Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան

«Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան
267
Այսօր, 11:42

Նորք Մարաշ ԲԿ-ում ապրիլի 27-ին տեղի ունեցած մահվան ողբերգական դեպքի մասին ՄԱՄՈՒԼ.am-ի հրապարակումից հետո, խմբագրություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, ահազանգել նույն բժիշկների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին՝ խնդրելով անդրադառնալ դրանց։ Խմբագրությունը հավաքագրում է միջադեպերը և առաջիկայում կանդրադառնա բոլոր դեպքերին։
Ներկայացնում ենք Նորք Մարաշ ԲԿ-ում Լյուսյա Մխիթարյանի մահվան ողբերգական դեպքը, որի մասին ահազանգել է ամուսինը՝ Մհեր Խալաթյանն ու տեղեկացրել, որ առաջիկա օրերին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատախազություն կներկայացվի հաղորդում՝ Գագիկ Հեբոյանին և Քրիստինե Պողոսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ներկայացնում ենք զրույցի ամբողջական սղագրությունը։
«Կինս՝ Լյուսյա Մխիթարյանը, 75 տարեկան էր, 44 տարվա մանկավարժ։ Ինքնազգացողությունը երբեմն վատանում էր։ Դիմեցինք Շենգավիթ ԲԿ, որտեղ, հետազոտությունից հետո պարզվեց, որ առկա է սրտի կլապանի խնդիր և անհրաժեշտ է վիրահատություն։ Գնացինք Նորք Մարաշ ԲԿ, որը մեր ճակատագրական սխալն էր։ Այստեղ ևս ասացին, որ վիրահատությունն անհապաղ անհրաժեշտություն է։
Այդ պահից հայտնվեց այդ Քրիստինե Պողոսյանը, ով անընդհատ մատնանշում էր, որ Հեբոյանը պետք է վիրահատի․ «Չնայած ձեր կինը 75 տարեկան է, սակայն դա կապ չունի, գնացեք 4,5 միլիոն դրամ վճարեք վիրահատության համար, նաև մյուս հետազոտությունների, որպեսզի վիրահատության օր նշանակենք»։
Այդ ընթացքում մի քանի անգամ այցելեցինք հետազոտությունների, որի ընթացքում Քրիստինե Պողոսյանն իրեն պահում էր չափազանց ագրեսիվ և բժշկին ոչ հարիր։ Կինս հյուծված էր, վախենում էր վիրահատությունից, այնուամենայնիվ, ցանկանում էր վիրահատվել, կազդուրվել և տարբեր հարցեր էր տալիս։ Ամեն հարցից հետո, այս Քրիստինե Պողոսյանն ագրեսիվ, կոպիտ տոնով էր պատասխանում․ «Ի՞նչ եք անընդհատ հարցեր տալիս», «ձեզ ասում ենք՝ լսեք», «տենց պտի լինի», «երբ ասեմ՝ էն վախտ էլ կգաք», նման ոճով էր խոսում կնոջս հետ։

Մեզ հենց վիրահատության օրն ասացին․ «Մինչև բոլոր վճարումները չկատարեք, վիրահատությունը չենք սկսի»։ Դա հոկտեմբերի 21-ն էր։ Բանկով վճարեցինք 4,5 միլիոն դրամը։
Հաջորդ օրը կնոջս տարան վիրահատության։
Ասացին, որ վիրահատությունը տևելու է 3-4 ժամ։ Սակայն, վիրահատությունը ընթացավ 12:00-21։00-ը։ Սկսեցի կասկածել, որ ինչ որ բան այն չէ։
Վիրահատությունն ավարտվեց, մեզ ասացին՝ ամեն ինչ հրաշալի է։ Շատ ուրախացանք, գնացինք տուն, քանի որ այնպիսի փակ համակարգ են ստեղծել, որ մուտք գործելու, հիվանդին տեսնելու որևէ հնարավորություն չկա։ Այսինքն, հիվանդի հետ ինչ էլ անեն, վիրահատության ընթացքում ինչ սխալ էլ թույլ տան, որևէ մեկը չի կարող տեսնել, կամ իմանալ։
Հաջորդ օրը բժիշկն ասաց․ «Ամեն ինչ նորմալ է, հարցրել ենք ոնց ես, աչքով արեց, հասկացնելով, որ լավ է»։ Շատ ուրախացանք։
Հաջորդ օրը կրկին բժիշկը եկավ և ասաց․ «Շատ ծանր գիշեր ենք ունեցել, թոքաբորբ է սկսվել, թոքերը քարացել են, չեն գործում, վիճակը շատ ծանր է, մենք պետք է միացնենք արհեստական շնչառության ինչ որ սարք»։
Լսելով բժշկի ասածները, կասկածեցի, քանի որ տեղեկացել էի, որ այդ սարքից գրեթե չկա Հայաստանում։ Կասկածում էի, որ վիրահատության ընթացքում սխալ են թույլ տվել, իսկ մեզ ներկայացնում են իբրև թոքաբորբ է։
Վիրահատության երկրորդ օրը կնոջս կրկին երկրորդ բաց վիրահատությունը կատարեցին, տեղադրեցին այդ սարքը և ասացին, որ «պետք է սպասենք, որ թոքերը սկսեն ինքնուրույն աշխատել․․․ մենք մեր վիրահատությունը շատ լավ ենք արել, ամեն ինչ լավ է անցել, սա հետվիրահատական բարդություն է․․․ կարող է վիրուս է եղել․․․ հնարավոր է վիրուսը դուք եք բերել»։ Եվ դա ասում են այն դեպքում, երբ հիվանդը պատանդի պես մեկուսացված է եղել, որևէ տեսակցություն չկար և մենք տեսակցելու հնարավորություն չունեինք։
Միայն պնդում էին, որ «վիրահատությունն ընտիր է անցել, կլապանն ընտիր աշխատում է, սիրտը ևս ընտիր աշխատում է, խնդիրը միայն թոքերն են․․․»։

Եվ այդպես 13 օր։ Ամեն օր, ընդամենը մի նախադասությամբ ասում էին․ «այսօր մի քիչ լավ է», «այսօր մի քիչ վատ է․․․», «այսօր մի քիչ դեղնել է․․․» և այլն։
13-րդ օրը, նոյեմբերի 2-ին չդիմացանք և պահանջեցինք հստակ տեղեկատվություն տալ կնոջս դրության մասին։ Ասացին․ «Հեբոյանն էսօր կգա, մի անգամ ևս սիրտը կբացի, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»։
Եկավ այդ Հեբոյանը, երրորդ անգամ բաց վիրահատություն կատարեց և մեզ ասաց․ «Նորից կրծքավանդակը բացել եմ, ես սենց բան իմ պրակտիկայում չեմ տեսել, որ թոքերը սենց քարանան․․․ էս ինչ պտի եղած լինի․․․ մենք էլ բան չենք կարա անենք, անջատելու ենք սարքը, ինքը կմնա մի օր ու մի օրից ավելի չի դիմանա»։ Այդքանն ասաց ու գնաց։
Մենք նորից մտանք այդ Հեբոյանի մոտ։ Ինքը նորից սկսեց թե․ «վիրահատությունը շատ լավ է անցել․․․ իրենք գործը շատ լավ են արել, բայց դե թոքերը․․․ դե էլ բան չենք կարա անենք․․․ կներեք մեզ»։ Մենք պահանջեցինք, որ մտնենք կնոջս մոտ։
Մտանք։ Կինս ամբողջությամբ դեղնել էր, իսկ հաջորդ օրը կինս մահացավ։
Բժիշկներն անպատժելիության աներևակայելի կարգավիճակում են։ Ինչ ուզում են՝ գրում են, ինչ ուզում են՝ անում են․ գիտեն, որ իրենք անպատժելի են։
Իր ոտքով հիվանդանոց եկած կնոջս տանջելով, երեք անգամ սիրտը բացեցին, վիրահատեցին, բառացիորեն տանջամահ արեցին, ու իրենց սխալները կոծկելու համար անունը դրեցին թոքաբորբ։ Իսկ մահվան վկայականում գրել են մահվան բացարձակապես այլ պատճառ, որը ոչ մի կապ չունի իրականության հետ։
Դրա համար էլ դիմելու ենք դատախազություն, որպեսզի կնոջս ողբերգական մահվան մեղավորները կրեն իրենց պատիժը»։

Հիշեցնենք, որ խմբագրությունը մինչ օրս հրապարակել է հինգ հոդված վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին՝

1) «Մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ»,

2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,

3) «Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին հոդվածներով,

4) «Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին,

5) Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Դուք (Ձեր հարազատները) ևս տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ Նորք Մարաշ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության լրահավաք հեռախոսահամարին (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ նյութեր) [email protected] լրահավաք հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։