«Մեր երկրում ատելության էներգիան շատ է»․ Սմբատ Գոգյան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը. «1) Երբ Լիդա Մանթաշյանին կալանքի տակ էին պահում՝ ես բացասական արտահայտվեցի դրա մասին։ Ֆեյսբուքյան ընկերներիս մի զգալի մասը մեղադրեց ինձ։ Հարցը ոչ թե Լիդայի մեղավոր կամ անմեղ լինելն էր, այլ անհարկի կալանքի տակ պահելը։ Քիչ անց Լիդային ազատ արձակեցին։ Այդ պրոցեսում իշխանական ուժը նեղում էր անհատին։
2) Երբ Արթուր Օսիպյանին կալանքի տակ էին պահում՝ ես բացասական արտահայտվեցի դրա մասին։ Ֆեյսբուքյան ընկերներիս մի զգալի մասը մեղադրեց ինձ, նույնիսկ քողարկված սպառնալիքներ եղան, բայց դե Արթուրին պարզապես ազատեցին։
3) Փետրվարին Կարպիս Փաշոյանի փոդքաստի հյուրն էի։ Շատ հետաքրքիր զրույց ծավալվեց։ Բայց մի պահ Կարպիսը մոտ 10 րոպե հարցնում էր Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, թե ոչ։ Ես էլ դիվանագետ չեմ, որ ճկունություն ցուցաբերեմ, թեման շրջանցեմ կամ փոխեմ։ Դրա համար էլ երկար խոսեցինք այդ հարցի շուրջ։
Զրույցի ժամանակ ասացի՝ եթե դատավորը ես լինեի, Սամվել Կարապետյանին չէի կալանավորի։ Բայց դրանից ավելին չասացի։ Ես այդ հարցի շուրջ չէի մտածել, չէի էլ վախենում նրան քաղբանտարկյալ անվանելուց։ Հասկանալով, որ կրթության ու ուսանողության մասին հարցազրույցը կորելու է այդ 10 րոպեանոց հարցաքննության ֆոնին, որոշեցի, որ հարցազրույցը չհեռարձակվի։
Բայց դե ինքս ինձ սկսեցի մտածել, բա ինչո՞ւ Լիդային, Արթուրին հանրային աջակցում ես, թեև Արթուրի նկատմամբ հակակրանք ունեիր, բայց խոշոր բիզնեսմեին՝ ոչ։ Ու հասկացա․ չէի ուզում իմ դիրքորոշումը ծառայեցնել ուրիշի քաղաքական նպատակներին, չուզեցա խաղալիք դառնալ։
Իմ ընկալմամբ այստեղ գործ ունենք քաղաքական և տնտեսական ազդեցության համար պայքարի հետ, որի երկու կողմերն էլ զգալի ռեսուրսներ ու ազդեցության լծակներ ունեն։ Իշխանությունն ունի հարկադրանքի գործիքներ, որոնք մյուս կողմը չունի։ Բայց ես պատրաստ չէի այս «կռիվը» դնել վերևում նկարագրածս երկու օրինակների շարքին։ Կարծում եմ, որ այս պայքարի մասնակիցների դիրքերը փոխվելու դեպքում նրանց գործելակերպը սկզբունքորեն շատ չէր տարբերվի։ Ես չուզեցա իշխանության ու փողի համար մղվող պայքարում որևէ մեկի գործիքը դառնալու։
Իհարկե, սա չի նշանակում, որ ազդեցիկ մարդուն կարելի է անարդարացիորեն պատժել։ Պարզապես նրա իրավունքները պաշտպանելը և քաղաքական պայքարում աջակցելը տարբեր բաներ են։
Բայց, բայց ես հրապարակայնորեն աջակցում եմ անպաշտպանին, որին ճզմում են։
4) Բարձր եմ գնահատում Վահրամ Սահակյանի ինտելեկտն ու ստեղծագործածը։ Արթուր Դանիելյանի մասին բան չգիտեմ։ Ահավոր չեմ սիրում հայհոյախառն խոսք, նման մարդկանցից խուսափում եմ։ Բայց չեմ կարող ընդունել, որ հայհոյախառն տեքստի համար ընդդիմադիր կեցվածով մարդուն ձերբակալեն, իսկ իշխանամետին՝ գովեն։ Քրեական օրենսգրքում հայհոյանք/ատելություն տերմինների մեկնաբանությանը լավ ծանոթ չեմ, բայց երկու բան հաստատ է․
ա) Օրենքը բոլորի նկատմամբ պետք է կիրառվի նույն չափանիշներով՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումից։ Եթե որևէ արտահայտության համար օրենքով պատասխանատվություն է նախատեսված, ապա այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ։ Եթե նախատեսված չէ, ապա քաղաքական դիրքորոշման պատճառով չպետք է պատժեն։
բ) Ատելության քարոզը կամ հաշվեհարդարի կոչը պիտի պատժվի խստագույն կերպով։
Էս երկրում մարդ չկա, որին ատեմ։ 2 հոգի, պատկերավոր ասած, դաստիարակչական ապտակի են արժանացել, մոտ 10-ն էլ՝ հիասթափության։ Բայց նույնիսկ այդ մարդկանց Հայաստանում ապրելն ու աշխատելը ինձ դրական էմոցիաներ է տալիս։ Մեր երկրում ատելության էներգիան շատ է, իսկ քչացնելու ձևեր չեն երևում»։

«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
017:12
«Սա՞ էր ձեր խոստացած ապագան, Նիկոլ Փաշինյա՛ն»․ Արսեն Նիկողոսյան
2616:48
«Մեր երկրում ատելության էներգիան շատ է»․ Սմբատ Գոգյան
3516:30
«Ինչքա՞ն կարող ենք շարունակել սա համարել սովորական»․ Մհեր Կարագոզյան
4916:12
«Հավատում եմ բնության, առավել ևս՝ լեռների հզոր էներգիային»․ Շիրակ Բունիաթյան
4816:06
«Երևանը պետք է արժանապատիվ լինի ամեն օր՝ առանց փոշու ու կեղտի»․ Նաիրի Սարգսյան
5515:30
«Ի՞նչ կկատարվի, եթե Ամուլսարի ստորերկրյա աղտոտված ջրերը Կեչուտի ջրամբարով լցվեն Սևան»․ Վահե Լոռենց
5515:24
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
5715:12