Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դասեր քաղելու փոխարեն հիմա էլ հայհոյում են քննադատողներին, պիտակներ կպցնում»․ Արմինե Օհանյան

«Դասեր քաղելու փոխարեն հիմա էլ հայհոյում են քննադատողներին, պիտակներ կպցնում»․ Արմինե Օհանյան
181
Այսօր, 01:30

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկզբում իբրև թե բարեփոխիչներ էին, որոնք պետք է լավ կյանք բերեին մեզ, վերացնեին արատավոր երևույթները, որոնցից հանրությունը դժգոհ էր․ կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը: Եվ մարդիկ այնքան ոգևորված էին, որ անգամ իշխանության մեջ գտնվողները, բարձր պաշտոն ունեցողներն այդ «կուտը կերան» և հավատացին, որ բացվում է հայոց ոսկե դարաշրջանը: Շատ քիչ մարդիկ էին գիտակցում, որ դա ընդամենը միֆ է և երբեք իրականություն չի դառնալու։ Պահանջվեց մի քանի տարի, բազում կորուստներ, պատերազմ ու ավեր, որ կամաց-կամաց այդ գիտակցությունը հասնի նաև մյուսներին։ Քանի որ բոլորով մասնակցել էին իշխանափոխությանը և հույսեր էին կապել, շատ երկար ոչ մի կերպ չէին ուզում հավատալ, որ հենց բոլորով էլ սխալվել են․․․ Քննադատողներին «չար ու նախանձ» էին անվանում, ամեն մի մետր ասֆալտի, ամեն նորանշանակ պաշտոնյայի, ամեն պաթոսախեղդ ելույթի ու կեղծ խոստման մեջ նոր կյանքի, պայծառ ապագայի հույս տեսնում: Շատ ուշ սկսվեց սթափության, հիասթափության, իրատեսության փուլը, և մարդիկ սկսեցին հասկանալ, որ սխալվել են, որ հայտարարված բարի ցանկությունները կյանքի կոչելու համար նաև խելք, կառավարման ունակություններ, գիտելիքներ ու լայնախոհություն է պետք, մի քանի քայլ առաջ հաշվելու ունակություն, փորձ, քննադատությունները լսելու, սխալները շտկելու կարողություն: Եվ ամենակարևորը՝ աթոռը երկրից ավելի շատ սիրողները չեն կարող որևէ լավ բան անել։ Ու ինչ-որ պահից ձախողված իշխանավորներն ուղղակի ատելությամբ լցվեցին իրենց քննադատողների նկատմամբ, սկսեցին անասելի ջանքեր գործադրել նրանց լռեցնելու, պատժելու համար, օրենքն ու միջազգային նորմերը խախտելով՝ օրենքներ ընդունել, որ պատժեն իրենց քննադատողներին՝ դատարան ու բանտ ուղարկեն, վարկաբեկեն: Եվ ոչ թե դասեր քաղեցին իրենց անհաշիվ սխալներից, այլ կատաղի եռանդով սկսեցին կրկնել այդ սխալներն ու արդարացնել: Հիմա արդեն անզորությունից հայհոյում են քննադատողներին, պիտակներ կպցնում, փորձում վերադաստիարակել։ Իսկ մի փոքր մտածելու ունակություն ունեցող իշխանությունը կհասկանար, որ այսքան շատ սխալներն ու կորուստենրը չէին կարող պայմանավորված լինել օբյեկտիվ իրականությամբ, դրա հիմքում իրենց հավաքական տգիտությունն է, ամբարտավանությունը, դատարկ ու անհայրենիք էությունը»:

Աղբյուրը`   Արմինե Օհանյան