«Մենք բարիկադների երկիր ենք. բարիկադները մեր մտքում են». Գեղամ Բաղդասարյան
195
Այսօր, 01:36
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻ ՇԱԳՐԵՆԱԿԱՇԻՆ Մենք բարիկադների երկիր ենք: Դա ամենասարսափելին չէ: Ամենասարսափելին այն է, որ բարիկադները մեր մտքում են: Մենք ինքներս քայլող բարիկադներ ենք: Մենք բարիկադատես ազգ ենք, բարիկադահեն հանրություն: Կան մեծ բարիկադներ, միջին բարիկադներ, փոքր բարիկադներ, մանր և մունր բարիկադներ: Մեկը մյուսի մեջ: Մատրյոշկաներ, էլի: Բարիկադները կարծես ամենակուլ են: Բայց բարիկադներից և մատրյոշկաներից դուրս կյանք կա: Այնտեղ օդն ավելի մաքուր է: Այնտեղ Մարդիկ են ապրում: Այնտեղ անթեղված հույս կա: Այնտեղի մարդիկ, սակայն, աջուահյակ հարվածի տակ են՝ բոլոր բարիկադներից խփում են նրանց, շատ ավելի դաժան են խփում, քան բարիկադը բարիկադին: Բարիկադներում (բարեբախտաբար, թե դժբախտաբար) նաև նորմալ, ազնիվ մարդիկ կան, որոնց բարիկադացվելու պատճառները տարբեր են: Ինձ համար ամենացավալին այն է, որ նաև այդ բարիկադաներս նորմալ ու ազնիվ մարդիկ են փայտփորիկի պես օրնիբուն կտցահարում բարիկադադուրս մարդկանց: Մի մեղադրեք նրանց ապաքաղաքական լինելու և չկողմնորոշվելու մեջ: Մեղմ ասած՝ արժանի կողմ չկա, ու նրանց համար հավասարապես ամոթալի է այս կամ այն կողմում լինելը: Դժվարպատկերացնելի է, որ նրանք մի օր ինքնակազմակերպվեն ու ինքնուրույն կողմ դառնան: Հավանաբար, դա նրանց առաքելությունն էլ չէ: Նկատե՞լ եք, որ մեր հանրությունում չկան բարոյական հեղինակություններ: Դե, որովհետև առաջինը հենց նրանց են խփում, չեզոքացնում: Բայց այդ վեհ կոչմանն արժանի մարդիկ կան, պարզապես տեսնող չկա, տեսնել ցանկացող չկա, բարիկադահայությունը կույր է ու ինքնահավան, մարտնչող միջակության խորհրդանիշ: Ծանր ու դաժան ժամանակներում ամենադժվարն ու ամենաարժեքավորը Մարդ մնալն է: Սա ելակետային-ուղենշային արժեք է: Մարդ եղեք, Մարդ մնացեք, Մարդ դարձեք՝ ընտրեք ձեզ համապատասխան տարբերակը և փորձեք համապատասխանել: Մարդ լինելը-մնալը-դառնալը քիչ չէ, այն շատ կարևոր է: Հերոսություն չէ, իհարկե, բայց շատ կարևոր է: Բարիկադադուրս հանրության «կողմնորոշմամբ», կամ բարիկադաընտրությամբ ոչ միայն ոչինչ չի փոխվի, այլև ավելի կծանրանա վիճակը, ավելին՝ հույսն էլ կմեռնի: Բարիկադադուրս հանրությունը Շագրենի կաշին է: Մի կտցահարեք, մի քաշքշեք ձեր կողմ: Մի փոքրացրեք Շագրենի կաշին: Դա անգիտակից ինքնասպանություն է: Ինչքան շատ լինեն բարիկադադուրս մարդիկ, այնքան քիչ կլինեն բարիկադները: Այնքան էլ կմարգինալացվեն բարիկադները»: