«Նիկոլի յուրաքանչյուր շարժում իր մեջ որոշակի մեսիջ է կրում»․ Արմեն Հովասափյան
174
Այսօր, 14:42
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոտ երկու շաբաթ է՝ Նիկոլը անցել է «հոգեթերապևտիկ» նոր գործիքակազմի կիրառման՝ ամեն առավոտ մարդկանց «բարի լույս» մաղթելով և այդ ընթացքում օգտագործելով անսովոր, երբեմն նույնիսկ անհասկանալի նեյրոլինգվիստիկ ժեստիկուլյացիաներ. սա անում է տարբեր ոճի երաժշտության ուղեկցությամբ։ Քանիցս նշել ենք, որ Նիկոլը ոչ մի բան հենց այնպես չի անում․ նրա յուրաքանչյուր շարժումը, դեմքի արտահայտությունը, մատների դիրքը կամ ժպիտը կրում են որոշակի մեսիջ՝ ուղղված մարդկանց ենթագիտակցությանն ու հուզական ընկալման վրա։ Ըստ էության՝ այսօրվա աղետների ու հանրային շփոթության ֆոնին Նիկոլը փորձում է կոլեկտիվ ենթագիտակցության վրա մանիպուլյատիվ ազդեցություն ունենալ, մարդկանց փոխանցելով ենթատեքստային ուղերձ. «Այն, ինչ տեղի է ունենում, ես դրա հետ կապ չունեմ․ ես ձեզանից մեկն եմ, ձեր տղեն եմ»։ Այս կերպ նա կառուցում է հոգեբանական պատրանք, թե ինքը ոչ թե համակարգի ղեկավարն է, այլ համակարգից դուրս կանգնած «անմեղ» մեկը, ով պարզապես «բարի լույս» է մաղթում ժողովրդին։ Ավելին՝ մատների միջոցով արված «սրտիկ»-ի ժեստը, որը թվում է անմեղ ու խորհրդանշական, իրականում ավելի շատ հիշեցնում է նավի խարիսխ (якорь)։ Նեյրոլինգվիստիկ առումով դա «խարսխման» մեթոդ է․ նմանատիպ ժեստը կրկնվող ռիթմով սկսում է ենթագիտակցորեն կապվել սիրո, խաղաղության և վստահության զգացումի հետ, ինչի արդյունքում մարդը առանց գիտակցելու ներգրավվում է հուզական կախվածության մեջ։ Այս մեխանիզմը գործում է կոլեկտիվ մակարդակով։ Ի դեպ՝ նման հաղորդագրությունը պարբերաբար հնչելու դեպքում հասարակությունը սկսում է համահունչ արձագանքել նրան՝ ձևավորելով կոլեկտիվ հարմարվողականություն ու մի տեսակ հիպնոսային ընկալում: Հենց այսպես էլ ձևավորվում է հոգեբանական դիսոնանս՝ բանական գիտակցությունը արձանագրում է աղետը, բայց ենթագիտակցությունը, պարբերական «բարի լույս» ազդակներով, ընդունում է այն որպես նորմալ վիճակ։ Ասեմ, որ նման նեյրոլինգվիստիկ գործիքակազմը մեկ մարդու սեփական մեթոդաբանություն չէ։ Պետական ղեկավարների մեծ մասը տարբեր ժամանակներում կիրառում են նմանատիպ մեխանիզմներ՝ յուրաքանչյուրը՝ իր հոգեբանական կաղապարի մեջ։ Օրինակ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն օգտագործում է հոգեբանական նույնականացում «ժողովուրդ–հոր» տիպով։ Նրա խոսքում մշտապես հնչում են «իմ ժողովուրդը», «իմ երեխաները», «մենք բոլորս մի ընտանիք ենք» արտահայտությունները, որոնք ձևավորում են ենթագիտակցական հնազանդության մոդել։ Լեզվական պարզությունը և կոպիտ հայրական տոնայնությունը այստեղ ծառայում են որպես վերահսկողության մեղմ գործիք: Վլադիմիր Զելենսկին ընտրել է հակառակ ճանապարհ՝ էմպատիկ նույնականացում «ժողովուրդ–ընկեր» մոդելով։ Նրա խոսքը կառուցված է «մենք», «մեր», «բոլորս միասին» բառերի շուրջ, որոնք մարդկանց մեջ ձևավորում են զգացական կապ և համերաշխության պատրանք։ Էրդողանը կիրառում է առավել ագրեսիվ տարբերակ՝ «մենք ընդդեմ նրանց» նարատիվը։ Նա իր խոսքը կառուցում է հստակ բաժանումների վրա՝ «մենք՝ հավատացյալներս, հայրենասերներս» և «նրանք՝ դավադիրները, անաստվածները, արևմտամետները»։ Այս մեխանիզմը ուժեղացնում է խմբային նույնականացումը և ստեղծում է կոլեկտիվ ինքնապաշտպանական ռեֆլեքս։ Նրա ձեռքի ուղղահայաց շարժումները, ձայնի բարձրացումը և տոնայնության փոփոխությունները գործում են որպես նեյրոլինգվիստիկ հրահանգներ, որոնք ենթագիտակցորեն ձևավորում են ենթարկման դաշտ։ Այսպիսով՝ Նիկոլի «բարի լույս» մոդելը թվում է անմեղ բարեմաղթություն, սակայն կառուցվածքային առումով այն գործում է որպես կոլեկտիվ հոգեբանական վերածրագրավորում, որտեղ հասարակության ենթագիտակցությունը սովորեցվում է չտեսնել իրականությունը, այլ զգալ միայն հաղորդվող տոնայնությունը»։