Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«ՀՀ իշխանություններն ուզում են բողոքի ցույցեր հրահրել, որպեսզի ընտրություններին դրանք արդեն մարած լինեն»․ #Известия

«ՀՀ իշխանություններն ուզում են բողոքի ցույցեր հրահրել, որպեսզի ընտրություններին դրանք արդեն մարած լինեն»․ #Известия
350
Երեկ, 12:14

Հայաստանի իշխանություններն աննախադեպ հարձակում են սկսել հոգևորականության վրա: Թեմային անդրադարձել է Известия-ն։

Ըստ հոդվածի՝ ներկայիս հակամարտության համար կան մի քանի պատճառներ: Մի կողմից՝ Հայ եկեղեցին, ըստ էության, մնում է միակ պետական ինստիտուտը, որն անկախ է Փաշինյանից և նրա թիմից: Ավելին՝ կրոնական կառույցը բազմիցս արտահայտվել է հայրենասիրական դիրքերից՝ դառնալով բողոքի տրամադրությունների հենարան: Անցյալ գարնանը ՀԱԵ-ի հոգևորականներն էին, որ դեմ արտահայտվեցին Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատմանը:

«Անցյալ տարի բողոքի շարժումը, ի վերջո, մարեց, բայց Հայ եկեղեցու սկզբունքային դիրքորոշումը չի վերացել։

Փաշինյանի թիմն անընդհատ խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության ցանկության մասին, բայց կրոնական գործիչները չեն մոռանում Ղարաբաղի մասին: Մայիսի վերջին Շվեյցարիայում Գարեգին II-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջազգային համաժողով, որտեղ քննարկվել են կորուսյալ տարածաշրջանում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Կաթողիկոսն ինքը միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի է ունեցել ցեղասպանության և էթնիկ զտման ակտ, որի արդյունքում՝ տարածաշրջանը օկուպացվել է, իսկ բնիկ բնակչությունը՝ վտարվել: Այս ամենը բացարձակապես անհավանական թեզեր են ներկայիս Հայաստանի ղեկավարության համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի ներկայացուցիչներն ամբողջ ուժով փորձում են հաշտվել Բաքվի հետ:

Դրա համար նրանք պատրաստ են գնալ տարբեր զիջումների, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության։

Բացի այդ՝ մոտ մեկ տարի անց Հայաստանում պետք է անցկացվեն ամենակարևոր խորհրդարանական ընտրություններ, իսկ իշխող կուսակցությունը նախընտրական քարոզարշավին մոտենում է դժվարին իրավիճակում․ գարնանը իշխող կուսակցության ներկայացուցիչները կորցրել են միանգամից երկու կարևոր պաշտոն՝ պարտվելով Շիրակի և Փարաքարի քաղաքապետի ընտրություններում:

Հարցումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը կազմում է ընդամենը 11%։

Միևնույն ժամանակ՝ եկեղեցին մեծ վստահություն է վայելում բնակչության շրջանում։ Հնարավոր է, որ այն աջակցի իշխող կուսակցության հակառակորդներին՝ այդպիսով մեծացնելով նրանց հաղթանակի հնարավորությունները։ Հնարավոր է՝ նման սցենարը կանխելու համար սկսվել է հոգևորականությանը վարկաբեկելու արշավ։ Բացի այդ՝ իշխանությունները կարող են ցանկանալ հիմա որոշակի բողոքի ցույցեր հրահրել, որպեսզի ընտրությունների օրը դրանք արդեն մարած լինեն։ Վերջապես, Հայաստանի ներկայիս իշխանությունները շատ բան են անում հայ ազգային ինքնությունը վերաձևակերպելու համար։ Երևանը կարծում է, որ դա կօգնի բարելավել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հնարավոր է, որ նրանք այժմ որոշել են քանդել Հայ ազգային եկեղեցին», – գրել է թերթը։