Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։
Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։
Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։
Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է»:

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
6703:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
14100:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9100:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
106Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
95Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
114Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
99Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
94Երեկ, 17:54