Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պաշտպանական կառույցները դառնում են քարոզչա-զբոսաշրջային նշանակության օբյեկտներ»․ Հակոբ Բադալյան

«Պաշտպանական կառույցները դառնում են քարոզչա-զբոսաշրջային նշանակության օբյեկտներ»․ Հակոբ Բադալյան
116
Երեկ, 23:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտպանության նախարարը հայտնում է, որ ԵՊՀ ուսանողների այց է կատարել դեպի սահմանային ամրաշինական կառույցներ: Ընդ որում նշում է, թե այցը բովանդակալից էր:
Թե ամրաշինական կառույցներ «անբովանդակ» այցը ինչպիսին էր լինելու, պարզ չէ:
Բայց էականը դա չէ: Տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը ոչ թե ամրաշինական կառույցներ է պատրաստել սահմանին, այլ յուրօրինակ «թանգարաններ», ուր կազմակերպվում են կոլեկտիվ այցեր:
Հավանաբար շուտով կիրականացվի նաև տոմսերի վաճառք, այդ թվում արտասահմանցի զբոսաշրջիկներին: Ի վերջո, կարելի է գործը դարձնել եկամտաբեր, իսկ ստացված հասույթը ուղղել այդպիսի նոր կառույցների՝ զբոսաշրջության զարգացման համար:
Համենայն դեպս, եթե կառույցները պաշտպանական նշանակության են, ապա ենթադրվում է, որ հանուն նախընտրական քարոզչության դրանք չպետք դառնան կոլեկտիվ այցերի թիրախ, որովհետև պաշտպանական նշանակության ամրաշինական սահմանային կառույցները պետք է ենթադրեն որոշակի գաղտնիություն:
Իսկ որքան մեծ է այցելուների շրջանակը՝ իսկ շրջանակը կարծես թե մեծանում է ընտրությանը մոտենալուն զուգահեռ, այնքան բնականաբար մեծ է ռիսկը, որ այդ կառույցների «առանձնահատկությունները» կարող են դառնալ «ազատ շրջանառության» առարկա:
Կգտնվեն իհարկե խելոքներ, որոնք կասեն, թե կուրացած եմ ինքնանպատակ քննադատությամբ և չեմ նկատում ակնհայտ առաջընթացը:
Ոչ, նկատում եմ: Բայց նաև նկատում եմ, որ պաշտպանական նշանակության կարևոր կառույցները դառնում են քարոզչա-զբոսաշրջային նշանակության օբյեկտներ: Իսկ դա բերում է մի մտքի, որ այդ կառույցները իրականում այդքան էլ մեծ նշանակություն չունեն պաշտպանական տեսանկյունից:
Այո, դրանք ապահովում են սահմանային շատ ամուր դիրքեր,որոնցում գտնվող զինվորները կլինեն շատ պաշտպանված: Բայց, անգամ ոչ մասնագիտական ռազմական հայացքը բավարար է հասկանալու համար, որ ժամանակակից պատերազմների պայմաններում այդպիսի սահմանային ամրաշինությունները լուծում են առավելապես այնտեղ գտնվող զինվորների անվտանգության հարցը: Դա չափազանց կարևոր է, և սա՝ առանց որևէ հեգնանքի: Չափազանց կարևոր է յուրաքանչյուր զինվորի անվտանգություն:
Պարզապես, շատ կարևոր է նաև, որ հանրությանը չմատուցվի գերագնահատված կառուցվածք, ստեղծելով տպավորություն, թե դա լրջագույն բաղադրիչ է Հայաստանի անվտանգության «ռեֆորմացվող» համակարգում:
Իսկ ռեֆորմացվող համակարգի իրական տրամաբանության մասին վկայում են ոչ թե թանգարանային ակտերը, այլ պետության բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում պաշտպանության նախարարի մակարդակով՝ «մարտունակ բանակ» բառակապակցությունից հրաժարվելը: Սա շատ ավելի բան է խոսում պաշտպանական քաղաքականության և ռեֆորմի իրական տրամաբանության մասին, քան կոլեկտիվ այցելությունների օբյեկտի վերածված սահմանային ամրաշինական կառույցները»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան