Հինգշաբթի, 09 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Յուրաքանչյուր բուհի համար պատիվ կլինի պարոն Մելիքյան դասախոս ունենալը»․ Արման Թաթոյան

«Յուրաքանչյուր բուհի համար պատիվ կլինի պարոն Մելիքյան դասախոս ունենալը»․ Արման Թաթոյան
44
Երեկ, 23:36

«Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ռուբեն Մելիքյանն իրական գիտնական է, մանկավարժ ու հայրենասեր մարդ, քրեական դատավարության լավագույն մասնագետներից:
Պարոն Մելիքյանը Հայաստանի քրեական դատավարությունում վերաքննիչ ու վճռաբեկ վարույթների, Վճռաբեկ դատարանի այսօրվա իրավաբանության, նախադեպային որոշումների համակարգի հիմնադիրներից է: Նա ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում երկար տարիներ դասավանդվող «Իրավաբանական գիր և վերլուծություն» առարկայի երկու հիմադիրներից մեկն է: Բազմաթիվ գիտական հոդվածների ու մենագրության հեղինակ է:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջին ու միակ Պաշտպանն էր, որ Արցախի անձնագրով (ոչ թե Հայաստանի կապույտ, այլ հենց Արցախի անձնագրով) մուտք գործեց Եվրախորհրդարան և այնտեղ հատուկ ասուլիս տվեց ադրբեջանական հանցանքների մասին: 2016թ. քառօրյա պատերազմից հետո Թալիշում հատուկ ասուլիսով զեկույց ներկայացրեց, որի հիման վրա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 8-ի վճռով հաստատեց ադրբեջանական զինվորականների կողմից Հայկ Թորոյանին գլխատելու, դաժանաբար սպանելու փաստը: Վերջին տարիներին Հայաստանի լավագույն փաստաբաններից է: Նա այն բացառիկ դասախոսներից է, որ բարձր որակի իրավական գիտելիքներ փոխանցելուց բացի ուսանողներին տալիս է փիլիսոփայական պատկերացնումներ իրավունքի մասին, սովորեցնում է՝ ինչպես մեկնաբանել իրավունքը: Դասավանդում է նաև անգլերեն լեզվով:
Յուրաքանչյուր բուհի համար պատիվ կլինի պարոն Մելիքյան դասախոս ունենալը: Այս ամենը ինքս եմ տեսել, ինքս եմ ականտես եղել»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան