Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Սարդարապատի հերոսամարտում հայոց բանակը բեկումնային հաղթանակ տարավ

Սարդարապատի հերոսամարտում հայոց բանակը բեկումնային հաղթանակ տարավ
1741
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 10:10

Հայոց պատմության կարևորագույն էջերից մեկը 1918 թվականի ազատագրական հերոսամարտերն են՝ հանուն հայ ազգի և հայոց պետականության անկախության: Դրանցից մեկը Սարդարապատի ճակատամարտն է, որը կտրուկ բեկում մտցրեց հայ-թուրքական պատերազմի ընթացքի մեջ: Ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 22-29-ը, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

Առաջին աշխարհամարտի դեպքերից հետո իրադրությունը ծավալվել էր այնպես, որ Հայաստանի համար հնարավորություն էր ընձեռնվել բազում դարեր անց վերականգնել այդքան սպասված պետականությունը:

Թուրքական բանակը՝ հաջողությամբ գրավելով հայկական գյուղերն ու քաղաքները, որոնցից էին նաև Ալեքսանդրապոլն ու Սարդարապատը, կանգնած էր Երևանի սահմանին, սպառնալով ի սպառ վերացնել հայերի որևէ հույս ու երազանք անկախության մասին:

Հայկական բանակի օրհնումը Սարդարապատի ճակատամարտից առաջ
Հայկական բանակի օրհնումը Սարդարապատի ճակատամարտից առաջ

Հայկական ուժերը Սիլիկյանի, Դանիել և Պողոս բեկ Փիրումյանների գլխավորությամբ՝ վերախմբավորվելով Վաղարշապատում, անցնում են հակագրոհի Սարդարապատի ուղղությամբ փորձելով վերականգնել դիրքերը այդ շրջանում:

Հայկական զորքերի հրամանատարական կազմը. մեջտեղի շարքում ձախից աջ՝ Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Թոսմաս Նազարբեկյան, Դանիել-Բեկ Փիրումյան
Հայկական զորքերի հրամանատարական կազմը. մեջտեղի շարքում ձախից աջ՝ Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Թոսմաս Նազարբեկյան, Դանիել-Բեկ Փիրումյան

Վեցօրյա կատաղի մարտերից հետո, մայիսի 28-ին հայկական ուժերը թուրքական բանակի դեմ ձեռք են բերում բեկումնային հաղթանակ, որը հայոց պատմության նոր փուլի սկիզբ է դնում: Հաղթանակի լուրը տարածվում է ամբողջ ռազմաճակատով, որը միանշանակ նոր շունչ և ուժ է հաղորդում փոքրաթիվ, սոված և ծարավ, քիչ սպառազինությամբ, բայց ազատատենչ հայոց բանակին:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր