«Ապամոնտաժել է պետք մի ողջ ժողովրդի գիտակցական ենթագիտակցությունը». Էդուարդ Մանվելյան
53
Այսօր, 00:30
Գրող Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրվա մեջ մոտ երեք ժամ, ընդհանուր հաշվով, փորձեցի լսել հայ հասարակության սիրելի դեմքերին՝ նրանց, ովքեր ամենաշատ դիտումներն ունեն յութուբում և ամենաշատ հավանումներն այստեղ՝ ֆբ-ում։ Անուններ չեմ տա, որովհետև կարևորը երևույթն է: «Հայտնի» հումորիստներին լսելով՝ թե ինչի վրա է ծիծաղում հայ հասարակությունը, ես արդեն սկսում եմ հանձնվել, և ամեն բան դառնում է անիմաստ։ Նայում եմ դրանց շոուները․ մի հինգից-տասը հազար դրամ տան, գնան թատրոնների դահլիճներում, որոնք ժամանակին նախատեսված էին բարձրաճաշակ արվեստի համար, սերունդներ փչացնեն: Մարդիկ թվեր են տալիս ու հազարներով էլ գնում են սրանց տեղում ծափահարելու․․․ Զարմանալի էլ չէ, որ դեգրադացված շերտի ուղեղն արդեն չի կարող հասկանալ, որ խոսքն ունի զորություն՝ ոչնչացնելու և կառուցելու․․․ Տեսեք․ Մի օր Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել ընդամենը վեց բառից բաղկացած պատմություն, որը կարող է հուզել ցանկացած ընթերցողի, և գրողին հաջողվեց դա. «Վաճառվում են մանկական կոշիկներ. չմաշված»։ Անգլերենով այն վեց բառ էր՝ «For sale: baby shoes, never used»։ Կամ, Ֆրեդերիկ Բրաունը գրել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը․ «Երկրագնդի վրա ողջ մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»։ Ամերիկացի գրող Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում, որն ուներ պատմվածքի ժանրի բոլոր բաղադրիչները՝ սկիզբ, գագաթնակետ և վերջաբան. «Վարորդը ծխախոտ վառեց ու կռացավ բենզինի բաքի վրա՝ տեսնելու, թե որքան բենզին է մնացել։ Մահացածը քսաներեք տարեկան էր»։ Հակիրճության հանճարեղ օրինակ է սպարտացիների պատասխանը Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ի նամակին․ Ֆիլիպը գրել էր․ «Խորհուրդ եմ տալիս անհապաղ հանձնվել, որովհետև եթե իմ բանակը մտնի ձեր հողերը, ես կկործանեմ ձեր այգիները, կստրկացնեմ ձեր ժողովրդին և կկործանեմ ձեր քաղաքը»: Ինչին սպարտացիները պատասխանել էին մեկ բառով․ «Եթե․․․» Կամ՝ ինքնակենսագրականների մրցույթում հաղթեց մի տարեց ֆրանսուհի՝ նա գրել էր․ «Նախկինում ես ունեի հարթ դեմք և կնճռոտ կիսաշրջազգեստ, իսկ հիմա հակառակն է»։ Լակոնիկ խոսքի մեջ հայ հասարակությունը պարտված է ինտելեկտին։ Հումորի մեջ պարտված է սարկազմին։ Գրի մեջ պարտված է մտքին, մտքի մեջ պարտված է գաղափարին, գաղափարի մեջ պարտված է նպատակին, նպատակի մեջ պարտված է ստամոքսին, դե, իսկ պատերազմի մեջ պարտված է խաղաղությանը, որովհետև խաղաղության մեջ պարտված էր վերը նշվածներին։ Կարևորն այստեղ ոչ թե ասվածն է, այլ լսողի ընկալման աստիճանը, որն այնքան ցածր է, որ դրա հիմքի վրա բարձր արժեքներ չեն կառուցվի․ ապամոնտաժել է պետք մի ողջ ժողովրդի գիտակցական ենթագիտակցությունը...իսկ ապամոնտաժման լավագույն գործիքը, դարձյալ, գիրքն է»: