«Անցավ 40 օր, սակայն ինձ դեռ դատի չեն տվել»․ Թաթուլ Հակոբյան
236
Կիրակի, 19 նոյեմբերի, 2023 թ., 12:30
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցավ 40 օր, սակայն ինձ դեռ դատի չեն տվել Թարմ ուղեղով դառը սուրճի հետ ավանդակական դարձած թեման այսօր ձեր խոնարհ ծառան է: Քանի որ իմ բազմաթիվ ընկերներ անձնական նամակով հարցնում են, թե ինձ դատի տվեցի՞ն, ուզում եմ գրել հրապարակավ: Ոչ, բարեկամներ, դեռևս ոչ, բայց սպասում եմ, քանի որ դատական այդ գործընթացը հավանաբար առիթ կլինի, որ ցուցմունք տա նաև Արցախի վերջին նախագահ, հայկական երկրորդ հանրապետության լուծարումը ստորագրած Սամվել Շահրամանյանը: Ես պնդում եմ կրկին անգամ և այդ թեմայով հրապարակումը տեղադրում մեկնաբանության մեջ, որ սեպտեմբերի 20-ից հետո Ադրբեջանը Արցախի իշխանությունների գիտությամբ և հավանությամբ, Ստեփանակերտում նշանակել է ազգությամբ հայ պարետի ժամանակավոր պաշտոնակատարի: Երբ Ալիևը Ստեփանակերտում նշանակեց ադրբեջանցի պարետի, ինձ վրա սկսվեց համակարգված ատելության, սպառնալիքների ու նզովքի արշավ, որին մաս կազմեցին՝ ա/ ժամանակավոր պարետի հարազատների մի հատվածը, որոնք, բարեբախտաբար, ողջ ու առողջ հաստատվել են Հայաստանում, բ/ հայաստանյան ընդդիմության հատկապես քոչարյանական հատվածն ու նրան սատարող հայրենասիրական կուսակցությունների քարոզչամեքենան, գ/ Ապրելու երկիր կուսակցության այն անդամները, ովքեր ժամանակին մաս են կազմել Փաշինյանի թիմին, ինչպես նաև գործող վարչապետի թիմին մաս կազմած անդամներ: Ես հատուկ անուններ չեմ տալիս, որպեսզի չթիրախավորեմ որևէ մեկին: Ինձ համար ցավալի էր, որ վերը նշված շրջանակները, որոնց մի մասը Շահրամանյանին մոտ են, նրան հարց չտվեցին՝ ի՞նչ է պատմությունը: Այդ հարցը անձամբ կարող եմ տալ պարոն Շահրամանյանին, եթե նա համաձայնվի ինձ հարցազրույց տալ: Ես պարոն Շահրամանյանին այլ հարցեր էլ ունեմ, մասնավորապես՝ ինչու և ինչպես է Դավիթ Բաբայանը Շուշիում հանձնվել Ադրբեջանի հատուկ ծառայություններին, ով է պարոն Բաբայանին ավտոմեքենայով հասցրել Շուշի: Երկրորդ, այդ ինչո՞ւ էիք այդքան մտահոգվել իմ հրապարակմամբ, որտեղ ես անուն նշեցի միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը նշեց անուն և դրեց լուսանկար: Մինչդեռ ես գրել եմ, որ Ստեփանակերտում նշանակվել է պարետի ժամանակավոր պաշտոնակատար և շարունակում եմ դա պնդել՝ ևս մեկ առիթ տալով իմ դեմ դատական գործ հարուցելու: Իսկ Ձեզ, հարգարժան քննադատներ, չի հետաքրքրել, թե՝ ա/ այդ ինչու բոլորը դուրս եկան Արցախից, իսկ պարետի ժամանակավոր պաշտոնակատարը մնաց, իսկ Շահրամանյանը արժանացավ թռիչքով Ստեփանակերտից իջնել Սիսիան... բ/ ինչու են Ստեփանակերտից զանգահարում և մարդկանց հրավիրում Արցախ... որ մի կերպ հայ համայնք ձևավորվի ու Ալիևը դա վաճառի աշխարհին: գ/ ձեզ կարող է՞ մի օր հետաքրքրել, թե ինչ կա թաքնված Շուշի հյուրանոցում իբր ադրբեջանցի աշխատած մեկի պատմության տակ: դ/ ձեզ կարող է՞ հետաքրքրել, թե ինչպես Ադրբեջանին հաջողվեց հոկտեմբերի 3-ին կամ 4-ին (ի դեպ, այդ օրը և այդ պահին Շուշիում էի, այդ մասին գրել եմ դեռ 2020-ին) Սմերչի երկու հարվածով ավիրել մշակույթի կենտրոնը, որի տակ զոհվեցին 27 հայ ոստիկաններ... Այս թեմաները ինձ հետաքրքրում են և դրանց մասին մանրամասնորեն գրելու եմ իմ նոր հատորում, որն ունի «2020-ի աղետից 2023-ի հայաթափում» պայմանական անունը, որի վրա աշխատում եմ ամեն օր: Ձեր ընտրությունն է և իրավունքը ինձ քննադատելը և դատի տալը, նաև՝ անուղղակի Ալիևի քաղաքականությանը աջակցելը: Շարունակեք նույն ոգով: Ինչ վերաբերում է դատի տալուն՝ դեռ կտեսնեք, թե ով է ում դատի տալիս: Եւ վերջում, եթե հաստատվի, որ ես սխալ եմ եղել, իմ տեղեկատվությունը ճիշտ չէ, ապա ինչպես գրել եմ ժամանակին, հրապարակավ ներողամտություն եմ հայցելու և կրելու բարոյական ու նյութական պատասխանատվություն: Այսքանը, բորորիդ մաղթում եմ լավ հանգստյան օր»։