Կիրակի, 29 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հայ հոգևորականը չի՛ վախենում ոչ մեկից և ոչնչից»․ Հայր Ասողիկ Կարապետյան

«Հայ հոգևորականը չի՛ վախենում ոչ մեկից և ոչնչից»․ Հայր Ասողիկ Կարապետյան
154
Երեկ, 22:06

Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոգով վիրավոր ենք, քանի որ անասելի ցավն է խոցել. մի՞թե հայ հոգեւորականներն այդպես կհարձակվեին ՀՀ նախագահի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի կամ Կառավարության շենքերի վրա: Որո՛շ է, երբե՛ք, նույնիսկ մտքով անգամ չի կարելի պատկերացնել, որ նման բան կարող է լինել: Մենք այն հոգեւորականներն ենք, որ Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, խորը գիշերին, երբ մեզ հասան լուրերն ընդվզումների՝ փութով հասանք քաղաքամայր Երեւան՝ Ազգային ժողով, որպեսզի հանդարտեցնենք գազազած բազմությանը, բռնենք այն չարգործ ձեռքերը, որոնք հայը բարձրացնում էր հայի վրա եւ մոլեգնած ջարդում էր գույքը պետության. անասելի էր մեր բարկությունն ու ցավը…
Իսկ Հայրենի իշխանություններն իրենց թույլ են տալիս անպատկառ հարձակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Հայրապետի վեհավայրի վրա՝ բռնաճնշելով ողջ հոգեւոր դասին…
Սակայն, երեկ, իշխանական այդ բիրտ ուժը բախվեց ողջ հոգեւոր դասի վեմին՝ կուսակրոն եւ ամուսնացյալ եկեղեցականների ՄԻԱԲԱՆ ՈՒԺԻՆ: Պատմական ուժ, որը չի՛ վաճառվում, չի՛ կաշառվում, չի՛ հաճոյանում, իր շահը չի՛ փնտրում, չի՛ վախենում, չի՛ ընկրկում: Ողջ հոգեւոր դասի միաբան ուժ, որին շարժողն ու առաջնորդողն աստվածային արդարությունն է, իմաստությունը եւ ճշմարտությունը՝ Սուրբ Հոգին Աստված:
Եվ ընկրկեց իշխանական մեծաքանակ ուժը (ավելի քան 1000 ուժային), գլխահակ ու լուռ հեռացավ իր իսկ Սրբություն Սրբոց Մայր Աթոռից:
Աստծո Իջման Սուրբ վայրում մարդը եւ որեւէ մարդկային իշխանություն ի զորո՛ւ չէ թելադրելու իր կամքն ու պայմանը. այստեղ՝ Հայոց Վեհի Աթոռում, առհավետ աստվածային իշխանությունն ու կամքն է գործում: Եվ հստակ ասվեց Հայրենի երկրի իշխանություններին, որ դուք չե՛ք կարող կամք թելադրել, ավելին՝ բռնաճնշմամբ այն պարտադրել Հայոց Եկեղեցուն եւ նրա աստվածարյալ ինքնիշխան Նվիրապետությանը, որպեսզի, այս պարագային, Մայր Աթոռից, կարծես մի ավազակի, տանեք միաբանության բարձրաստիճան մի անդամի. պատկառանքով եւ պարկեշտությամբ ծանուցեք եւ հրավիրեք՝ նա կներկայանա, ինչպես իր ոտքով ներկայացավ հայ հոգեւորականը՝ որպես օրինապահ եւ օրինահարգ անձ: Ավելին, քանզի հայ հոգեւորականը չի՛ վախենում ոչ մեկից եւ ոչնչից, ՈՉ ՄԵԿԻՑ ԵՎ ՈՉՆՉԻՑ:
Եվ այն կեցվածքն ու միաբան ուժը՝ արդար ու ճշմարիտ, որ դրսեւորեց Հայոց Եկեղեցին՝ ողջ իր Նվիրապետությամբ, աստվածաշնորհ ու պանծալի դաս էր համայն քրիստոնեկան աշխարհին, քրիստոնյա ամբողջ հոգեւորականությանը, թե ինչպես է պետք պաշտպանել նվիրապետական ինքնիշխանությունը եւ պահպանել Սբ Եկեղեցու ճշմարտությունը: Եվ այս կեցվածքն ու միաբան ուժը նաեւ վասն Հայաստան երկրի սահմանադրականության եւ օրինապահության էր, որն ի շինություն մեր հարազատ պետության ու պետականության է:
Արդ, աստվածաշնորհ ու պանծալի դաս ողջ քրիստոնյա աշխարհին՝ առաջին Քրիստոնյա պետությունից:
Եվ թող այլեւս փակվեն բոլոր բերաններն ու անշարժանան ձեռքերը, որոնք ընդդեմ են Սբ Եկեղեցու եւ հոգեւորականի, եւ թող իշխանությունները սրբագրեն իրենց կոպիտ սխալներն ու քաղաքացիական ազատության վերադարձնեն մեր հոգեւոր հայրերին եւ մեր անմեղ զավակներին:
Հիշեցեք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկարար ու խաղաղարար պատվիրանը եւ անսացե՛ք Տիրոջ սուրբ կամքին. «Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ» (Հովհ. ԺԵ. 12-14)»։