Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Կվերականգնվի Հայաստանում ամբողջական պահպանված միակ խճանկարը

Կվերականգնվի Հայաստանում ամբողջական պահպանված միակ խճանկարը
116
Այսօր, 01:12

Մեկնարկել են Գառնիի արքունի բաղնիքի հատակի խճանկարի ուսումնասիրման, հետագայում նաև վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են իտալացի մասնագետների օգնությամբ: Ըստ վերականգնման և ամրակայման նախագծի՝ ամբողջությամբ կփոխարինվի նաև բաղնիքի ծածկը: Վերականգնողական աշխատանքները կտևեն երեք տարի:
3-րդ դարով թվագրվող այս բացառիկ հուշարձանը գտնվում էր անմխիթար վիճակում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բաղնիքի հատակը և արտաքին պատերի ստորին մասերը խոնավ են, քանի որ հիմնականում գտնվում է տեղանքի մակարդակից ցածր նիշում: Տանիքի ծածկից թափվող ջրերն ամբողջությամբ չէին հեռացվում, ինչի պատճառով առավելապես վնասվել է խճանկարը:

Բաղնիքը հայտնաբերվել է 1953-1954 թվականին իրականացված պեղումների արդյունքում:
Խճանկարն ունի գեղարվեստական մեծ արժեք. այն Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված միակ օրինակն է։
Խճանկարի առասպելաբանական սյուժեն պատկերում է հունական դիցաբանության ծովային տարատեսակ աստվածություններ և արտահայտում կյանքի ծնունդն ու շարունակությունը կենարար ջրում։ Հորինվածքի կենտրոնում հյուսածո, վարդագույն շրջանակի մեջ տղամարդու և կնոջ պատկերներ են, որոնք ներկայացնում են Օվկիանոսի և Ծովի աստվածներին, շրջանակից դուրս՝ ալիքվող ծովի կանաչավուն խորքի վրա, ջրային աստվածություններ են՝ ձկնակերպեր, դելֆիններ, ջրահարսեր, ինչպես նաև մեծ ու փոքր ձկներ ու ձկնորսներ։
Հելլենիստական աշխարհի նմանօրինակ սյուժեներով խճանկարներից Գառնիի խճանկարը տարբերվում է կատարման տեխնիկայով, հայկական բնաշխարհի 15 գույնի քարերի օգտագործումով ու ոճով։
Խճանկարում հստակ պահպանվել են հունարեն ընթեռնելի մակագրություններ՝ «Ծովի խոսք», «Ծովային անդորր», «Ծովեզերք»։ Կենտրոնական հատվածում՝ տղամարդու և կնոջ պատկերներից վեր, գրված է ΜΗΔΕΝ ΛΑΒΟΝΤΕC ΗΡΓΑCΑΜΕΘΑ՝ «Աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»: