Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մեր մշակույթի բնույթի մասին, որ այդքան ցավ է պատճառում արմատականներին». Պետրոսյան

«Մեր մշակույթի բնույթի մասին, որ այդքան ցավ է պատճառում արմատականներին». Պետրոսյան
471
Երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ., 01:06

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր մշակույթի բնույթի մասին, որ այդքան ցավ է պատճառում արմատականներին:
Ես հավատացյալ չեմ այս բառի եկեղեցական իմաստով: Նունիսկ մկրտված չեմ: Ծնվել եմ արցախյան մի գյուղում, ուր երեխաներին չէին կնքում, ուր եկեղեցին պահեստի էր վերածված և թթի օղու և հոտած պանրի «բուրմունք» էր փռում շուրջը: Սովորել եմ սովետական աթեիստական դպրոցում: Միայն տատս, որ տերտերի աղջիկ էր, երբ խոսք էր գնում եկեղեցու կամ մեր Պյանոր նան սրբի մասին՝ սաստում էր մեզ՝ վատ բան չասել: «Իմ իրեսս նրա վըետանը տակը» - ասում էր ու խաչակնքում: Միայն 7-րդ թե 8-րդ դասարանից, երբ սկսեցի հետաքրքրվել մեր գյուղի անցյալով, ուր օրինակ, կար «Քյոհնա (հին) հանգստարան»՝ խաչանշան տապանաքարերով կամ ավերակներ՝ «Կիրատեղ» (այսինքն Գրերի տեղ) անունով, կամ երբ մի օր՝ չգիտեմ ով, ինձ ցույց տվեց մեր եկեղեցու առաստաղից կախված քարե շղթան, որն ավարտվում է քարե խաչով, և այսպես շարունակ՝ իմ մեջ դանդաղորեն սկսեց ուրվագծվել մի մշակույթ, որին ինչքան էլ մենք աթեիստորեն մոտենանք, հազար ու մի արմատով, ճյուղով ու ծաղկով ներծծված է քրիստոնեությամբ: Հիմա ես կարող եմ միանշանակորեն հավաստել՝ ինչքան որ թույլ են տալիս իմ մտավոր ու մասնագիտական ունակությունները, որ հայ մշակույթն իր պատմական, հեթանոսական, ժողովրդական և այլ երանգներով հանդերձ քրիստոնեական մշակույթ է: Անկախ նրանից՝ մենք հավատացյալ ենք թե աթեիստ, մեզնից յուրաքանչյուրի մեջ այն մտնում է առաջին իսկ ճիչով և մարում վերջին շնչում:
Ինչո՞ւ համար եմ այս ամենն ասում: Սա չեմ գրում, որ ոգևորեմ որևէ մեկին կամ պարսավեմ մյուսին: Ովքեր ինձ գիտեն, կարծում եմ՝ կվստահեն իմ խոսքերին: Ուղղակի տարակուսում եմ, երբ մեր մշակույթը հետազոտողները, դժգոհ լինելով մերօրյա Հայ առաքելական եկեղեցու կառույցից և հատկապես նրա «սպասավորների» սպառողական, ըստ էության ոչ քրիստոնեական վարքից, հաճախ նրա հետ շփոթում են և մեր մշակույթն ու հատկապես մշկութային ժառանգությունը, տարածում իրենց մերօրյա ընկալումներն ու բողոքը քրիստոնեական անցյալի վրա: Ինձնից լավ գիտեք, որ այն մատյանները, որ դուք կարդում եք, այն բառերը, որ ստուգաբանում եք, այն եկեղեցական ավերակներն ու խաչքարերը, խազերն ու նկարները, որ ձեր սերը, մասնագիտությունը կամ հացն են, նախ և առաջ քրիստոնեական մշակույթի արդյունք են: Նրանք, ովքեր ստեղծել և ավանդել են այդ ամենը, եղել են քրիստոնյա հավատացյալ՝ բացարձակ մեծամասնությամբ՝ հոգևորականներ՝ կաթողիկոսից ու եպիսկոպոսից մինչև սարկավագ ու դպիր: Ձեր իրավունքն է՝ ընտրել հավատը, աթեիզմը կամ աշխարհիկությունը: Ձեր իրավունքն է նոր գաղափարներ ու հեռանկարներ մտորել և առաջարկել մերօրյա առաջընթացի համար, ուղիներ, որոնցից մի քանիսը հնարավոր է և մեր վաղվա ստեղծագործ օրն են որոշելու: Ես հարգում եմ ձեր այդ իրավունքը և ինքս էլ դա իմ անկապտելի իրավունքն եմ համարում և գործում եմ ըստ այդմ: Բայց գոնե հասկանանք, որ մշակույթի բնույթը հայտարարությամբ, ընդունելով կամ ժխտելով չէ, որ որոշվում է: Այն կա՝ անկախ մեր անհատական նպատակից, ցանկությունից ու դիրքորոշումից: Այն կա ի հեճուկս, ի զարմանս և երբեմն էլ, ինչքան հասկանում եմ, երևի՝ ի ցավ».:

Աղբյուրը`   Համլետ Պետրոսյան