«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան

Վերլուծաբան Լևոն Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը․․․
Շաքի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների և ադրբեջանցի զինծառայողի ձերբակալման վերաբերյալ հնչեցին պաշտոնական մի շարք հայտարարություններ։ Նրա ձերբակալումից հետո ԱԱԾ-ն հայտարարեց, որ ադրբեջանական կողմից նախազգուշացվել էր դեռևս 2 օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, պաշտպանության նախարարը խոստովանեց, որ «թերություններ եղել են», իսկ Փաշինյանը տեղի ունեցածը որակեց որպես «սովորական քրեական հանցագործություն»։ Ընդ որում, առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական ողջ քարոզչամեքենան՝ վարչապետի գլխավորությամբ, մեկ շաբաթից ավելի փորձում էր հանրությանը համոզել, որ տեղի ունեցածը դիվերսիա չէ, այլ «կենցաղային միջադեպ»։
Վերջին 8 տարիներին սա թերևս առաջին դեպքը չէ, երբ որևէ իրադարձության վերաբերյալ ՀՀ պետական գերատեսչությունների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությանը հանրության առաջին արձագանքը լինում է․ «իսկ որքանո՞վ է այն արժանահավատ»։
Եզոպոսի հայտնի առակում հովիվ տղան գոռում էր «գայլե՜ր», երբ գայլեր չկային, և ի վերջո նրան դադարեցին հավատալ, երբ գայլերը հարձակվեցին։ Հայաստանում սյուժեն հակառակն է. պետությունը տարիներ շարունակ ասում էր՝ «գայլեր չկան», երբ դրանք կային, և հիմա նրան չեն հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ գայլերն իսկապես չկան։
Քաղաքագետ Ջոն Միրշայմերը «Ինչո՞ւ են առաջնորդները ստում» (2011) գրքում եկել է մի եզրակացության, որ առաջնորդներն ավելի հաճախ ստում են ոչ թե միջազգային գործընկերներին, այլ սեփական քաղաքացիներին, քանի որ վերջիններս, որպես կանոն, հակված են նրանց վստահելու։ Բայց վստահությունը սպառվող ռեսուրս է։ Հաննա Արենդթը նկարագրել է, թե ինչով է դա ավարտվում. «Եթե ձեզ անընդհատ ստում են, դրա հետևանքը կլինի ոչ թե այն, որ դուք կհավատաք ստին, այլ այն, որ այլևս ոչ ոք ոչնչի չի հավատա»։ Ստախոս կառավարությունը, հավելել է նա, ստիպված է անընդհատ վերաշարադրել սեփական պատմությունը։ Իսկ Վացլավ Հավելն իր «Անզորների ուժը» աշխատությունում նշում է․ «Քանի որ ռեժիմը սեփական ստերի գերին է, այն ստիպված է կեղծել ամեն ինչ։ Այն կեղծում է անցյալը։ Կեղծում է ներկան և կեղծում ապագան։ Կեղծում է վիճակագրական տվյալները։ Ձևացնում է, թե չունի ամենազոր և անսկզբունք ոստիկանական ապարատ։ Ձևացնում է, թե հարգում է մարդու իրավունքները։ Ձևացնում է, թե ոչ ոքի չի հետապնդում։ Ձևացնում է, թե ոչնչից չի վախենում։ Ձևացնում է, թե չի ձևացնում»։
Իշխանության սուտը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ թաքցնում է իրականությունը։ Այն փոխում է պետության և հասարակության միջև հարաբերությունների բուն կանոնները։ Սկզբում անհարմար փաստը հերքվում է, այնուհետև մասնակիորեն ընդունվում, իսկ հետո բացատրվում է, թե ինչու նախկին հայտարարությունները, իբր, չեն հակասել իրականությանը։ Պատասխանատվությունը տարրալուծվում է ձևակերպումների մեջ, իսկ քաղաքացիներին առաջարկվում է վստահել մի աղբյուրի, որի խոսքերի «հավաստիությունը» նրանք արդեն բազմիցս կարողացել են ստուգել գործնականում։ Քաղաքական հաղորդակցության մեջ սա պարզապես առանձին հաղորդագրությունների հավաստիության խնդիր չէ։ Սա տեղեկատվության աղբյուրի՝ պետության նկատմամբ վստահության քայքայումն է։ Իսկ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։
Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանում այս մեխանիզմը կրկնվել է անվտանգության, տարածքային կորուստների, բանակցությունների և մարդկային զոհերի հարցերում, մասնավորապես․
1․ Թուրքիայի հետ սահմանի բացում․
2022թ․ հունվարի 24-ին Փաշինյանը հայտարարել էր. «Հնարավոր է՝ այս տարի Թուրքիայի հետ սահմանը բացվի»։ Այնուհետև խոստացվել էր, որ դա տեղի կունենա 2023-ի ամռանը, իսկ 2024թ․ մարտին հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ընդունել էր. «ցավոք, դա դեռ տեղի չի ունեցել»։ 2025թ․ հոկտեմբերին Փաշինյանը «վստահ էր, որ այդ պահը մոտենում է», բայց չգիտեր՝ երբ։ Սահմանը մինչև այսօր փակ է, այդ թվում՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։
2․ Նախիջևանի հատվածում տարածքային կորուստներ․
2018թ․ ամռանը Փաշինյանը վստահեցնում էր, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանը ոչ մի բարձունք չի գրավել, և տարածքների նկատմամբ վերահսկողության առումով «ոչինչ չի փոխվել»։ Դեկտեմբերին ձևակերպումն այլ էր. դիրքերը տեղաշարժվել են՝ «երկու կողմից էլ»։ «Bellingcat»-ը, հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա, դա անվանել էր 1994թ․ պատերազմի ավարտից ի վեր տարածքների ամենախոշոր զավթումը։
3․ Արցախյան հակամարտության բանակցություններ․
2020 թվականի հունվարին ԱԳՆ-ն հայտարարում էր, որ այս պահին որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Ապրիլին ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել էր, որ սեղանին են փուլային կարգավորման փաստաթղթերը, իսկ Երևանը պատասխանել էր, որ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չկա, իսկ հինը մերժվել է։ 2025թ․ դեկտեմբերին կառավարությունը հրապարակեց բանակցային փաստաթղթերի փաթեթը, որում ներառված էր 2019թ․ նախագիծը, և ընդունեց, որ բանակցությունների գլխավոր առարկան բոլոր 7 շրջանների վերադարձն էր՝ «փաթեթային կամ փուլային տարբերակով»։
4․ ՀՀ օկուպացված տարածքներ․
2022թ․ սեպտեմբերին Փաշինյանը խոսել է 2021թ․ օկուպացված 40 քառակուսի կիլոմետրի և նոր հարձակումից հետո գրավված ևս 10 քառակուսի կիլոմետրի մասին։ Գլխավոր շտաբի պետը վստահեցնում էր, որ Ջերմուկի մոտ շրջափակման մեջ հայտնված ստորաբաժանումները, որոնք մնացել էին առանց ջրի և սննդի, հետ կքաշվեն։ Երկու տարի անց այնտեղ արդեն ամրություններ ու ճանապարհներ կային։ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիները Ծավից և Ներքին Հանդից հարավ մեր տարածք էին մտել դեռ 2020թ․ հոկտեմբերին։ Պաշտպանության նախարարությունը հերքում էր դա, իսկ Ներքին Հանդի մոտ առաջխաղացումը, ինչպես ցույց տվեցին CivilNet-ի հրապարակած արբանյակային լուսանկարները, շուրջ մեկ տարի թաքցվում էր։ 2023թ․ նոյեմբերի ԱԳ նախարար Միրզոյանը ԱԺ-ում խոստովանում է, որ օկուպացված է «ավելի քան 200 քառակուսի կիլոմետր»։
5․ Զոհերի թիվ․
2020թ․ նոյեմբերի 13-ին՝ հրադադարից երեք օր անց, Պաշտպանության բանակի զոհվածների ցուցակում 1339 անուն կար։ Հաջորդ օրը Առողջապահության նախարարությունը հայտնել է 2317 մարմնի մասին։ 2026թ․ սեպտեմբերին Քննչական կոմիտեի հրապարակած «վերջնական» թիվը 3833 է՝ գրեթե երեք անգամ ավելի։ Իսկ իրական վերջնական թիվը դեռ պարզ չէ։
6․ 44-օրյա պատերազմի ավարտը․
2021թ․ ապրիլին Փաշինյանը խոստովանում է, որ 2020թ․ նոյեմբերի 7-ի կեսօրին Գլխավոր շտաբի պետն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին։ Նոյեմբերի 7-ի երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը գրում է․ «Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար»։ Նոյեմբերի 9-ին Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտնում է, որ քաղաքն ամբողջությամբ դուրս է վերահսկողությունից։ Նույն օրվա երեկոյան վարչապետը գրում է, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Մի քանի ժամ անց ստորագրվում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
7․ Հայրենիքի և պարտության մասին․
2020թ․ սեպտեմբերի 27-ին Փաշինյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարել է․ «Ես պատրաստ եմ զոհվել հանուն մեր հայրենիքի»։ Նույն ելույթում՝ «եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում»։ 2021թ․ մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, նա հայտարարում է․ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է»։ Իսկ արդեն 2026թ․ հունիսին, խոսելով Արցախյան հակամարտության մասին, նա նշում է․ ««Ես հպարտ եմ, որ ձեզ դուրս եմ բերել այդ անհեռանկար կոնֆլիկտի թակարդից։ Ես հպարտ եմ դրա համար։ Ես երջանիկ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմից, կոնֆլիկտից…»։
Տնտեսագետներ Սերգեյ Գուրիևը և Դանիել Թրեյսմանը «Spin Dictators» (2022) գրքում ցույց են տվել, որ ժամանակակից ոչ ազատ իշխանությունը հենվում է ոչ այնքան վախի, որքան տեղեկատվության կառավարման վրա. նրա համար ավելի կարևոր է կոմպետենտ թվալը, քան իրականում կոմպետենտ լինելը։ Այդ պատճառով նա վատ լուրը ոչ թե հերքում է, այլ վերափաթեթավորում «դիրքերի տեղաշարժ», «մարտավարական նահանջ», «սովորական քրեական հանցագործություն» ձևակերպումներով։ Այս մոդելը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ իրականությունը չափազանց ակնհայտ չի դառնում։ Պատերազմում պարտությունը հենց այդպիսի պահ է։
Պետական գերատեսչությունների հանդեպ վստահության անկումը տեսանելի է նաև թվերով։ «Caucasus Barometer»-ի տվյալներով՝ 2019թ․ գործադիր իշխանությանը վստահում էր քաղաքացիների 71%-ը, իսկ չէր վստահում 12%-ը։ 2021թ․ պատկերը ճիշտ հակառակն էր՝ 13% վստահություն և 71%՝ անվստահություն։ Սա «հիբրիդային պատերազմի» արդյունք չէ, այլ իրականությունից պաշտոնական վարկածի շեղման ցուցիչը։
Բայց գլխավոր վտանգն այլ վայրում է։ Հաճախ առաջին ճշգրիտ տեղեկությունը ստացվել է Բաքվից, Մոսկվայից կամ արբանյակային լուսանկարներից՝ Նախիջևանի բարձունքների, բանակցային սեղանին դրված փաստաթղթի և Շուշիի մասին։ Հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով։
Եվ սա ավելի մտահոգիչ է այն համատեքստում, որ իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է ադրբեջանական թեզերը կրկնելու մեջ, թեև այդ «սուրբ» տեղը հենց ինքն է դատարկել։ Դառը հեգնանք. վեց տարվա ընթացքում Ալիևի սպառնալիքներն ավելի հուսալի են եղել, քան մեր կառավարության հավաստիացումները։ Արցախի հարցում իրականություն դարձան նրա գրեթե բոլորը սպառնալիքները՝ «ժամանակացույց տվեք, հեռացեք»-ից մինչև Արցախի ղեկավարության նկատմամբ «դատավարությունը»։ Չիրականացավ միայն հայերին տված խոստումը. «նրանց բոլոր իրավունքները երաշխավորված կլինեն»։ Սա մեր տեղեկատվական միջավայրի և հանրային հաղորդակցության ախտորոշումն է։
Հ.Գ. 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 22:31-ին, Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը, երկրորդելով 4 ժամ առաջ Փաշինյանի արված հայտարարությանը, դիմեց քաղաքացիներին. «Խնդրում ենք վստահել պաշտոնական տեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»։ 2 ժամ անց ստորագրվեց նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը։

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
3122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
6021:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10621:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
15921:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8220:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
15420:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
17319:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12718:36