Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Այսօր Հայաստանում համընդհանուր քաոս է»․ Մհեր Մելքոնյան

«Այսօր Հայաստանում համընդհանուր քաոս է»․ Մհեր Մելքոնյան
48
Այսօր, 17:24

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է պետականության, անվտանգության և սոցիալական համակարգերի խորքային ճգնաժամի մեջ։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, այլևս անհատական սխալների կամ կառավարչական բացթողումների հետևանք չէ. մենք ականատեսն ենք պետական ինստիտուտների, ազգային արժեքների և սոցիալական հենասյուների հետևողական փլուզմանը։
1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
Համընդհանուր գնաճի և սոցիալ-տնտեսական ծանր բեռի պայմաններում իշխանությունները ցուցաբերում են բացահայտ անտարբերություն սեփական քաղաքացու հանդեպ։
-Թոշակառուներին՝ 1000 դրամ, պաշտոնյաներին՝ աստղաբաշխական եկամուտներ. Սոցիալական արդարության մասին բոլոր հայտարարությունները փլուզվում են այն իրականության առաջ, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարներն աճում են աննախադեպ տեմպերով, իսկ տարեցների թոշակն ավելանում է ընդամենը 1000 դրամով։
-Հարված ամենախոցելիներին.
Գնաճի ֆոնին թաղման նպաստները վերացնելու նախաձեռնությունները խոսում է պետության սոցիալական գործառույթի կոլապսի մասին։
-Սոցիալական անզգայունություն.
Ամենօրյա հոգսերով ապրող քաղաքացուն աջակցելու փոխարեն՝ ուժային ու վարչական ճնշումներով քանդվում են մարդկանց ապրուստի միջոց հանդիսացող կրպակները՝ առանց արժանապատիվ այլընտրանք առաջարկելու։
2. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ
-Արշավ Եկեղեցու դեմ.
Մեր ազգային ինքնության հիմնասյունը հանդիսացող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող թիրախավորված քարոզչությունն ու կազմաքանդման փորձերը վտանգում են հասարակական համերաշխությունը։
-Զինված ուժերի անորոշություն.
Անվտանգային լրջագույն սպառնալիքների պայմաններում Զինված ուժերում տիրող անհասկանալի և վտանգավոր իրավիճակը թուլացնում է մեր պաշտպանունակությունն ու երկրի դիմադրողականությունը։
3.ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ
Մարզերում ընթացող ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ընտրությունների քարոզարշավը վերածվել է վարչական ռեսուրսի անհամաչափ կիրառման և անձի պաշտամունքի դրսևորման։
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պետական և համայնքային բյուջեների՝ այսինքն հենց հարկատու քաղաքացու փողերով իրականացված ենթակառուցվածքային աշխատանքները փորձում են մատուցել որպես «անձնական լավություն» կամ «նվեր» ժողովրդին։ Դա պետական մտածողության բացակայության և քաղաքական դատարկության ակնհայտ ապացույց է։
4. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Իշխանական ամբիոններից հնչող «խաղաղության օրակարգի» մասին միակողմանի թեզերը որևէ առնչություն չունեն իրականության հետ։
-Մինչ պաշտոնական Երևանը հանդես է գալիս անհասցե խաղաղասիրական հայտարարություններով, Ադրբեջանի հռետորաբանությունն ու ախորժակը օր օրի ընդլայնվում են՝ առաջադրելով նորանոր անընդունելի պահանջներ։ Միակողմանի զիջումների քաղաքականությունը ոչ թե բերում է խաղաղություն, այլ էլ ավելի է մեծացնում պատերազմի և նոր կորուստների վտանգը։
Այս ամենը պատահականություն չէ, այլ պետական կառավարման համակարգային ճգնաժամի հետևանք։ Ժողովրդավարության, սոցիալական արդարության և անվտանգության մասին խոստումները փոխարինվել են իրականությունից կտրվածությամբ և սեփական իշխանությունը ամեն գնով պահելու մոլուցքով։
Մեր երկրին անհրաժեշտ է լուրջ, պետականակենտրոն և պատասխանատու քաղաքականություն, որտեղ քաղաքացին պաշտպանված է, պետական ինստիտուտները՝ ամուր, իսկ արտաքին քաղաքականությունը՝ արժանապատիվ։
Այսօր Հայաստանում համընդհանուր քաոս է...»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան