«Իշխանությունները ոչ պատերազմ կարողացան վարել, ոչ խաղաղություն կառուցել»․ Տաթևիկ Հայրապետյան
108
Այսօր, 16:18
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես գումարով բանակ չգնալու օրենքին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ շատերն են փաստական գրել ու ցույց տվել այդ օրենքի հետեւանքով սոցիալական, բարոյական, հոգեբանական տիրույթում առաջացնող լուրջ խնդիրները։ Ըստ իս՝ այս ամենը, երբ դիտում ես ընդհանուր իշխանությունների վարած քաղաքականության համատեքստում, ապա շատ ակնհայտ է դառնում, որ իրենք նպատակային կամ ցաքուցրիվ քայլերով Հայաստանը դարձնում են անբովանդակ ու գաղափարազուրկ պետություն, ըստ իրենց՝ Հայաստանը պետք է լինի զուտ տարածք իբր բարեկեցիկ ապրելու համար, բայց այդ բարեկեցիկը գերազանցապես իրենց է վերաբերվում, այսինքն՝ «հերոս» հարկատուները փակում են իրենց չստացված ներդրումային ծրագրերի, «պադավատապետության», անիմաստ այցերի հաշիվը, դրա անունն էլ դնում ենք բարեկեցություն։ Բայց սա էլ մի կողմ։ Այստեղ այլ հարց կա՝ արդյո՞ք Հայաստանը կարող է իրեն թույլ տալ շռայլություն կուզեք կոչել, կամ թուլություն, լինելու գաղափարազուրկ պետություն։ Իմ խորին համոզմամբ, ՈՉ։ Առավել ևս, երբ հարևան հակառակորդը անպատկերացնելի ախորժակով, զավթողական ծրագրերով առաջնորդվող մի երկիր է, որտեղ հինգերորդ դասարանից սկսած պետական կրթական հաստատություններում 2023-2024 թվերից դասավանդվում է, որ Հայաստանը «իրենց պատմական հողն է»։ Անում են դա առանց որևէ հիմքի, զուտ, որովհետև ունեն ագրեսիվ նպատակներ։ Տարբեր հարցազրույցներում նշել եմ, որ Ադրբեջանը Հայաստանին գաղափարապես ու հոգեբանական դաշտում վերացնելու խնդիր է դրել, իսկ ՀՀ իշխանության քայլերը նպաստում են դրա լուծմանը։ Իշխանությունները ոչ պատերազմ կարողացան վարել, ոչ խաղաղություն կառուցել, ոչ բանակ մոդեռնիզացնել, ոչ արտաքին քաղաքականություն վարել, ամեն արված քայլ վնաս է հասցնում Հայաստանին թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով, բայց ամենից վատն այն է, որ այդ քայլերը Հայաստանը դարձնում են անբովանդակ ու անհետաքրքիր արտաքին խաղացողների համար, իսկ ներքին՝ հանրային տիրույթում, եթե Հայաստանը դառնում է գաղափարազուրկ ու ապազգային պետություն, ապա շատ շատերը, որոնք հրաժարվում են արտերկրում ապրելու բավականին գրավիչ հեռանկարից՝ հանուն Հայաստանի, արդեն չունեն նման մոտիվացիա գաղափարազուրկ պետության մեջ ապրելու, որտեղ չկա բարոյական պարտքի որևէ հիմք, իսկ շատ շատերի գործողությունների հիմքում ընկած է հենց ազգային ինքնության ու բարոյական պարտքի զգացողությունը՝ պետության ու ժողովրդի հանդեպ։ Հայաստանը Հայաստան է իր ազգային ինքնության բաղադրիչներով, իր ազգային պետություն լինելով՝ իր լեզվով, կրոնով, մշակույթով, ավանդույթներով, արմատներով, ինչու չէ նաև հենց Զինված Ուժերով։ Շատ հայեր հենց դրա համար են ցանկանում մնալ ու ապրել Հայաստանում, երեխաներ մեծացնել Հայաստանում, թեև Հայաստանում ապրելը հեշտ գործ չի։ Բացի այն, որ իշխանությունները տևական ժամանակ համառ պայքար են մղում մեր ազգային ինքնության բաղադրիչների դեմ՝ վտանգելով նաև մեր պետական ատրիբուտները, այդ թվում՝ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, հիմա արդեն անցնում են բարոյական՝ համամարդկային արժեքների ոտնահարման քաղաքականության կիրառմանը։ Հայի ինքնության ապազգայնացումը զուգորդում են մարդու ապամարդկայնացման հետ։ Կանտն ասում էր․ «Երկու բան միշտ նոր զարմանքով ու երկյուղածությամբ են լցնում մեր սրտերը։ Դրանք են՝ աստղազարդ երկինքը մեր վերևում և բարոյական օրենքը մեր մեջ․․․»։ Բարոյական օրենքն ու ազգային ինքնության գաղափարը հանեք, տակը բան չի մնում։ Իսկ Հայաստանը հենց ինքնության, գաղափարի, բովանդակության ու բարոյական չգրված, բայց շատ կիրառելի օրենքների համար է գրավիչ ու թանկ մարդկանց սրտերի համար։ Ուստի հայհոյանքի, վիրավորական բառամթերքի, դատարկ զրույցների, վտանգավոր օրենքների ամբողջական պատկերը Հայաստանի չլինելու մասին է։ Բայց ոմանք մոռանում են, որ իշխանությունը երբեք ու ոչ մեկի համար հավերժ չէ, գալու է պահ այդ արվածի համար պատասխանատվություն կրելու, ընդ որում՝ և՛ բարոյական, և՛ իրավական դաշտում․․․Իսկ Հայաստանը վստահորեն հավերժ է՝ անկախ բոլոր դժվարություններից»։