«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ՉԿԱ՞Ն։
ԴԱ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ։
Անդրադարձել էի Երևանի թիվ 38 ավտոբուսում 13-ամյա աղջկա հետ տեղի ունեցած միջադեպի մասով, երեխայի մայրը նոր հրապարակմամբ տեղեկացրել է, որ երկարատև զրույց է ունեցել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։ Նա հատուկ ընդգծել է վերջինիս պատրաստակամությունը՝ լսելու և օբյեկտիվորեն պարզելու միջադեպի հանգամանքները։
Սակայն պարզվել է, որ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել։
Մոր փոխանցմամբ՝ վերահսկողության աշխատակցուհին այժմ պնդում է, թե երեխան ինքն է ասել, որ 17 տարեկան է, և ինքնակամ է իջել ավտոբուսից՝ հայտարարելով, որ հենց այդ կանգառում պետք է իջնի։
Մինչդեռ մայրը պնդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նույն աշխատակցուհին անձամբ հայտնել է, որ երեխային իջեցրել է քարտը լիցքավորելու նպատակով։
Ի դեպ, խոսքը «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող կանգառի մասին է, մինչդեռ երեխան բնակվում է Ավանում։
Ստացվում է՝ երկու իրար հակասող վարկած։ Եվ հիմա ամեն ինչ հանգեցվում է նրան, որ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել։
Բայց մի՞թե տեսախցիկների բացակայությունը նշանակում է, որ այլևս հնարավոր չէ պարզել իրականությունը։
Կարծում եմ՝ ոչ։
Առաջարկում եմ միջադեպի հանգամանքները պարզելու համար իրականացնել հետևյալ գործողությունները։
1. Պարզել ավտոբուսի վարորդի ինքնությունը և ստանալ նրա բացատրությունը։
Վարորդը գտնվել է ավտոբուսում և կարող էր ականատես լինել երեխայի ու վերահսկողի խոսակցությանը, ինչպես նաև երեխայի իջնելու հանգամանքներին։
2. Փորձել հայտնաբերել և հարցումներ կատարել ավտոբուսի ուղևորներին։
Ավտոբուսում եղել են այլ մարդիկ։ Հնարավոր է՝ նրանցից ոմանք տեսել կամ լսել են տեղի ունեցածը։ Նրանց վկայությունները կարող են էական նշանակություն ունենալ։
3. Ուսումնասիրել ուղեվարձի վճարման էլեկտրոնային տվյալները։
Քանի որ վճարումները կատարվում են էլեկտրոնային համակարգով, պետք է պարզել՝ արդյո՞ք հնարավոր է վերականգնել տվյալ ավտոբուսում տվյալ ժամին իրականացված վճարումների ժամանակագրությունը։
Մայրը պնդում է, որ երեխայի փոխարեն վճարել է հայրը։ Հնարավոր է՝ համապատասխան գործարքի տվյալներով հնարավոր լինի ստուգել նաև այս հանգամանքը։
4. Ուսումնասիրել նաև երկրորդ ավտոբուսի տվյալները։
Երեխան միջադեպից հետո նստել է մեկ այլ ավտոբուս, որտեղ նույնպես վիճաբանություն է առաջացել ուղեվարձի շուրջ, և, ըստ ներկայացված տեղեկությունների, մեկ այլ կին վճարել է երեխայի փոխարեն։
Պետք է պարզել երկրորդ ավտոբուսի երթուղին, շարժման ժամը, վարորդի ինքնությունը և ստուգել՝ արդյո՞ք այնտեղ առկա են տեսահսկման նյութեր։
Եթե տեսագրություններ կան, անհրաժեշտ է անհապաղ ապահովել դրանց պահպանումը։
Հնարավոր է՝ երկրորդ ավտոբուսի տվյալներն ու ուղևորների վկայությունները օգնեն վերականգնել դեպքերի հաջորդականությունը։
5. Ստուգել մոր և վերահսկողի հեռախոսազրույցի հանգամանքները։
Մայրը հայտնել է, որ իր հեռախոսում պահպանված է զանգի ճշգրիտ ժամը։
Կարծում եմ՝ անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով դիմել նաև «Վիվասելի» օպերատորին՝ պարզելու զանգի փաստը, ժամը և տևողությունը հաստատելու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի ձայնագրությանը, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք այն առհասարակ գոյություն ունի և հասանելի է իրավական ընթացակարգով։ Սովորական հեռախոսազրույցների բովանդակությունը բջջային օպերատորի մոտ պարտադիր չէ, որ ձայնագրվի կամ պահպանվի։
Պետք է նաև պարզել՝ արդյո՞ք խոսակցությունը ձայնագրվել է մասնակիցներից որևէ մեկի հեռախոսով։
6. Ստուգել հնարավոր այլ տեսագրությունները։
Եթե ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, հնարավոր է՝ կանգառի հարակից տարածքում գործել են արտաքին տեսահսկման համակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հաստատել երեխայի իջնելու ժամանակն ու հանգամանքները։
Այս ամենը հնարավոր ստուգման ուղղություններ են, որոնց առկայությունն ու կիրառելիությունը պետք է պարզեն համապատասխան մարմինները։
Պարո՛ն Ավինյան, այս միջադեպի ուսումնասիրությունը չպետք է ավարտվի միայն այն պատճառաբանությամբ, որ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել։
Անհրաժեշտ է ոչ թե ընտրել մոր կամ վերահսկողի վարկածներից մեկը, այլ հնարավոր բոլոր օբյեկտիվ տվյալների համադրմամբ պարզել իրականությունը։
Եվ վերջապես՝ կա մի հարց, որը որևէ պարագայում չպետք է դուրս մնա ուշադրությունից։
Նույնիսկ եթե երեխան իսկապես ինքն է իջել ավտոբուսից, արդյո՞ք դա տեղի է ունեցել իր ազատ որոշմամբ, թե՞ վերահսկողի գործողությունների և պահանջների հետևանքով։
Իսկ եթե վերահսկողն իսկապես երեխային իջեցրել է քարտը լիցքավորելու համար, ապա ո՞ր իրավական ակտն է նրան տվել այդպիսի լիազորություն։
Մենք խոսում ենք 13-ամյա երեխայի մասին։
Երեխայի անվտանգությունը չի կարող կախված լինել վերահսկողի սուբյեկտիվ գնահատականից, թե նա քանի տարեկան է երևում։
Պահանջում եմ միջադեպի անաչառ, բազմակողմանի ուսումնասիրություն և դրա արդյունքների հրապարակային ներկայացում։
Տեսախցիկների բացակայությունը չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն։
Երեխայի անվտանգությունն ու իրավունքները պետք է պաշտպանված լինեն նաև այն ժամանակ, երբ տեսախցիկ չկա։

«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
6216:00
«Թուրք-սելջուկները վխտում են մարզադաշտում»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
6415:54
«Հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չեն». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
8014:30
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
7714:24
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
19314:13
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8914:00
«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
7913:30
COP31. դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
8312:42