«Փաշինյանն ունի երկու ճանապարհ՝ ամեն գնով իշխանական աթոռ կամ մեմուարների հեղինակում բանտում». Վլադիմիր Մարտիրոսյան
121
Երեկ, 23:18
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդալու և ընկալելու: Հայաստանում կա երկու քաղաքական իրականություն: Մեկը ի դեմս սպառողական հասարակության, ում համոզել են, որ նախկինները իրենց թալանել են, և երկրորդ իրականությունը, ի դեմս քաղաքական ազգի, որը համոզված է, որ ներկաները դավաճան են: Այդ երկու իրականությունները որևէ կերպ չեն հասնում իրենց համոզմունքների հաղթանակին: Թալանը հետ բերողները թալանը չեն կարողանում գտնել ու հետ տալ իրենց իշխանության բերողներին, իսկ դավաճանության մեջ համոզվածները դեռ չեն կարողանում թալանի վերադարձին սպասողներին վերջնականապես համոզել, որ դավաճանված են իրենց ընտրյալի կողմից: Այլ էական դիսկուրս շուրջ չորս տարի է՝ չկա, օբյեկտիվորեն չի էլ կարող լինել և չի էլ լինելու: Քաղաքական այս կոնֆիգուրացիան շուրջ չորս տարի է չի փոխվում, և միամտություն կլինի կարծել, որ մինչ ընտրությունները, մնացած մեկ տարվա ընթացքում կփոխվի: Հակառակը՝ ավելի է սրվելու՝ ընգծելով նախընտրական կոնտուրները հենց այս տրամաբանության մեջ, ներառյալ արտաքին կողմնորոշման՝ հյուսիս- արևմուտք, ներհանրային՝ նախկին-ներկա, իրավասահմանադրական՝ Երրորդ Հանրապետություն-Չորրորդ Հանրապետություն հակադրումները: Այս չորս տարին Հայաստանի կորուստների տեսանկյունից ահռելի երկար է եղել, բայց քաղաքական ժամանակի տեսանկյունից շատ կարճ: Բոլոր քաղաքական ակտորները իրենց տեղերում են և թե՛ համոզմունքների և թե՛ սկզբունքների տեսանկյունից փոփոխություն չեն կրել: Դա ակներև է հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում, երբ քաղաքական դիրքավորումները կրկին ընդգծվում են՝ հատկապես նախընտրական ամբիցիաների առումով: Իշխանափոխության ոչ ինստիտուցիոնալ մեթոդները չեն տվել վերջնական և ցանկալի արդյունք, ինչպես նաև այս փուլում որոշակի ֆոբիաներ են առաջացրել համակարգի դեմ փողոցով ու հրապարակով կրկին պայքար նախաձեռնելու առումով: Ուստի չոր քաղաքական ռեալիզմը ստիպել է բոլորին դիրքավորվել նախընտրական քաղաքական տրամաբանության մեջ: Որքան էլ աբսուրդային է այս իշխանության դեմ ընտրական գործընթացներով պայքարելը, այնումենայնիվ, նույնքան էլ անխուսափելի: Անխուսափելիության լավ օրինակ դարձավ Գյումրին: Հենց Գյումրիում աշխատեց ընդդիմադիր քաղաքական ուժերի մաքսիմալ ներառականության, իրարից անկախ գործելու, սեփական ընտրազանգվածի հետ խտացված աշխատելու և ընտրության գալու մոտիվացիա ստեղծելու մոդելը: Փաստացի բոլորն իրենց պոտենցիալ ընտրողներին արեցին առաջարկ (այդ թվում՝ լիդերային) և այդ ուժով տարան՝ ընտրության ապահովելով համեմատաբար բարձր մասնակցայինություն, ինչն էլ իր հերթին դարձավ խոչընդոտ ՔՊ-ի համար 50%+ հավաքելու առումով: Սա ցույց տվեց, որ ՔՊ-ն իր ուժերի գերլարման պարագայում, ավելի շատ քան նախորդ ընտրություններում, ձայներ ստանալու և ձայների քանակով առաջինը լինելու պարագայում միևնույն է պարտվեց հետընտրական հաշվում: Թե ինչ կլինի առաջիկայում, էական չէ, էական է այն, ինչն աշխատեց որպես խոչընդոտ: Տիրապետելով ընդդիմադիր դաշտի հակասություններին և դիսկուրսներին և որևէ ցանկություն չունենալով տուրք տալ դրանց ծավալի մեծացմանը՝ ուզում եմ նշել մեկ կարևորագույն հանգամանք: Այդ հանգամանքի քաղաքական անունը քաղաքական և առաջնորդական առաջարկ-ամբիցիան է: Կա քաղաքական առաջարկ-ամբիցիա և հավակնություն՝ ուրեմն կա գործընթաց և հավատ այդ գործընթացի նկատմամբ, լինի դա իմպիչմենթի գործընթաց, որը կարելի է շատ լրջացնել և դնել ռելսերի վրա, թե անխուսափելի ընտրությունների գործընթաց, որևէ տարբերություն չկա: Կա մեկ տարբերություն՝ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելիս պետք է ունենալ վարչապետի հավակնորդ ( առաջարկ-ամբիցիա), և դա յուրաքանչյուրը լինել չի կարող միայն այն պատճառով, որ այդ պրոցեսը քաղաքական կշիռ ունենա և չհանգչի ընթացքի մեջ՝ ունենալով հանրային կոնսոլիդացիայի լավ մեկնարկային հնարավորություններ: Միևնույն ժամանակ Փաշինյանի կազմակերպած ընտրությանը գնացող յուրաքանչյուր ընդդիմադիր հավակնորդ, որը չունի հետընտրական գործընթացների պլանավորումներ, օպերացիոն համակարգ և հենց նախընտրական, ընտրական և հետընտրական փուլում դրա հնարավոր գործարկմամբ նաև ՔՊ-ի զսպման և օրենքից դուրսի բացառման մեխանիզմներ, մեծ քաղաքական ռիսկի և մեծ ավանտյուրայի դուռ կարող է բացել այս երկրի առջև: Փաշինյանն ունի երկու ճանապարհ՝ և նա դա հստակ ընկալում է կամ ամեն գնով իշխանական աթոռ կամ մեմուարների հատորների հեղինակում բանտում: Նա գործելու է այս տրամաբանության և երկընտրանքի միջակայքում, իսկ ինչ միջակայքում է գործելու նրան իշխանազրկող հնարավոր առաջնորդ/ների և նրա/նրանց հետևից գնացող ընդդիմադիր հանրությունը ցույց կտա շատ կարճ քաղաքական ժամանակը և քաղաքական առաջարկը: P.S. Մարդիկ քաղաքականության, քաղաքական գործընթացների մասին կարծիք և պատկերացումներ չեն կազմել և չեն կազմելու գործընթացների, գաղափարների, արժեքների միջոցով, այլ կազմել և կազմելու են բացառապես վերը նշվածները մարմնավորող, նյութականցնող և գետնին կանգնացնող անձանց, առաջնորդների և հատկապես նրանց հավակնությունների միջոցով»: