Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող քանդել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հիմքը»․ Սեյրան Օհանյան

«Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող քանդել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հիմքը»․ Սեյրան Օհանյան
270
Երեկ, 15:32

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ելույթը՝ հունիսի 6-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Ներկայացնում ենք ելույթի թարգմանված տարբերակը․ «Հարգելի Վալենտինա Իվանովնա, հարգելի գործընկերներ,
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անունից թույլ տվեք ողջունել ձեզ ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ 80 տարի առաջ Խորհրդային Միության ժողովուրդները ուս ուսի տված ջախջախեցին 20-րդ դարի ամենաանմարդկային գաղափարախոսությունը՝ նացիզմը։ Այս հաղթանակը ոչ միայն ռազմական էր, այլև բարոյական՝ արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության հաղթանակ։ Այն հնարավոր դարձավ մեր միլիոնավոր նախնիների նվիրվածության շնորհիվ, ովքեր զոհվեցին ապագա սերունդների ազատության համար։ Մեծ հաղթանակի 80-ամյակը ոչ միայն հարգանքի և հիշողության տուրք է, այլև, առաջին հերթին, պատասխանատվություն։ Ներկայիս սերունդները պարտավոր են պաշտպանել այն կեղծիքից և աղավաղումից։ Ցավոք, Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտությունը պղծվում է նաև Հայաստանում, և հանրային հեռուստատեսության պաշտոնյաների կողմից։ Մենք դատապարտում ենք այս ամոթալի գործողությունները և վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման։
Գործընկերներ, մայիսի 9-ը պարզապես մեծ տարեթիվ չէ։ Այն կենդանի բարոյական վկայություն է, որը շարունակում է ոգեշնչել մեզ։ Հայ ժողովրդի համար մայիսի 9-ը դարձավ եռակի հաղթանակի օր՝ հաղթանակ նացիզմի նկատմամբ, պատմական հայկական Շուշի քաղաքի ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում, որը ոտքի կանգնեց իր ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։ Այսօր, ինչպես 80 տարի առաջ, մենք բախվում ենք Ադրբեջանի կողմից ագրեսիայի և էթնիկ անհանդուրժողականության դրսևորումների հետ։ Արցախցի հայերը վտարվեցին իրենց պատմական հողից։ Սա բռնի վտարում էր՝ բռնության և ցեղասպանության սպառնալիքի ներքո։ Հայերն Արցախում ապրել են ավելի քան երեք հազար տարի՝ սա մեր պատմությունն է, մեր արմատները, մեր սրբավայրերը։ Մենք վստահ ենք, որ երկարատև խաղաղությունը կարող է հիմնված լինել հակամարտության արդարացի կարգավորման վրա, այլ ոչ թե ցեղասպանության իրական արդյունքների վրա։ Ագրեսորի հետ զիջախաղը միայն գրգռում է նրա ախորժակը։ Ահա թե ինչով են այսօր, ցավոք, զբաղված Հայաստանի իշխանությունները։ Հայ բանտարկյալների և Արցախի օրինական ընտրված ղեկավարների նկատմամբ Բաքվում շարունակվող ամոթալի դատավարությունները չեն նպաստում արդար խաղաղությանը կամ երկարաժամկետ տարածաշրջանային կայունությանը։ Վստահ եմ, որ բոլորը լավ գիտակցում են, որ նրանց դեմ առաջադրված մեղադրանքները շինծու են, և որ տեղի ունեցողը քաղաքական կոտորած է։ 21-րդ դարում մենք ականատես ենք լինում մշակութային ցեղասպանության Արցախում. ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձաններ։ Այս ամենը արվում է մեկ նպատակով՝ վերացնել Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերը և վերաշարադրել նրա ժողովրդի քրիստոնեական պատմությունը։ Ահա թե ինչու է կարևոր այս հանդիպման ժամանակ նշել, որ մենք՝ որպես Հաղթանակի ժառանգորդներ, պարտավոր ենք ոչ միայն պահպանել նրա հիշատակը, այլև դեմ լինել բռնության և կեղծիքների նոր ձևերին։ Լռությունն ու անգործությունն անընդունելի են. հենց այս վերաբերմունքն էր, որ իր ժամանակին ծնունդ տվեց նացիզմին։ Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ մեր պատմական կապը, դաշնակցային հարաբերությունները և ազգերի եղբայրությունը արժեքներ են, որոնք չպետք է դառնան ներկայիս քաղաքական իրավիճակի պատանդ։ Վստահ եմ, որ ոչ մի արտաքին հանգամանք չի կարող քանդել հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության հիմքը։ Մենք միասին ենք հաղթել և պետք է միասնական մնանք նոր մարտահրավերների առջև»։

Աղբյուրը`   Սեյրան Օհանյան