Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Թոռնիկս գիշերն արթնանում, ասում է․ «․․․ պապայիս եմ ուզում, ․․․ պապայիս ինչի տարաք»․ Նորք Մարաշ սրտաբանականում 38-ամյա երիտասարդի ողբերգական մահվան դեպքի մանրամասները

«Թոռնիկս գիշերն արթնանում, ասում է․ «․․․ պապայիս եմ ուզում, ․․․ պապայիս ինչի տարաք»․ Նորք Մարաշ սրտաբանականում 38-ամյա երիտասարդի ողբերգական մահվան դեպքի մանրամասները
174
Այսօր, 13:06

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ բժշկական կենտրոնում մահվան դեպքերի մասին ահազանգերը չեն դադարում և խմբագրությունը դրանց կանդրադառնա առանձին հրապարակումներով։

Ողբերգական հերթական դեպքի մասին ահազանգել է 38 ամյա Կառլեն Մուրադյանի մայրը՝ Սուսաննա Մուրադյանը։ Ներկայացնում ենք ահազանգի սղագրությունն ամբողջությամբ։

«2023 թ․ մայիսի 5-6-ին տղաս վատ էր զգում։ Ստուգվեց, ասացին՝ սրտի գլխավոր աորտան պետք է փոխվի։ Նորք Մարաշի սրտաբանականում վիրահատեց Գագիկ Հեբոյանը։ Վիրահատությունից հետո տղայիս ճնշումը չէր իջնում, բայց ասացին․ «կկարգավորվի» և դուրս գրեցին։
1 տարի 3 ամիս տղաս անընդհատ ճնշում ուներ։ Պարբերաբար, շտապօգնությամբ տանում էինք Նորք Մարաշի սրտաբանական։ Դեղեր էին նշանակում։ Մի անգամ մի դեղ նշանակեցին, որից սկսեց ճնշումն ավելի բարձրանալ։ 2024 թ․ օգոստոսի 16-ին կրկին հոսպիտալացրեցինք և պահանջում էինք, որ այդ Հեբոյանը կրկին վիրահատի, քանի որ առաջին վիրահատությունն ինքն էր կատարել։ Սակայն մեզ ասացին․ «պետք է սենց դեղերով յոլա տանենք, մինչև Հեբոյանն արձակուրդից գա»։ Պահանջեցինք, որ կապ հաստատեն հետը և տեղեկացնեն, որ իր վիրահատության հետևանքով որդիս ծայրահեղ վիճակում է, միգուցե անմիջապես վերադառնա, սակայն պատասխանել էր, որ կվերադառնա միայն արձակուրդից հետո՝ ամսի 20-ին կամ 23-ին, լավ չեմ հիշում։ Այդպիսի ծանր վիճակում ստիպված եղանք սպասել, մինչև Գագիկ Հեբոյանն արձակուրդից վերադառնա։
Օգոստոսի 22-ի առավոտյան որդուս վիրահատությունը սկսեցին, սակայն Հեբոյանը հիվանդանոցում չէր։ Մոտ մեկ ժամ անց նկատեցի, որ այդ Հեբոյանը նոր է գալիս հիվանդանոց։ Ես ու ամուսինս տարակուսեցինք։ Սպասասրահում տեղեկացանք, որ որդուս վիրահատության հետ միաժամանակ երկու բուժառուի ևս վիրահատում է այդ Գագիկ Հեբոյանը։ Մենք չէինք հասկանում, թե ինչպե՞ս կարող է որդուս նման ծանր հիվանդին վիրահատելիս նույն բժիշկը միաժամանակ ևս երկու հիվանդի վիրահատի։
Մեզ պարբերաբար տեղեկացնում էին, թե «ամեն ինչ լավ է, սրտապինդ եղեք, աստծուն աղոթեք»։ Վիրահատությունից հետո ասացին․ «ամեն ինչ նորմալ է անցել, դրված խնդիրները կատարվել են, դամաշնիկներ բերեք, որ վերակենդանացման բաժանմունքում քայլեցնենք, ամսի 24-ին տեղափոխելու ենք պալատ»։ Տեղեկացրեցին նաև, որ մեկուկես տարի առաջ իր վիրահատած աորտան ճաքել է և նորից աորտա են փոխել։ Ամուսինս կատաղեց, ասաց․ «․․․ դուք տապոռով տղայիս դոշը բացել եք, ինչո՞ւ նորմալ չեք վիրահատել, որ նման բան չլիներ»։
Օգոստոսի 24-ին հարսս զանգահարեց ինձ, ասաց․ «․․․ մամ, Կառլենին բերել են պալատ, բայց ձախ թևն ահավոր ուռած է ու չափից դուրս քրտնում է, բժշկին հարցրեցի՝ ինչո՞ւ է այդպես, ասեց՝ «հետվիրահատական բնական վիճակ է»»։ Բժիշկը նաև ասել էր, որ կարող եք քայլացնել, անգամ ճաշարան գնաք։ Զարմացել էինք, թե 2 օր առաջ ծանր վիրահատություն տարած մարդուն ինչպե՞ս կարելի է քայլել, ճաշարան գնալ։ Այնուամենայնիվ ուրախ էինք, մտածում էինք, եթե կարելի է, ուրեմը շատ լավ է։ Տղաս էլ հարսիս ասել էր․ «եթե պետք է քայլեմ, արի պալատից դուրս գանք»։ Գնացել են ճաշարանի մոտ և այդ պահին որդուս վիճակը կտրուկ վատացել է։ Հարսս ասաց․ «․․․ մամ, Կառլենի աչքերը հետ գնացին, դոշն ուռեց, բարձրացավ, սկսեց կապտել»։ Մի կերպ պահել-նստեցրել են, քանի որ որդիս փարթամ տղա էր։ Բժիշկները նորից որդուս տարել են վիրահատարան, իսկ բժիշկներից մեկը հարսիս ասել է․ «սրտի կանգ է, ցավակցում ենք, 20 րոպե կյանք է մնացել»։
Հարսս զանգեց ինձ, գոռալով․ «․․․ մամ, Կառլենին սրտի կանգ են արձանագրել»։ Պատկերացրեք, թե ոնց ենք հասել հիվանդանոց։ Ինչպես նախորդ դեպքերում, կրկին բժիշկ Հեբոյանը հիվանդանոցում չէր և հեռախոսով էր ցուցում տալիս։ Հետո միայն իմացանք, որ որդուս վիրահատությունից հետո գնացել էր Թալին, շաբաթ ու կիրակի օրերին ինքը վիրահատություն չի անում, քանի որ իր ազատ օրերն են։

Մոտեցանք բժիշկներին, գոռում էինք, թե այդ ինչպե՞ս կարող է լավ անցած վիրահատությունից հետո հիվանդի մոտ սրտի կանգ լինել, իսկ բժիշկներից մեկը մեզ ասում է․ «ի՞նչ սրտի կանգ, ո՞վ է ձեզ նման բան ասել, մի պահ լավ չի եղել, հիմա ապարատը միացրած է, սաղ նորմալ է»։ Մենք արդեն չէինք հասկանում թե ինչ են խոսում։ Մեկն ասում է՝ սրտի կանգ, մեկն ասում է՝ ամեն ինչ նորմալ է։ Տպավորություն էր, որ այդ բժիշկները փորձում են մեզ կաթվածի հասցնել։
Պահանջեցինք հանդիպել այդ Գագիկ Հեբոյանի հետ, քանի որ անվասայլակներով տեղաշարժվող բժիշկ Արա Անանյանն ամեն օր իրարից տարբերվող և անտրամաբանական բաներ էր ասում։ Սպասեցինք մինչև Հեբոյանը եկավ հիվանդանոց։ Մեծ բրիգադով մեզ հետ հանդիպեցին, երևի արդեն վախենում էին, քանի որ մեր հարազատները շատ էին, իսկ որդիներս բիլակով տղաներ են։
Ամուսինս երկար տարիներ պետական աշխատող է եղել, կոնկրետ հարցեր էր դնում իրենց առջև։ Հեբոյանն ասաց․ «թրոմբ է պոկվել, լողացող թրոմբ է», իսկ որ հարցին չէր կարողանում պատասխանել, թեքվում էր Արա Անանյանին, Գագիկ Հապետյանին, Հովհաննես Ավդալյանին և ասում․ «այդ հարցին դուք պատասխանեք»։ Այդպես, շրջապտույտ էին անում, մեզ խճճում, համոզում, հետո ասում էին․ «գնացեք տուն հանգստացեք վաղը կգաք»։ Միգուցե սխալվում եմ, բայց վստահ եմ, որ որդիս վերջին երեք օրն արդեն հոգին ավանդել էր, բայց իրենք մեզ չէին ասում, որ դանդաղ համակերպեցնեն մեզ, քանի որ վախենում էին։ Այդպես էլ չհասկացանք, ի՞նչու էր Հեբոյանը միաժամանակ 3 վիրահատություն կատարել։

Ի դեպ, երբ ամեն ինչ լավ էր, մեզ չէին թողնում որդուս տեսնենք, ասում էին․ «վիրուս կտանեք, չի կարելի»։ Իսկ հիմա, իրենք էին ասում․ «կարող եք բարձրանալ տեսնել, որ սիրտն աշխատում է»։ Ամուսինս խալաթն ու գլխարկը շպրտեց և ասաց․ «․․․ ինձ հիմարի տե՞ղ եք դրել, ինձ տանում եք, որ ցույց տաք ապարատի տկտկոցը ու ասեք՝ իբր դա որդուս սի՞րտն է աշխատում, հետո էլ ասեք՝ վիրուս բերեցիք ու ձեր որդուն կործանեցիք․․․»։ Ինձ էլ արգելեց, ասաց․ «չբարձրանաս, հետո ասելու են վիրուս եք բերել, իրենց հանցանքը դնեն մեր վրա, մեզ մեղադրեն մեր որդու մահվան մեջ»։ Սպասասրահի բժշկուհիներից մեկը մոտեցավ մեզ և ասաց․ «ճիշտ արեցիք, որ չգնացիք»։
Ես անընդհատ զանգահարում էի վերակենդանացման բաժանմունք, որ մի դրական լուր իմանամ, փոխարենն ամեն անգամ մի բան էին ասում․ «թրոմբ է», «արյունահոսություն է», «եթե արյունահոսությունը դադարի, ամեն ինչ լավ կլինի»։ Եվ այդպես 4 օր, ես Մարաշի պատերի տակ գոռում էի՝ Կառլեն ջան դիմացիր։
Օգոստոսի 27-ին՝ զույգ տղաներիս ծննդյան օրը եկան, ասացին, որ անընդհատ ապարատ են փոխում, սևանում է, փրկություն չկա և պետք է անջատել ապարատից։ Եվ անջատեցին որդուս կյանքը։
Ամուսինս գոռում էր․ «Հեբոյան, ․․․ տղայիս հետ տուր, ․․․ ես հիմա թոռներիս ի՞նչ ասեմ, ․․․ իրա ջահել կնոջն ի՞նչ ասեմ»։ Ես Գագիկ Հեբոյանին ասացի․ «․․․ և ո՞նց էի ես ձեզ վստահում»։
Երրորդ վիրահատությունից հետո որդուս կրծքավանդակը չէին փակել, փարթամ որդուս մարմինը ցելոֆոնով փաթաթած տվեցին մեզ։ Անգամ վերջին հրաժեշտի ժամանակ ամուսինս չթողեց վերջին անգամ սրտանց փարվեմ որդուս, քանի որ կրծքավանդակը միայն լեյկոպլաստով էր կպցրած։
Որդուս մահվան մեկ տարին այս օրերին է լրանում։ Ամուսինս ու որդիներս անընդհատ գերեզմանում են լինում։ Անվերջ սգում ենք, չենք կազդուրվում, բոլորիս կյանքը կարծես դադարած լինի։
Որդիս երկու հրաշք բալիկներ ունի, որոնք մնացին առանց հայրիկի․ աղջիկը 16 տարեկան է, տղան՝ 14։ Տղան մինչև օրս, երբեմն գիշերն արթնանում է, ասում․ «․․․ պապայիս եմ ուզում, ․․․ պապայիս ինչի՞ տարաք»»։

Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է 15 հոդված։ Այդ հոդվածներից ստորև ներկայացվածները վերաբերում են նույն բժշկին, սրտային վիրաբույժ, սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար՝ Գագիկ Հեբոյանին։

1) «Մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ»,

2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,

3) «Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին,

4) «Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին,

5) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան,

6) «Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրություն (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։