Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՄԱԿ-ի 98 երկիր առաջարկություն է ներկայացրել Հայաստանին՝ Մարդու իրավունքները հարգելու համար». Հովհաննես Իշխանյան

«ՄԱԿ-ի 98 երկիր առաջարկություն է ներկայացրել Հայաստանին՝ Մարդու իրավունքները հարգելու համար». Հովհաննես Իշխանյան
182
Երեկ, 23:24

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ «ՄԱԿ-ի 98 երկիր առաջարկություն է ներկայացրել Հայաստանին՝ Մարդու իրավունքները հարգելու համար:

Առաջարկությունները հիմնված են եղել Հայաստանի քաղաքացիական հասարակության զեկույցների հիման վրա, և Հայաստանը մինչև 2025թ. սեպտեմբեր պիտի ասի՝ կատարո՞ւմ ա, էդ առաջարկությունները, թե՞ ոնց։

Առաջարկությունների մի մասն արվել է «ՀայաՔվե»-ի և չորս կազմակերպությունների կոալիցիայի, որոնք են՝

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն,

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը,

Արդյունավետ կառավարություն հիմնադրամը,

Ակն ընդ ական վավերագրողների համայնքը:

Այսօր մամուլի ասուլիսին մանրամասներ ներկայացրինք․ մասնավորապես, թե ինչպես է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բացակայում վերջին հինգ տարվա՝ Հայաստանում ճչացող իրավունքների ոնտահարումները։

Ասուլիս. ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը

Թե ինչպես է Հայաստանը խուսափում, շրջանցում խոսելուց, որ հենց Ադրբեջանն է էթնիկ զտման ենթարկել հայերին Արցախից։

Ներկայացրինք, թե մեր զեկույցներում, որ իրավախախտումներին ենք անդրադարձել, և հետագա անելիքների մասին խոսեցինք, և թե ինչ առաջարկություններ են տվել երկրները։

Իմփիչմենթից էլ հարց եղավ։

Հայաստանի բոլոր կորուստները զուգորդվել են մարդու իրավունքների ոտնահարումներով։ Եթե պետությունը կատարեր իր պոզիտիվ պարտականությունը՝ հարգեր և պաշտպաներ մարդու իրավունքները, չէին կարող լինել կորուստները։

Սրանք այն առաջարկություններն են, որոնք վերաբերում են քաղաքական և քաղաքացիական իրավունքներին

Ավստրալիա

Փոփոխել 2021 թվականի քաղաքացիական օրենսգիրքը՝ վերացնելով վիրավորանքի և զրպարտության համար սահմանված անհամաչափ տուգանքները, որոնք խոչընդոտում են լրագրողների ազատ գործունեությունը։

Դադարեցնել կալանքի երկարատև նախաքննական կիրառումը և ներդնել մեխանիզմներ՝ դրա տևողությունը ողջամիտ ժամկետի սահմաններում պահելու համար։

Ավստրիա

Վերացնել ոստիկանության և արդարադատության համակարգերում առկա բացթողումները, այդ թվում՝ ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերը, արդարադատության սահմանափակ մատչելիությունը՝ ծանրաբեռնված դատարանների պատճառով, կալանքի անհամաչափ կիրառումը նախաքննության ընթացքում, ինչպես նաև կալանավորված անձանց մարդու իրավունքների խախտումները։

Բարելավել լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը՝ այդ թվում պայքարելով ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման դեմ, ինչպես նաև նպաստելով մեդիա դաշտում բազմազանությանն ու անկախությանը։

Բանգլադեշ

Ուժեղացնել ջանքերը՝ իրավապահ մարմինների և դատական իշխանության կողմից խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի օպերատիվ, համակողմանի և անաչառ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Բելգիա

Զարգացնել իրավապահ մարմինների կարողությունները, որպեսզի իրականացնեն մանրամրկիտ և արդյունավետ հետաքննություններ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերի համար, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանների դեմ ուղղվածներին։

Բրազիլիա

Ձեռնարկել միջոցներ՝ իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի և ուժի անհամաչափ կիրառման դեպքերի պատասխանատվությունը ուժեղացնելու համար, ինչպիսիք են կարգապահական ընթացակարգերի բարելավումը։

Կամբոջիա

Առավել ամրապնդել օրենքի գերակայությունը, ապահովել դատական իշխանության անկախությունը։

Կոլումբիա

Երաշխավորել խաղաղ հավաքների իրավունքը, հատկապես ռիսկային խմբերի համար, հատկապես իրավապաշտպանների համար, և ապահովել նրանց անվտանգությունն ու պաշտպանությունը՝ չսահմանափակելով նրանց միավորվելու ազատությունը։

Կոստա Ռիկա

Ամրապնդել խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանությունը։

Էստոնիա

Միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հանրության մասնակցության դեմ ռազմավարական հայցերի չարաշահումը։

Ֆինլանդիա

Միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի չարաշահումը, որոնք խոչընդոտում են լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների աշխատանքը։

Գերմանիա

Ուժեղացնել դատական համակարգի բարելավմանն ուղղված ջանքերը, մասնավորապես ապահովել դատարանների անկախությունը և դատավորների թափանցիկ ընտրությունը։

Ձեռնարկել միջոցներ՝ պաշտպանելու խոսքի ազատությունը, և - ստեղծել բարենպաստ միջավայր լրագրողների, իրավապաշտպանների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության համար։

Ցուցաբերել մարդու իրավունքների և իրավապահների հանդեպ լիարժեք հարգանք՝ հիմնելով ժամանակակից ոստիկանություն և քրեակատարողական հիմնարկների համակարգ։

Լատվիա

Ապահովել անվտանգ և բարենպաստ հարգալից միջավայր առցանց և անցանց լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների համար՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան։

Լիտվա

Խրախուսել հավաքների և միավորումների ազատությունը՝ ստեղծելով անվտանգ և հնարավորություն ընձեռող միջավայր, որտեղ մարդիկ ազատ են վախի և հաշվեհարդարի սպառնալիքից։

Դիտարկել լրացուցիչ միջոցների ձեռնարկումը՝ լրագրողների և մեդիայում այլ աշխատողների անվտանգությունն ապահովելու նպատակով, այդ թվում՝ հանրային մասնակցությունը ճնշելու նպատակով օգտագործվող ռազմավարական դատական հայցերից պաշտպանելու ուղղությամբ։

Չիլի

Ապահովել արդարադատության արդյունավետ մատչելիություն՝ դատարանների գերծանրաբեռնվածությունն ու կուտակված գործերը հաղթահարելու համար տրամադրելով անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ։

Նորվեգիա

Իրականացնել արագ, անկախ և արդյունավետ քննություն մարդու իրավունքների պաշտպանների դեմ հարձակումների վերաբերյալ՝ ապահովելու համար, որ մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության։ Եվ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու և նման հարձակումները կանխելու համար։

Լեհաստան

Բացահայտել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները, հետաքննել, հետապնդել և պատժել նման արարքները։

Բարելավել իրավապահ մարմինների համար մարդու իրավունքների վերաբերյալ ուսուցումը։

Ռումինիա

Մեծացնել ջանքերը մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը սպառնալիքներից և ոտնձգություններից՝ ապահովելով անվտանգ միջավայր քաղաքացիական հասարակության համար»։