Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Իշխանությունն իր յուրաքանչյուր ընդդիմախոսի համար թղթապանակ ունի, սպասում է պատեհ առիթի»․ Լևոն Զարգարյան

«Իշխանությունն իր յուրաքանչյուր ընդդիմախոսի համար թղթապանակ ունի, սպասում է պատեհ առիթի»․ Լևոն Զարգարյան
36
Այսօր, 02:06

Վերլուծաբան Լևոն Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն ընդդեմ Քոչարյանի կառուցվածքը
Հայաստանի իրավապահ համակարգին պահանջվեց 8 տարի պարզելու համար, որ Toyota Yerevan-ը, Orange Fitness-ը, Play City-ն, Stefano Ricci-ն և Corneliani-ն կապված են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ, իսկ հողատարածքներն ու անշարժ գույքը ձեռք են բերվել «շուկայականից էապես ցածր գնով»՝ նախագահի պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով։ 8 տարի այդ փաստերը գոյություն չունեին։ Օգոստոսի 25-ի առավոտյան դրանք հանկարծ ջրի երես դուրս եկան, 6 մարդ ձերբակալվեց, մի քանի տասնյակ հասցեներ խուզարկվեցին, երկրորդ նախագահին բերման ենթարկեցին Հակակոռուպցիոն կոմիտե՝ մեղադրանք ներկայացնելով 3 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափի փողերի լվացում և առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում։
Ի՞նչ փոխվեց մեկ օրում։ Նախօրեին՝ օգոստոսի 24-ին, խորհրդարանի ամբիոնից պատգամավոր Լևոն Քոչարյանը դիմեց Փաշինյանին․ «Մեզ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանը ինչու է մինչև հիմա [մնում իշխանության]»։ Հաջորդ առավոտ ձերբակալեցին նրա հորն ու եղբորը, իսկ նրա տուն այցելեց ԱԱԾ-ն։
Ժամանակագրությունը հուշում է Փաշինյանի հուզական պոռթկման վարկածը, թեև այն չի տալիս գլխավոր հարցի պատասխանը. 20 տարվա վաղեմության գործարքների վերաբերյալ գործը մեկ գիշերում չի հավաքվում, իսկ տասնյակ հասցեներում խուզարկությունները մեկ երեկոյում չեն ծրագրվում։ Թղթապանակը պատրաստ էր տարիներով։ Եվ եթե օրվա ընտրությունը կարելի է պայմանավորել Փաշինյանի զգացմունքայնությամբ, ապա սցենարը վստահաբար գրված էր նախապես։ Եվ հենց այս համադրությունն ավելի սարսափելի է, քան երկու բացատրություններից յուրաքանչյուրն առանձին. մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն իր յուրաքանչյուր ընդդիմախոսի համար պատրաստի թղթապանակ ունի, որը սպասում է պատեհ առիթի կամ հրահանգի։
Քոչարյանների ձերբակալության մեջ ամենաուշագրավը քաղաքական դիվիդենտներն են, որ ստանում են բոլորը։
1. Նիկոլ Փաշինյան․ Քոչարյանների ձերբակալությամբ նա լուծում է միանգամից մի քանի խնդիր.
• ցույց է տալիս «նախկին թալանչիների դեմ պայքարը»՝ նրա ամբողջ քաղաքական կենսագրության կենտրոնական սյուժեն,
• սպասարկում է ռեսենտիմենտը. դիվականացված Քոչարյանը հրապարակայնորեն «ծնկի է բերված», և տեսարանն «արժեքավոր» է իշխանության վարկանիշի համար,
• լեգենդավորում է «թալանվածը ժողովրդին վերադարձնել» թեզը՝ միլիոնավոր դոլարների թվերի ֆոնին, որոնք շրջանառվում են հաղորդագրություններում,
• ապագայի համար մեղավորներ է նախապատրաստում. երբ մի քանի ամիս անց Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, պատասխանատվությունը կընկնի դատարանների վրա՝ «հին ռեժիմի սպասարկուների»,
• և ամենակարևորը՝ տանում է դեպի արդեն հայտարարված որոշումը։ Խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրությունը նախատեսելու է բոլոր դատավորների ժամանակավոր պաշտոնանկություն՝ «պրոֆեսիոնալիզմի և էթիկայի» վերաատեստավորմամբ։ Իսկ մինչև ստուգումը բոլոր դատավորները դառնալու են պաշտոնակատարներ։ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահը դա անվանել է պայքար «անկախության կղզյակների» դեմ և դատավորներին ՔՊ-ին «ենթակա» դարձնելու գործընթաց։ Քոչարյանի ձերբակալությունն այս արշավի իդեալական շարժիչն է։ Երբ ժողովրդին ցույց տան «դատարանների ազատ արձակած Քոչարյանին», ժողովուրդը կքվեարկի ցանկացած Սահմանադրության օգտին, որը խոստանում է «չեզոքացնել» նման դատավորներին։
2. Ռոբերտ Քոչարյան․ նրա համար ձերբակալությունը քաղաքական կապիտալ է, որը ոչ մի գումարով հնարավոր չէ գնել.
• այն «ապացուցում է» քաղաքական հետապնդվողի կարգավիճակը՝ հատկապես որդու երեկվա ելույթի ֆոնին։ Երբ Լևոն Քոչարյանը «ճշմարտությունն ասաց Փաշինյանի երեսին», առավոտյան եկան նրա հոր հետևից,
• այն «ապացուցում է» իշխանության ուզուրպացիան. վարչապետն անձամբ է ղեկավարում ուժայիններին և դատարաններին,
• և կառուցում է այն նարատիվը, որն ամենից շատ է պետք Քոչարյանին. եթե Փաշինյանը հարվածում է հենց նրան, ուրեմն հենց նրանից է վախենում, հետևաբար՝ իշխանափոխության դեպքում գլխավոր ընդդիմադիր ուժն ու գլխավոր հավակնորդն ինքն է, ոչ թե մրցակիցները։ Սա հենց Քոչարյանի տրամաբանությունն է։ Նաև իշխանության՝ որպես իրենց այլընտրանք ներկայացնել հենց Քոչարյանին։ Այդ առումով Քոչարյանի ցանկությունը միանգամայն համընկնում է իշխանության նպատակների հետ։
3. «Ուժեղ Հայաստան»․ պասիվ շահառուն
• իշխանության թելադրած «բարեկրթության» խաղը խաղալով՝ Սամվել Կարապետյանի ուժն առայժմ հարվածի տակ չէ՝ «моя хата с краю» սկզբունքով,
• մրցակցի «գլխատումն» ընկալվում է որպես իրենց՝ ընդդիմադիր դաշտի միակ կենտրոնի ավտոմատ վերածում։ Հաշվարկը հիմնված է այն տրամաբանության վրա, որ Փաշինյանն ունի կարմիր գծեր, և քանի դեռ դրանք չես հատում, կանոնները պահպանվում են։ Հաշվարկն ինքնին տարօրինակ է, քանի որ հենց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը մեկ տարուց ավելի անազատության մեջ է։
4. Արտախորհրդարանական ուժեր․
• Իշխանամետները ստանում են արդարության տոն՝ «վերջապես Քոչարյանը պատասխան է տալիս իր տարիների կոռուպցիայի համար»։
• Ընդդիմադիրները ստանում են վաղուց հնչեցվող թեզի հաստատում. Փաշինյանը 8 տարի գիտակցաբար Քոչարյանին պահել է «անձեռնմխելի»՝ յուրաքանչյուր ընտրական շրջանում խաղարկելով նրա գործոնը։ Այդ գործոնը կրկին խաղարկվում է, այս անգամ՝ հանրաքվեի ֆոնին։
5. Ժողովուրդ․ հանդիսատեսը․
• Մեծամասնությունը՝ ներառյալ ընդդիմադիր տրամադրվածների ոչ փոքր մասը, գոհ է։ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի և գործարքների թվերը խոսուն են։ Այս բավարարվածության մեխանիզմը դրսևորվել էր նաև Ծառուկյանի օրինակով։ Ռեսենտիմենտը դատարանի վճիռ չի պահանջում․ «ինչո՞ւ է նա հարուստ» հարցն իր մեջ արդեն պարունակում է պատասխանը։
Այսպիսով, շահերի տարօրինակ համընկնում է ձևավորվում․ Փաշինյանը ստանում է իրեն անհրաժեշտ քաղաքական սյուժեն հանրաքվեի և «նախկինների վերադարձի» սպառնալիքի համար, Քոչարյանը՝ քաղաքական հետապնդման և գլխավոր ընդդիմախոսի կարգավիճակը, Կարապետյանի ուժը՝ մրցակցի ժամանակավոր թուլացում, իսկ հասարակության մի մասը՝ արդարության վերականգնման զգացողություն։
Եվ հենց այստեղ է հիմնական խնդիրը։ Երբ քրեական գործընթացը միաժամանակ քաղաքական դիվիդենտ է արտադրում գրեթե բոլոր առանցքային դերակատարների համար, իրավական բովանդակությունը մղվում է երկրորդ պլան։ Արդարադատությունը պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝ կա՞ ապացուցված հանցագործություն և ո՞վ է դրա համար պատասխանատու։ Քաղաքական ներկայացումը պատասխանում է մեկ ուրիշ հարցի՝ ո՞վ ինչ է շահում այս տեսարանից։ Եվ երբ երկրորդ խմբի հարցը սկսում է գերակշռել առաջինին, մենք այլևս գործ ունենք ոչ միայն քրեական վարույթի, այլ արդարադատության քաղաքական գործիքայնացման հետ։
Հետագա զարգացումների քաղաքական տրամաբանությունն էլ գրեթե փակ շրջան է ստեղծում։ Եթե Քոչարյաններին կալանավորեն, իշխանությունը դա կներկայացնի որպես «նախկինների անպատժելիության» ավարտ։ Եթե ամիսներ անց դատարանը փոխի խափանման միջոցը կամ գործը փլուզվի, նույն արդյունքը կարող է վերածվել դատական համակարգի դեմ նոր փաստարկի՝ «հին ռեժիմի դատավորները» խոչընդոտում են արդարադատությանը։ Եթե Քոչարյանը երկար մնա անազատության մեջ, նա կստանա նահատակի և գլխավոր հետապնդվող ընդդիմախոսի առավելությունը։ Այսինքն՝ քաղաքական առումով գրեթե յուրաքանչյուր ելք վերարտադրում է նույն երկբևեռ կառուցվածքը՝ Փաշինյանն ընդդեմ Քոչարյանի։
Իսկ այդ կառուցվածքը ձեռնտու է առաջին հերթին իշխանությանը, որովհետև քաղաքական մրցակցությունը ծրագրերի, կառավարման արդյունքների և պատասխանատվության դաշտից տեղափոխում է գոյաբանական ընտրության դաշտ՝ «մենք կամ նախկինները»։ Վերջին 8 տարիները ցույց են տվել, որ Փաշինյանն ավելի լավ կարողանում է հասարակությանը վախեցնել նախկինների հնարավոր վերադարձով, քան կառավարել երկիրը։ Այդ պայմաններում նոր Սահմանադրությունն ու Չորրորդ Հանրապետության գաղափարը կարող են ներկայացվել ոչ թե որպես ինստիտուցիոնալ բարեփոխման առանձին նախագիծ, այլ որպես արդեն իսկ ստեղծված քաղաքական ճգնաժամի «միակ լուծում»։ Եվ հենց սա է այս ամբողջ պատմության ամենավտանգավոր հետևանքը․ երբ իրավական գործընթացը սկսում է ոչ թե սահմանափակել քաղաքական իշխանությունը, այլ արտադրել նրա համար անհրաժեշտ քաղաքական իրականությունը»։

Աղբյուրը`   Լևոն Զարգարյան