Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Մատանու տուփի վրա պատկերվել են 18-20֊րդ դարերի հայ ազատագրական պայքարի խորհրդանշանները

Մատանու տուփի վրա պատկերվել են 18-20֊րդ դարերի հայ ազատագրական պայքարի խորհրդանշանները
491
Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 22:00

Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «19-րդ դարի (1819թ.՞) վանեցի հայ արծաթագործ վարպետից մեզ հասած նշանդրեքի մատանու տուփի բացառիկ նմուշ։
Վարպետը մատանու տուփի վրա պատկերել է 18֊20֊րդ դարերի հայ ազատագրական պայքարի խորհրդանշանները։
Դիմերեսին՝ առաջին Հանրապետության զինանշանի նախատիպն է, դարձերեսին՝ պատմական Հայաստանի քաղաքները, մեծ ու փոքր Մասիսները, խաչն ու սուրը իր շուրջը համախմբող «Մայր Հայաստանը»։
Ինչպես համացանցում վաճառքի դրված գրեթե յուրաքանչյուր հայկական իր, այս նշանդրեքի մատանու տուփը նույնպես բացառություն չէ և վաճառողի կողմից ներկայացված էր որպես ոչ հայկական։
Ցավոք ցեղասպանության հետևանքով ոչ միայն մորթվեցինք ու հայրենազրկվեցինք, այլ նաև կորցրեցինք մի քանի հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային արժեք ներկայացնող ավանդույթները, արհեստներն ու արվեստները։
Այսօր Թուրքիայի ողջ տարածքում քուրդ և թուրք վարպետները մեծ ջանասիրությամբ շարունակում են ապրեցնել մեր նախնիների կողմից արհեստից արվեստի վերածված մասնագիտությունները։ Իսկ մենք, մեր պապերի ոսկե ձեռքերով պատրաստված բացառիկ աշխատանքները նույնիսկ նպատակահարմար չենք գտնում ցուցադրության դնել մեր թանգարաններում, պատճառաբանելով, թե դրանց հանդեպ հետաքրքրություն չկա։
Փոխարենը նախնտրում ենք այդ իրերն ամուր փակի տակ պահել խոնավ նկուղներում, այդպիսով նպաստելով դրանց՝ էʹլ ավելի արագ ոչնչացմանը։
Ներկայիս Թուրքիայի հանրապետության ողջ տարածքում չեք գտնի գոնե մեկ թանգարան, որտեղ ներկայացված չլինեն հայ ոսկերիչների, հայ արծաթագործների, հայ գորգագործների, հայ ասեղնագործների, հայ խեցեգործների, հայ գեղանկարիչների աշխատանքները, որոնք մեծ հպարտությամբ թանգարանների աշխատակիցների կողմից զբոսաշրջիկներին մատուցվում են որպես թուրքական, լավագույն դեպքում՝ օսմանյան ժառանգություն։
Ինչո՞ւ մինչ օրս Արևմտյան Հայաստանի շրջաններում (ներառյալ Նախիջևանը) ապրած ու արարած հայերի մշակութային կյանքը ներկայացնող գոնե մեկ թանգարան չունենք։
Նախկինում ունենալով արծաթագործության, գորգագործության, ասեղնագործության հարուստ ավանդույթներ, ինչու՞ պետք է Չինաստանից ներկրված անորակ զարդերն ու թուրքական զարդանախշերով կտորներից պատրաստված իրերը հաճախորդներին մոլորության մեջ գցելով, հայկականի անվան տակ վաճառենք, եթե կարող ենք մեր ազգայինը վերապրեցնել։
Թուրքիայի թանգարաններ այցելելուց հետո, միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով, օտարազգի զբոսաշրջիկը կարողանալո՞ւ է արդյոք ճիշտ պատկերացում կազմել ցեղասպանության թողած հետևանքների մասին և թե ինչ ահռելի մշակութային ժառանգություն են «մեր հարևանները» մեզնից գողացել ու շարունակում գողանալ։
Երկար ձգվող «ինչուների» շարք, որոնց պատասխանները արդեն մի քանի տարի է՝ փորձում եմ ստանալ Հայ արվեստագետից, պատմաբանից, գիտնականից, պաշտոնյայից, բայց ցավոք անարդյունք, քանի որ մի մասին ուղղված նամակներս այդպես էլ մնացել են անարձագանք, մի մասն էլ իրենց անգործությունն արդարացնում են այն հանգամանքով, թե երկրիրը էլ ավելի լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և դրանք երկրորդական խնդիրներ են։ Կա նաև մտավորականների մի ստվար հատված, ովքեր իսկապես մտահոգված են մեր մշակութային ժառանգության պահպանմամբ, բայց արդեն իրար մեջ չեն կարողանում համերաշխության եզրեր գտնել՝ սայլը տեղից շարժելու համար։
Այո, մենք պարտվել ենք և շարունակում ենք պարտվել մշակույթի բնագավառում։ Պարտվում ենք ոչ նրա համար, որ թշնամին փայլում է իր մշակութային չեղած ժառանգությամբ, այլ զուտ նրա համար, որ հայկական մշակութային արժեքներով ապրող մարդուն անվանում ենք՝ «տարազ ու հնություն սիրող (հետամնաց)», մայրենի լեզուն օտարածին բառերով չաղավաղող մարդուն՝ «կուլտուրական խոսող»։
Պարտվեցինք, որովհետև քանի դեռ հայկական մշակույթն ապրեցնող ջութակահարը, դաշնահարը, բալետի արտիստը, գեղանկարիչը և այլ արվեստագետներ, որոնցից շատերը ողջ կյանքների ընթացքում նույնիսկ զենք տեսած չկային, Հայաստանի գոյության կռիվն էին տալիս առաջնագծում, մեր մեջ մի մեծ մաս կազմող, մշակութային արժեքներից զուրկ անողնաշարներ զվարճանում էին Երևանյան ակումբներում։
Պարտվեցինք, քանի որ մինչև անգամ պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում հեռուստաեթերները հայրենասիրական հաղորդումներ ցուցադրելու փոխարեն շարունակեցին մարդկանց բթացնել իրար մեջ ատելություն սերմանող, իրենց կործանարար հեռուստասերիալներով։
Երբ կկարողանանք յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք և գիտակցենք ազգային շահը անձնականից գերադասելու կարևորությունը, երբ կրկին կդառնանք մեր մշակութային հարուստ ժառանգության արժանի կրողները, երբ կգիտակցենք, որ մենք ազգ ենք, այլ ոչ անհատների մի ամբոխ և վերջապես, երբ կկարողանանք իվերջո հասկանալ, թե որն է մեր ազգային անվտանգության ռազմավարությունն ու գաղափարախոսությունը՝ Հայը հավերժ կապրի»: