի տարբերակ են որոշում ՔՊ-ականները, որով, ըստ Փաշինյանի, պետք է թափանցիկ ընտրություններ կազմակերպեն կուսակցության ներսում։
Մասնավոր զրույցներում ՔՊ-ականները բողոքում են նաև ֆեյսբուքյան տարբերակով քարոզարշավ անելու գաղափարից, որը, ըստ ՔՊ-ականների, որևէ ձևով իրենց չի օգնելու ընտրվել։

Հիշեցնենք, որ որոշվել է՝ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական՝ 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։

Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն «թոփ» 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը»։