Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում

Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
41
Երեկ, 23:30

Թուրքիան ինտենսիվ կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ F-35 կործանիչների վերաբերյալ։ Այս մասին CNN Türk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ալփասլան Քավաքլըօղլուն։

«F-35-ի հարցը մեր երկկողմ օրակարգում է։ Մեր պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս ուղերձներ է հղել և երկկողմանի քննարկել այս հարցը։ Վստահ եմ, որ մենք արդյունքի կհասնենք։ Մենք հատկապես ինտենսիվ կապի մեջ ենք առաջին վեց ինքնաթիռների վերաբերյալ», - ասել է նա։

Այս վեց F-35-ների համար Թուրքիան արդեն վճարել է, բայց դրանք պահվում են Միացյալ Նահանգների անգարներում։ Դրանց Անկարա տեղափոխումն այժմ անհնար է CAATSA օրենքի շրջանակներում ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանափակումների պատճառով։

«Իհարկե, մենք այս հարցում խնդիրներ ունենք։ ԱՄՆ-ի հետ կան խնդիրներ, որոնք երկար ժամանակ ձգձգվում են, ինչպիսին է CAATSA-ն։ Մենք ինտենսիվ աշխատում ենք դրանց վրա, և փոխադարձ խորհրդակցություններ են ընթանում։ Եվ այս հարցերի շուրջ առաջընթաց կա», - ասել է Քավաքլըօղլուն։

Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ դրական են տրամադրված սահմանված սահմանափակումների պատճառով առաջացած առկա դժվարությունները հաղթահարելու հարցում։ «Ե՛վ մենք, և՛ ամերիկյան կողմը շատ դրական ենք վերաբերվում դրան։ Ես կարծում եմ, որ մենք կարճ ժամանակում կլուծենք առկա խնդիրները», - ասաց Քավաքլիօղլուն։

2019 թվականին ԱՄՆ-ն Թուրքիային բացառեց F-35 ծրագրից, այն բանից հետո, երբ Անկարան սկսեց ստանալ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր։ Վաշինգթոնը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից S-400-ի տիրապետումը անհամատեղելի է F-35 ծրագրին նրա մասնակցության հետ։ Ավելի ուշ ԱՄՆ-ն սահմանափակումներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ՝ համաձայն CAATSA-ի։