«Ասադը համարում էր, որ, ինչ էլ լինի, Ռուսաստանն ու Իրանը չունեն «իրեն այլընտրանք». Հակոբ Բադալյան
191
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ., 02:12
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գուցե հնչի ոչ պոպուլյար այն, ինչ կասեմ հիմա: Ամիսներ առաջ ծավալվեց մի պրոցես՝ Էրդողանի ու Ասադի հանդիպման նախապատրաստության, որտեղ նկատելի միջնորդական ջանք էր գործադրում Ռուսաստանը, հանդիպումների որոշ մաս տեղի էր ունենում Ռուսաստանում: Ասադը, սակայն, արտահայտում էր պայման՝ Թուրքիան պետք է դուրս գա Սիրիայի տարածքից: Երբ դու ունես բավարար ուժ ինքդ քեզ պաշտպանելու համար, քո պայմանները կարող են լինել շատ կոշտ ու աներեր, բայց, երբ դու գտնվում ես ուրիշի խնամակալության ներքո, երբ ինքդ չես կարող տեր կանգնել քո իսկ դրած պայմաններին, այդօրինակ վարքագիծը կարող է դառնալ ճակատագրական և ողբերգական: Ասադը թերևս համարում էր, որ, ինչ էլ լինի, Ռուսաստանն ու Իրանը չունեն «իրեն այլընտրանք», իսկ Սիրիան հո «չե՞ն հանձնի»: Սա թերևս ամենաճակատագրական մտայնությունն է, որ կարող է թույլ տրվել որևէ գերտերության, որևէ ուժային կենտրոնի հանդեպ, առավել ևս՝ կայսերական պատմա-քաղաքական հսկա հետագծով սուբյեկտի հանդեպ: Այդ սուբյեկտներն ունեն ժամանակի ու տարածության չափման բացարձակապես այլ նշաձողեր ու բանաձևեր, այլ հոգեբանություն: Ժամանակի ու տարածության մեջ երկրները նրանց համար ընդամենը շախմատային մեծ խաղատախտակի վանդակներ են՝ պայմանական 64-ից պայմանական՝ 1-ը: Երբ դու համարում ես, որ գերտերությունը չունի քեզ «այլընտրանք», կամ ընդհանրապես՝ չունի այլընտրանք, և նրա հետ հարաբերությունդ կառուցում ես այդ «հենակետով», դու փորում ես քո իսկ «գերեզմանը»՝ բառի պատկերավոր, երբեմն նույնիսկ բուն իմաստով: Այս դեպքում Ասադի համար գուցե եղան ավելի բարեհաճ և նրան անխոհեմության համար պատժեցին քաղաքականապես, ոչ ֆիզիկապես: Գերտերությունները, առավել ևս՝ միջուկային, այլընտրանք ունեն միշտ, քանի դեռ գոյություն ունեն: Հետևաբար, եթե գոյություն ունեն, ուրեմն ունեն այլընտրանք: Այո´, կարող են ընտրել նահանջը, բայց դրա համար եմ նշում, որ ժամանակի ու տարածության իրենց չափումը այլ հարթության վրա է: Այն, ինչ մեր աչքում իրենց նահանջն է, իրենց աչքում դա «ռազմավարական համբերատարության» մի դրվագ է՝ նվազագույնը: Ինչո՞ւ նվազագույնը: Որովհետև, կա նաև մեկ այլ հանգամանք, «մեդալի հակառակ կողմը», որը դարձյալ չափման բանաձևի խնդիր է: Կարող է պատահել, որ քո ֆորմալ պատասխանատվությունը քեզ կաշկանդում է հարցերում, որոնք շատ ավելի արդյունավետ է հնարավոր լուծել, եթե ազատվում ես ֆորմալ պատասխանատվությունից: Որովհետև խոսքը նաև սուբյեկտների մասին է, որոնք աշխարհաքաղաքականությունը վարում են ոչ միայն հրապարակային, այսպես ասած ֆորմալ ռեսուրսներով, այլ նաև՝ ոչ ֆորմալ»: