«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան

Ուսուցչուհի Հայկուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքա՞ն կարելի է արժեզրկել ուսուցչին.
Եվս մեկ ուսուցիչ է կալանավորվել։ Ես չեմ պատրաստվում քննարկել կոնկրետ գործի իրավական կողմը կամ արդարացնել որևէ մեկի սխալը. երեխայի նկատմամբ բռնությունն անընդունելի է, և ուսուցիչը լիովին պատասխանատու է իր արարքների համար։ Բայց ես չեմ կարող լռել այն երևույթի մասին, որն ինձ օրեցօր ավելի է անհանգստացնում՝ ուսուցչի մասնագիտության հետևողական արժեզրկման, խորացող անտարբերության և դրան հաջորդող հասարակական երկակի չափանիշների մասին։
Այո՛, ուսուցիչը պատասխանատու է, բայց ինչո՞ւ ենք պատրաստ օրերով քննարկել միայն նրա սխալը, իսկ այն իրականությունը, որում նա ամեն օր աշխատում է, գրեթե երբեք չենք դարձնում հանրային քննարկման առարկա։
Ո՞վ է խոսում այն աշակերտների մասին, որոնք դասի ընթացքում բացահայտ արհամարհում են ուսուցչին, խաթարում դասապրոցեսը, վիրավորում, չեն ենթարկվում որևէ կանոնի և իրենց պահվածքով նրան հասցնում են ծայրահեղ հոգեբանական լարվածության։
Ո՞վ է խոսում այն ուսուցչի մասին, որն ամեն օր ստիպված է զսպել իրեն, կուլ տալ վիրավորանքը, ատամները սեղմել, որպեսզի չպատասխանի նույն կերպ և չանցնի այն սահմանը, որի հետևանքները հետո միայն ինքն է կրելու։
Ո՞վ է հաշվում այն ուսուցիչներին, որոնք այդ լարվածության մեջ օր օրի մաշում են իրենց առողջությունը՝ փորձելով միաժամանակ դասավանդել, կարգապահություն պահպանել, դաստիարակել ու չկորցնել մարդկային հավասարակշռությունը։
Ո՞վ է բարձրաձայնում այն մասին, որ երբեմն ուսուցիչը, ամիսներ շարունակ չկարողանալով հասնել նվազագույն ուսումնական արդյունքի, վերջում ստիպված է լինում զիջել՝ գնահատական դնելով ոչ թե իրական գիտելիքի, այլ անվերջանալի ճնշումներից, ծնողական բողոքներից ու կոնֆլիկտներից խուսափելու համար։
Քանի՞ ծնող է զանգում ուսուցչին՝ շնորհակալություն հայտնելու նրա հսկայական աշխատանքի համար։ Բայց եթե ուսուցիչը մի օր կորցնի ինքնատիրապետումը, հարյուրավորները պատրաստ են կանգնել նրա դռան առաջ՝ հոշոտելու պատրաստակամությամբ, առանց անգամ փորձելու հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Պատասխանատվությունը չի կարող լինել միակ պահանջը, որն այս հասարակությունն ունի ուսուցչից։ Ուսուցիչն իրավունք ունի նաև պաշտպանության, արժանապատիվ աշխատանքային պայմանների, իր մասնագիտական խոսքի նկատմամբ հարգանքի և իր բարձրացրած խնդիրների նկատմամբ իրական ուշադրության։
Սա է երկակի չափանիշը։
Մի՛ փորձեք մեզ համոզել, թե պաշտպանում եք կրթությունը, եթե տեսնում եք միայն ուսուցչի սխալը, բայց չեք ուզում տեսնել այն միջավայրը, որտեղ նա ամեն օր աշխատում է։ Պաշտպանել երեխային և հարգել ուսուցչին իրար հակասող պահանջներ չեն։ Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով, ինչպես ուսուցչի իրավունքները չեն պաշտպանվում երեխայի նկատմամբ բռնությունն արդարացնելով։
Մեզ պետք է ոչ թե ուսուցչի կույր պաշտպանություն, այլ արդարություն՝ բոլորի համար, ոչ թե աղմուկ՝ մեկ դեպքի շուրջ, այլ հետևողական ուշադրություն՝ կրթության իրական խնդիրներին։ Որովհետև եթե այսօր ուսուցչին սովորեցնենք լռել, չբարձրաձայնել, չպահանջել և չպաշտպանել իր մասնագիտական արժանապատվությունը, վաղը նրա ձայնն այլևս ոչ ոք չի լսի։
Երբ արժեզրկվում է ուսուցիչը, արժեզրկվում է նաև կրթության մասին ճշմարտությունն ասելու նրա իրավունքը։ Իսկ երբ հասարակությունը դադարում է լսել ուսուցչին, առաջին հերթին տուժում է հենց այն երեխան, որի ապագան այդ հասարակությունը պնդում է, թե պաշտպանում է»։

«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան
3914:42
«Գիտությանը խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսն է տրամադրվել». Արմեն Այվազյան
14001:06
Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
603Երեկ, 00:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
24107.10.2026, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
90006.10.2026, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
32906.10.2026, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
37305.10.2026, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
37905.10.2026, 13:12