«Աչքերը տրորելու սովորությունը բարձրացնում է կերատոկոնուսի ռիսկը»․ Արմեն Մուրադյան
166
Այսօր, 16:48
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աչքերը տրորելու սովորությունը 3 անգամ բարձրացնում է Կերատոկոնուս հիվանդության ռիսկը։ Կերատոկոնուս բառը ծագել է հունարեն «kéras» բառից, որը նշանակում է եղջերաթաղանթ, և «cōnus», որը նշանակում է կոն։ Այսինքն, կերատոկոնուս բառը թարգմանվում է որպես «կոնաձև» եղջերաթաղանթ։ Կերատոկոնուսը դեգեներատիվ պրոգրեսիվ հիվանդություն է, որը հանգեցնում է եղջերաթաղանթի՝ աչքի գմբեթաձև թափանցիկ առջևի շերտի աստիճանական բարակեցման։ Բարակած եղջերաթաղանթը ներակնային ճնշման ազդեցության տակ առաջ է մղվում՝ ընդունելով կոնի ձև։ Կերատոկոնուսի զարգացումը հանգեցնում է աստիգմատիզմի և կարճատեսության զարգացման։ Չբուժվելու դեպքում, որոշ դեպքերում կարող է հանգեցնել տեսողության ամբողջական կորստի՝ եղջերաթաղանթի կենտրոնում սպիների առաջացման պատճառով: Սովորաբար, կերատոկոնուսը երկկողմանի է, 14.3% դեպքերում հիվանդությունը կարող է լինել միակողմանի։ Ներկայումս, հիվանդության նոր առաջատար ախտորոշման մեթոդների շնորհիվ, այն ախտորոշվում է շատ ավելի հաճախ և շատ ավելի վաղ շրջանում, քան նախկինում: Կերատոկոնուսի տարածվածությունը տարբեր է՝ կախված աշխարհագրական դիրքից, կիրառվող ախտորոշիչ չափանիշներից և ընտրված հիվանդների խմբից: Իրականացված հետազոտությունների արդյունքում հաղորդվող տարածվածությունը տատանվում է 0․3-ից 100.000 բնակչի հաշվով Ռուսաստանում մինչև 2300/100.000 Կենտրոնական Հնդկաստանում և 4790/100.000 Սաուդյան Արաբիայում: Կերատոկոնուսի առաջնակի հիվանդացությունը տատանվում է 1.5-ից մինչև 25/100 000։ Ամբողջ աշխարհում հիվանդության միջին տարածվածությունը կազմում է շուրջ 50/100.000։ Կովկասյան բնակչության շրջանում տարածվածությունը , ըստ գնահատականների, կազմում է 1000/100.000: Կերատոկոնուսի էթիոպաթոգենեզը վերջնականորեն ուսումնասիրված չէ։ Ենթադրվում է, որ այն առաջանում է ժառանգական, հորմոնալ, իմունային, մեթաբոլոիկ և շրջակա միջավայրի գործոնների համադրման արդյունքում: Որպես կանոն, հիվանդության զարգացումը սկսվում է սեռական հասունացման տարիքում, սակայն այն ախտորոշվում է միայն մի քանի տարի անց /սովորաբար, 20-30 տարեկան հասակում/, քանի որ վաղ փուլերում կերատոկոնուսը հեշտությամբ կարելի է շփոթել սովորական կարճատեսության կամ թեթև աստիգմատիզմի հետ: Հիվանդության հետագա զարգացումը կարող է լինել տարբեր. հիվանդների մեծամանսության մոտ տեսողության սկզբնական վատթարացումից հետո նրա սրությունը երկար տարիների ընթացքում /10-20 տարվա ընթացքում/ մնում է կայուն, մինչդեռ պացիենտների 10-27% մոտ տեսողության սրությունը կտրուկ նվազում է։ Որքան ավելի վաղ տարիքում է սկսվում հիվանդությունը, այնքան ավելի արագ է այն զարգանում և ավելի հաճախ է առաջանում վիրահատության անհրաժեշտությյունը։ Կերատոկոնուսի զարգացմանը նպաստող նախատրամադրող գործոնները ներառում են նաև. • Ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը․ այն, ըստ տարբեր հետազոտությունների արդյուքների, բարձրացնում է հիվանդության զարգացման ռիսկը 4․4-ից մինչև 7.5 անգամ։ • աչքերը հաճախակի տրորելու սովորությունը․ հիվանդության զարգացման ռիսկը բարձրանում է 3 անգամ • էկզեման․ բարձրացնում է ռիսկը 2 անգամ • բրոնխիալ ասթման․ հիվանդության զարգացման ռիսկը բարձրանում է 2 անգամ • ալերգիաները․ բարձրացնում են ռիսկը 1 անգամ • շաքարային դիաբետը • եղջերաթաղանթի մեխանիկական վնասվածքները և բորբոքումը • Ադիսոնի հիվանդությունը • շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանները (փոշի, օդի աղտոտվածություն); • հղիությունը • բնածին քրոմոսոմային անոմալիաները․ հիվանդների փոքրամասնությունն ունի աուտոսոմ դոմինանտ հիվանդության ընտանեկան անամնեզ: Հիվանդության ընտանեկան անամնեզի դեպքում նրա զարգացման ռիսկը մեծանում է 6 անգամ։ Նկարագրված է կերատոկոնուսի զարգացման կապը Դաունի, Տերների, Մարֆանի համախտանիշների, Լեբերի բնածին ամաուրոզի, միտրալ փականի պրոլապսի, կոլագենոզի հետ: Երկրորդային կերատոկոնուսը, որը նաև հայտնի է որպես հետվիրահատական կերատոէկտազիա, տեսողության լազերային շտկման անբարենպաստ արդյունք է: Կերատոկոնուսի հիմնական ախտանիշը տեսողության աստիճանական նվազումն է։ Հիվանդության ախտանիշներից են նաև՝ • տեսողական դիսկոմֆորտը • օբյեկտների պատկերների աղավաղումը • ցավը, քորը • լուսավախությունը • աչքերի արագ հոգնածությունը • լույսի աղբյուրի շուրջ տեսանելի լուսապսակները • դիպլոպիան • գլխացավը։ Կերատոկոնուսի պարագայում ամենակարևոր խնդիրներից է հիվանդության վաղ ախտորոշումը, որն կարող է նպաստել բուժման արդյունավետության բարձրացմանը։ Հիվանդության վաղ փուլերում տեսողությունը կարելի է շտկել ակնոցներով կամ փափուկ կոնտակտային ոսպնյակներով։ Ուշ փուլերում հիվանդները ստիպված են լինում անցնել կոշտ գազաթափանցելի կամ այլ հատուկ կոնտակտային ոսպնյակների։ Բուժման վիրաբուժական մեթոդներն են քրոսսլինկինգը, եղջերաթաղանթում ստրոմալ օղերի փոխպատվաստումը, և եղջերաթաղանթի փոխպատվաստումը /կերատոպլաստիկա/։ Քրոսսլինկինգը իրականացվում է հիվանդության վաղ փուլերում, այն բարձրացնելով երջերաթաղանթի կարծրությունը, դադարեցնում է հիվանդության զարգացումը»։