«Երկրորդ առանցքային հարցը վարչապետ Փաշինյանի ասուլիսից». Հակոբ Բադալյան
252
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 23:48
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրորդ առանցքային հարցը, որ իմ սուբյեկտիվ գնահատմամբ առանձնացրի վարչապետ Փաշինյանի ասուլիսից, ինչի մասին խոսել է նախօրեին՝ որ կանդրադառնամ առանձին գրառումով: Դա «թշնամի Թուրքիայի» թեման է: Այն, թե ինչ նկրտումներ ու մոտեցումներ ունի Թուրքիան Հայաստանի հանդեպ, երևի չունի ավելորդ նկարագրությունների կարիք: Մյուս կողմից, մեզանում՝ մեր հանրային, պետական դիսկուրսում այս հարցը տասնամյակներով պարզունակացվել է «թշնամության» հռչակագրի մակարդակի: Ընդ որում, այստեղ, իհարկե, թե՛ «ակադեմիական», թե՛ «սրճարանա-ժամանցային» հռչակագրեր են՝ և հիմնականում Երևանում «ուրբանիզացված», ու գործնականում ոչ մի քաղաքական լուծում՝ լինի տակտիկական, թե ստրատեգիական: Այդ «թշնամության հռչակագիրը» քաղաքական լայն տակտիկա-ստրատեգիական լուծում է եղել ու մնում մեկ երկրի համար՝ Ռուսաստանի: Ու բանն այստեղ այն չէ, որ Թուրքիան թշնամի չէ: Բանն այն է, որ հայ ժողովրդի մտածողությունը սահմանափակելով լոկ այդ պրիզմայի շրջանակում, հայկական պետականությունը միջազգային իրավա-քաղաքական սուբյեկտի հեռանկարի փոխարեն ստանում է ռուսական հավերժ ֆորպոստի կարգավիճակ: Անգամ «Դաշնային սուբյեկտի» էլ չէ, այլ ֆորպոստի: Իսկ ֆորպոստը մշտապես լինելու է պատերազմների մեջ՝ դրանից բխող ծանր հետևանքներով, իհարկե ոչ միայն պարտությունների՝ այլ նաև հաղթանակների դրվագներով, բայց բոլոր դեպքերում հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհերով: Ֆորպոստը հենց դրա համար է, որ պատերազմն իր ծանր հետևանքով, որքան հնարավոր է, հեռու լինի «Դաշնային սուբյեկտների» սահմաններից: Որն է ելքը: Այդ հարցը չունի միարժեք կամ կարճ, արագ պատասխան: Բայց ելքը հաստատ բանալ հակառուսականությունը չէ: Ավելին, այդ բանալ հակառուսականությունը խորացնում է ճգնաժամը, որովհետև տիրապետելով շատ ավելի մեծ ու լայն, բազմազան ազդեցության և ռեսուրսների, Ռուսաստանը կարողանում է հենց իր համար օգտագործել այդ «բանալ գործիքը», հաճախ կամ շատ դեպքերում հենց ինքն էլ դրած լինելով դա հայ ժողովրդի «ձեռքում»՝ հակառուսականություն և հակաթուրքականություն, հայկական միտքն ու քաղաքական բովանդակությունը կամա, թե ակամա սեղմող միևնույն «հարթաշուրթի» (պլասկագուպցի) երկու «ծնոտը»: Ելքը ոչ թե մյուս կողմից էլ Ռուսաստանը թշնամի հռչակելն է՝ ինչը Ռուսաստանը, ինչպես նշեցի, ինքն էլ հենց նաև հմտորեն խթանում և հետո վերածում է մեր դեմ բումերանգի, այլ այս՝ հայկական պետականության ճակատագրի համար թուրքական խնդրին առնչվող հարցերը «թշնամության» ստանդարտ «պրիզմայից» դուրս բերելը: Որպեսզի դրանով նաև կարողանանք Ռուսաստանին թույլ չտալ ստանալ բումերանգի էֆեկտ, ու նաև դուրս բերենք Հայաստանի հանդեպ իր ավանդական կամ ստանդարտ գնահատումների պրիզմայից: Սա էլ մյուս բավականին խորը ճգնաժամն ու փակուղին է հայկական պետականության ճանապարհին, որի հաղթահարումը անշուշտ ենթադրում է շատ բարդ աշխատանք թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին դաշտում: Որովհետև, ի վերջո, այդ խնդիրը լուծելու համար էլ Հայաստանը պետք է ամեն օր ուժեղանա ներքին կարողությունների առումով: Բայց, նաև պետք է ամեն օր փոխվի ռազմավարական խնդիրները դիտարկելու և լուծումներ գտնելու մեր մտածողությունը, մեթոդաբանությունը, մաղելով դրանից պաթետիկ զգայականությունն ու մեծախոս կենացականությունը, եվ, մեկ էլ՝ աշխարհը չարերի ու բարիների բաժանելու հեքիաթականությունը»: