Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նա նույնքան բարերար է, որքան Գագիկ Ծառուկյանն էր բարերար». Հովսեփ Խուրշուդյան

«Նա նույնքան բարերար է, որքան Գագիկ Ծառուկյանն էր բարերար». Հովսեփ Խուրշուդյան
397
Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 15:06

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Բոլոր նրանց համար, ովքեր իրենց ճղում են, թե բա Ռուբեն Վարդանյանին մի՛ քննադատեք, ինքը ԲԱՐԵՐԱՐ է...
Ուրեմն եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ, որ Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես և հրապարակային քաղաքական հայտ է ներկայացրել, ապա կուսակցություն ստեղծել՝ «Ապրելու երկիր» անունով ու արդեն հասցրել է մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ ծախսելով մեծ փողեր, թեև առանց որևէ շոշափելի հաջողության: Այսինքն՝ նա պայքարում է իշխանության համար: Այսինքն՝ նա նույնքան բարերար է, որքան Գագիկ Ծառուկյանն էր բարերար, երբ բիզնեսին զուգահեռ զբաղվում էր քաղաքականությամբ:
Ու քանի որ ես վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանի հետպատերազմյան ակտիվությունը պատահական չէ (մի ժամանակաշրջան, երբ Կրեմլում հասկացան, որ իրենց հիմնական դրածո Ռոբերտ Քոչարյանի հետ հույսեր չեն կարող կապել), ես շարունակելու եմ ներկայացնել Ռուբեն Վարդանյանից եկող քաղաքական վտանգները Հայաստանի ինքնիշխանության համար: Ու եթե նա հասկացավ, որ Հայաստանը Թաթարստան դարձնելու հույս չկա, ու հիմա փորձելու է Թաթարստան դարձնել Արցախը (այսինքն՝ հարուստ, բարեկեցիկ ու անվտանգ գավառ՝ Ռուսաստանի կազմում)՝ դրա պատասխանը արդեն արցախցիները պետք է տան, մանավանդ, որ այդ տարբերակը կարող է ընդամենը խայծ դառնալ շատ ավելի վատ տարբերակների համար, քանի որ ինքնին խիստ անիրատեսական է ու անիրականանալի:
Ինչ վերաբերում է Արցախում կատարվելիք իր ներդրումներին, ապա ոչ ոք նրան չի խանգարում դրանք անել: Ամեն դեպքում, վստահ եմ, որ նա Արցախում չի անի անգամ տասներորդ մասը այն ներդրումների, որն ամեն տարի անում է Հայաստանի ժողովուրդը, ում նա զրպարտում է՝ մեղադրելով արցախցիներին ատելու մեջ: Այն ժողովուրդը, ում լավագույն 4000 զավակները զոհվեցին հանուն Արցախի, որին, իբր, ատում է (ստորագույն այդ կեղծիքը, որը արտաբերեց Ռուբեն Վարդանյանը իրեն չի ներվելու երբեք):
Փոխարենը, իր ամեն ներդրած, ծախսած լուման շեփորահարվելու է քաղաքական «բարեգործության» ժանրի բոլոր կանոններին համապատասխան:
Ու վերջում. արդյո՞ք ես շատ մտահոգ եմ «Ռուբեն Վարդանյան» քաղաքական նախագծով: Անկեղծ ասած՝ ոչ այնքան: Դա մի պրոյեկտ է, որը կարճաժամկետ կտրվածքում մեծ վնաս չի կարող հասցնել Հայաստանին, քանի որ լուրջ արդյունքներ չի կարող արձանագրել: Իսկ երկարաժամկետ կտրվածքում, վստահ եմ, կորցնելու է Կրեմլում նստած իր քաղաքական պատվիրատուներին: Համենայնդեպս, մինչեւ Հայաստանում մյուս խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում իշխանություն է փոխվելու ու հենց Ռուսաստանն է փոխվելու ու դեռ հարց է, թե իր գովերգած բարեկեցիկ ու ապահով Թաթարստանը այն ժամանակ որտեղ է լինելու:
Իսկ այն մասով, որը վերաբերում է Արցախում իր քաղաքական ազդեցության տարածմանը, ապա, կարծում եմ, ռուսական (անգամ թղթե) սվինների վրա դա բարդ չի լինի անելը: Բայց, կրկին, արցախցիներն իրենք պետք է Արցախին վերաբերող որոշումները կայացնեն:
Բոլո՛րս ենք գտնվում կարեւորագույն որոշումներ կայացնելու փուլում: Իսկ դրա համար նախ ՀԱՍԿԱՆԱԼ է պետք ինչը, ինչպեսը, երբը եւ ինչի համարը»: