Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պատերազմում միայն պաշտպանական մարտեր վարելն ուղղակի ինքնասպանություն է»․ Վահե Լոռենց

«Պատերազմում միայն պաշտպանական մարտեր վարելն ուղղակի ինքնասպանություն է»․ Վահե Լոռենց
179
Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 14:24

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Մարտավարություն թե՞ ռազմավարություն
Մարտավարությունը միայն տեղային փոքրիկ խնդիրներ է լուծում, ռազմավարությունն ունի հեռահար նպատակներ։ Չգիտեմ, այս պատերազմում մեր զինվորականներն ունե՞ն մշակած հեռահար ռազմավարական պլաններ, բայց Ադրբեջանն ունի՝ Արցախի ու շրջակա շրջանների, ՀՀ հարավային մասի գրավումը։
Ցանկացած պատերազմում միայն պաշտպանական մարտեր վարելն ուղղակի ինքնասպանություն է։ Բայց, խոսքը տանք պատմությանը։
Արարատյան արքաները ցանկացած պատերազմում ռազմավարական խնդիրներ էին դնում՝ պաշտպանվելով գլխավոր ախոյան Ասորեստանից՝ ըստ հարկի պատերազմական գործողությունները տեղափոխում էին թշնամու տարածք, ստեղծում դաշինքներ, հողեր նվաճում․ մի խոսքով՝ ակտիվ արտաքին քաղաքական կուրս ու նվաճողական պատերազմներ։
Երվանդունիները մեծամասամբ զերծ մնացին այդ քաղաքականությունից և արդյունքում՝ դարերով մնացին Աքեմենյան Պարսկաստանին ստորադաս պետություն։
Արտաշեսյան արքաները գրեթե կրկնեցին Արարատյան արքաների ռազմավարությունն ու կերտեցին զորեղ աշխարհակալություն։
Արշակունիները գոնե 301 թվականից սկսած (վերջին ակտիվ նվաճողական քաղաքականություն վարողը Խոսրով Ա Մեծն էր) սոսկ մարտավարական պատերազմներ էին վարում․ այսինքն, պաշտպանվելով Պարսկաստանից՝ երբեք հակահարձակման չանցան։ Պաշտպանվելով Հռոմի հարձակումներից՝ հակահարված չհասցրեցին․․․ չկար ռազմավարություն, այլ միայն մարտավարական լոկալ պատերազմներ էին վարում։ Արդյունքը՝ Հայաստանի կործանումն էր։
Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին Հայաստանում արաբներին ջախջախելուց հետո արշավեց ու ավարառեց արաբական տիրույթները՝ Հյուսիսային Միջագետքը։ Արդյունքը երկար սպասեցնել չտվեց․ արաբներն իրենք հայերիս համար նպաստավոր դաշինք ու պայմանագիր առաջարկեցին։
Բագրատունի արքաները շատ ավելի թուլամորթ էին։ Զրո արտաքին քաղաքականություն։ Միայն առևտուր։ Եվ որևէ մեկ պատերազմում անգամ հակահարձակման չանցան, թշնամու տարածքներ չմտան։ Շատ չանցած՝ կործանվեց պետությունը Բագրատունի արքաների անատամ քաղաքականության ու թուլամորթության արդյունքում։
Զաքարյանները ռազմավարական խնդիրներ լուծեցին և կարճ ժամանակաշրջանում զորեղ աշխարհակալություն ստեղծեցին։ Այլ բան էր, որ այն բեկվեց մոնղոլական արշավանքների արդյունքում։
Կիլիկիայի հայոց տիրակալները մինչև Հեթում Ա՝ ակտիվ ռազմավարություն էին կիրառում։ Անգամ նախահարձակ էին լինում սելջուկների, Բյուզանդիայի, խաչակիրների դեմ ու զորեղ պետություն կերտեցին։ Հեթում Ա թուլամորթից սկսած՝ փոխվեց տակտիկան․ միայն մարտավարական փոքրիկ խնդիրներ էին լուծվում պատերազմների ժամանակ։ Կորցրինք Կիլիկիան։
Արցախյան առաջին պատերազմում բեկում եղավ 1992-ից հետո, երբ հայոց բանակն անցավ ակտիվ ռազմավարական պայքարի ու պատերազմական գործողությունները տեղափոխեց թշնամու տարածք։ Արդյունքը երկար սպասեցնել չտվեց․․․
Պատմությունը հեքիաթ չէ․ պատմությունը դաս է, և հաղթում է նա, ով լավ է սերտում այդ դասը․․․»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց