Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մեզանում, ցավոք, զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը»․ Հակոբ Բադալյան

«Մեզանում, ցավոք, զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը»․ Հակոբ Բադալյան
156
Այսօր, 18:42

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր առաջ Էջմիածնում մի քանի հոգով դաժանորեն ծեծել ու սպանել են 22-ամյա երիտասարդի: Այսօր լուր եմ կարդում, որ Լոռիում են մի քանի հոգով դաժանորեն ծեծել ու սպանել 29-ամյա երիտասարդի:
Դե, Նոր Նորքի «թաղապետարանում» խմբակային հարձակումը ուղիղ եթերում տեսել են, թերևս, բոլորը:
Երբ այդ օրերին գրեցի, թե տղամարդկությունը, որպես արժեք, վերացվել է վաղուց, շատ հարգարժան օգտատերեր բազմիմաստ հարց տվեցին՝ ո՞րն է դա:
Հարցն, իհարկե, ունի շատ տողատակեր, մինչև անգամ խոհափիլիսոփայական զրույցների: Անկեղծ ասեմ, դրա հավեսը և նույնիսկ կարողությունն էլ չունեմ:
Բայց, թերևս, մի քիչ պարզ անդրադարձ արժե: Տղամարդկությունը այն է, որ խմբով չեն հարձակվում մեկի վրա:
Հիմա կասեն՝ «այսինքն՝ կանայք հարձակվո՞ւմ են, դա «օքե՞յ ա»»:
Իհարկե՝ ոչ: Ներեցեք, չարժե «սեռերի իրավահավասարության» հարցը հասցնել մանիակալ աստիճանների:
Պարզապես, տղամարդիկ, այո, երբեմն հարաբերություններ պարզում են ֆիզիկական ուժի գործադրմամբ: Դա բնորոշ է արական սեռին, ընդ որում՝ բնության, այսպես ասած, ուժային բալանսից բխող «բնորոշությամբ»: Եվ տղամարդկությունը, որպես արժեք, այն է, երբ ուժի գործադրումը լինում է արժեքային ու մտածողական այնպիսի շրջանակում, որ, ըստ էության, հավասարազոր է դառնում արժանապատվության գործադրմանը:
Այո, մենք իհարկե բոլորս երազում ենք ապրել իդեալական աշխարհում, բայց ցավոք սրտի, շարունակում ենք մեր գոյությունը մի աշխարհում, որտեղ լինում են իրավիճակներ, երբ հնարավոր չի լինում խուսափել ուժի բանեցումից:
Բայց այդ պարագայում ուժի և արժանապատվության համաչափ գործադրման շնորհիվ է ձևավորվում տղամարդկությունը որպես արժեք: Երբ հնարավոր չլինելով խուսափել, այդուհանդերձ մարդը չի վերածվում վայրենու՝ թե՛ ինքն իր, թե՛ դիմացինի հանդեպ:
Իսկ երբ խմբով, երբեմն պարզապես ոհմակով հարձակվում են մեկի կամ երկուսի վրա, դա ոչ մի կապ չունի թե՛ ուժի, թե՛ արժանապատվության հետ:
Մինչդեռ դա մի երևույթ է, որ այսօր տարածված է լայնորեն: Ավելին, բացի այն, որ կարող են խմբով հարձակվել մեկի վրա, հետո կարող են այդ նույն խմբով հավաքվել ու գլուխ գովել ավելի լայն շրջապատում:
Ուժն էլ մշակույթ է: Արհեստական ստերիլությամբ պետք չէ ապրել: Եվ հետևաբար հանրությունների առաջ կանգնող մշակութային կարևոր խնդիրներից մեկը ոչ թե ուժի բացառումն է, այլ ուժի մշակույթի ձևավորումը: Եվ հանրությունները ուժեղ են, ըստ էության, հենց դրանով՝ ոչ թե ուժը բացառելով, այլ ձևավորելով ուժի մշակույթը, երբ այն դառնում է թե՛ սեփական, թե՛ դիմացի անձի հանդեպ արժանապատվության հետ նույնական:
Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի: Եվ սա ոչ միայն ֆիզիկական ուժի, այլ նաև հասարակական հարաբերությունների տեսանկյունից: «Ոհմակ», «թայֆա», որի անդամին կարող է սիրալիր ներվել որևէ միտք, որի համար նույն մարդիկ կհոշոտեն շրջանակից դուրս որևէ անծանոթի:
Սա համալիր է, որ ճյուղավորված ու տրանսֆորմացված է բազմապրոֆիլ ու բազմամակարդակ, և որը ֆիզիկական ուժի մակարդակում ավելի ու ավելի հաճախ է բերում վայրենության ու ողբերգության:
Ոչ թե ուժի բացառում, այլ ուժի մշակույթի ձևավորում: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, այս լուրջ խնդրի առաջ ենք մենք, որպես հանրային օրգանիզմ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան