Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը

ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը
134
Երեկ, 13:06

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Վեց մանդատակիրների կողմից Հայաստանի կառավարությանն ուղղված հաղորդագրության մեջ փորձագետները նշում են, որ տեղեկություններ են ստացել, որոնք վերաբերում են «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմանը, ինչպես նաև վարչական սահմանափակումներին։ Փորձագետները հայտնում են, որ մտահոգված են, որ ձեռնարկված միջոցները, ըստ երևույթին, չեն համապատասխանում Հայաստանի՝ մարդու իրավունքների շրջանակում ստանձնած պարտավորություններին։ «2025 թվականի հունիսին շարժման 18 կողմնակիցներ ձերբակալվել են և մեղադրվել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և ​​իշխանությունը զավթելու փորձ կատարելու մեջ, և նրանց նկատմամբ կիրառվել են նաև սահմանափակող վարչական միջոցառումներ։․․․ Ըստ հաղորդումների՝ «Սրբազան պայքար» շարժման նկատմամբ կիրառվող միջոցառումները 2025 թվականի մայիսից իշխանությունների կողմից ընդդիմադիր խմբերի, հասարակական գործիչների, քաղաքական կուսակցությունների և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող այլախոհության ճնշման և լռեցման ավելի լայնածավալ արշավի մասն են կազմում։ Արշավը ներառում է իրավապահ մարմինների լիազորությունների չարաշահում, քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ, ինչպես նաև քննադատներին վարկաբեկելու նպատակով համակարգված քարոզչություն։ Առանց կանխորոշելու այս պնդումների ճշգրտությունը՝ մենք մտահոգված ենք, որ եթե վերը նշված պնդումները հաստատվեն, դրանք կարող են լինել Հայաստանի՝ միջազգային պարտավորությունների խախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի փորձագետները Հայաստանից պահանջել են պատասխանել ութ հարցի՝ այդ թվում՝ պարզաբանել, թե արդյոք նամակում նկարագրված՝ խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցների և լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի ենթադրյալ անհամաչափ կիրառման դեպքերը հետաքննվել են միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ներկայացնել այդ հետաքննությունների արդյունքները. տրամադրել վերոնշյալ անձանց ձերբակալությունների, կալանքի և նրանց առաջադրված մեղադրանքների փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ տեղեկություններ, նշել, թե «Սրբազան պայքար» շարժման անդամներին վերագրվող ահաբեկչական հանցագործությունները որքանով են համապատասխանում ահաբեկչության՝ միջազգային չափանիշներով սահմանված պատշաճ սահմանմանը և այլն։

Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ին ուղարկված պատասխանի մեջ նշվում է, որ հունիսի 12-ի իրադարձությունները, ըստ կառավարության դիրքորոշման, չեն սահմանափակվել բացառապես խաղաղ ցույցով, այլ ներառել են նաև զանգվածային անկարգությունների դրսևորումներ, ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաների նետում և Ազգային ժողովի հատուկ պահպանվող տարածք ներխուժելու փորձ։ Կառավարության պնդմամբ՝ ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է օրինական, անհրաժեշտ և համաչափ, իսկ դրա իրավաչափության գնահատման նպատակով իրականացվող քրեական վարույթը դեռևս ընթացքի մեջ է։ Հայաստանի կառավարությունը նաև նշում է, որ հարուցված քրեական հետապնդումները որևէ առնչություն չունեն մեղադրյալների քաղաքական կամ կրոնական հայացքների հետ և պայմանավորված են բացառապես նրանց վերագրվող կոնկրետ արարքներով։