Փյունիկն առասպելական կենդանի է, որ այրվում ու հառնում է մոխրից: Արամ Սարգսյանը անկախության շրջանի այն եզակի քաղաքական գործիչներից է, որ մի քանի անգամ է հառնել մոխրից: 2018-ի «նախկինների» դեմ, ծեծ ու ջարդի, անիշխանության ու ամենաթողության դեմ հեղափոխությանը Արամ Սարգսյանը դեմ էր, լինելով ընդդիմադիր «Ելք»-ի անդամ: Արամ Սարգսյանը չմասնակցելով դրան՝ կողմ էր Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը: Պարտվեց, վերադասավորեց ուժերը, սկսեց սպասարկել իշխանության նարատիվները: Արամ Սարգսյանը դեմ էր խաղաղության օրակարգին, լինելով ոչ մի թիզական, պարտվեց, այրվեց ու հիմա «խաղաղության դարաշրջանի» ջատագովն է: Արամ Սարգսյանը 2008-ին Տեր-Պետրոսյանի թիմում էր, պարտվեց, սակայն վերադասավորեց միացավ Փաշինյանին ու Մարուքյանին դարձավ 2017-ի Սարգսյանի ընդդիմադիրը: Սարգսյանը 2003-ին Դեմիրճյանի հետ էր, պարտվեց, մնաց մակերեսին, միացավ Տեր-Պետրոսյանին: 1999-ին դարձավ վարչապետ, պարտվեց, դուրս մնաց պայքարից, միացավ Դեմիրճյանին: Այս 30 տարիների ընթացքում Արամ Սարգսյանը երբեք սեփական օրակարգ, սեփական գաղափարախոսություն չի ունեցել: Որպես քաղաքական գործիչ մակաբուծել է եղբոր քաղաքական կապիտալի փլատակների վրա: Որպես ընդդիմադիր երբեք սեփական օրակարգն ու գաղափարախոսությունը չի ունեցել, միշտ եղել է թրենդի կցորդը, թրենդային ուժերի ճամբարում, հետո լքել նրանց ու միացել հաջորդ թրենդին: Ինչպես սովետական անեկդոտն էր ասում՝ ոչ թե շեղվել է գծից, այլ՝ տատանվել է գծի հետ: Պրոռուսական թրենդի ժամանակ եղել է պրոռուս, հակառոբականի ժամանակ՝ հակառոբ, սերժականի ժամանակ՝ սերժական, ոչ մի թիզի հետ՝ ոչ մի թիզ, պարտությունից հետո՝ խաղաղության խաչմերուկ: Սիտուատիվ պոպուլիստ, թրենդի սպասարկու, միշտ ալիքի հետ լողացող: Գույք պարտքի դիմացի, ռուսական զորքի մնալու, Բաքվում չայ խմելու ջատագով: Հիմա էլ բարեհաջող հանգրվանել է Փաշինյանի քաղաքական ծոցում, Հռոմի պապից ավելի կաթոլիկ հակառուս է, բայց աջակցում է պրոռուսական բիզնեսներին, աջակցում է ռուսական սանկցիաները շրջանցող բիզնեսներին: Նա և նրա կուսակցության անդամները ռուսների պես են, ուժեղն է ճիշտ՝ բնույթով Բուչա անողների տրամաբանությամբ, բայց ձևով, իբր, պրոեվրոպական, որն ամենաշատն է հարվածում եվրոպական արժեքներին, իրավունքի պետության գաղափարին: Նրան միշտ ընդունել են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը՝ լեգիտիմացնելով նրա անսկզբունքային, կոմպլեմենտար քաղաքական վարքը: Նրա միակ նպատակն է եղել ու կա, լինել քաղաքական դաշտում, մնալ մակերեսին, ադապտացվել ու իր փայը գտնել՝ լինի իշխանությունը, թե ընդդիմությունը: Արամ Սարգսյանի կերպարը հայկական քաղաքական համակարգի կոռումպացվածության, անսկզբունքայնության, սիտուատիվ պոպուլիզմի, անպատասխանատու քաղաքականության մարմնացում է: Ինչպես և Գեղամյանը, Շավարշ Քոչարյանը, Արթուր Բաղդասարյանը և բազմաթիվ այլ՝ նրանից առաջ ու նրանից հետո քաղաքական առևտրականները, քաղաքականությունը շուկայի ու կոմերցիայի վերածածները: Հայկական քաղաքական համակարգի թշվառության դեմքն ու չափը»: