Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Կենսաչափական անձնագրերի ներդրումն ուղիղ կապ ունի ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ»․ Արփինե Սարգսյան

«Կենսաչափական անձնագրերի ներդրումն ուղիղ կապ ունի ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ»․ Արփինե Սարգսյան
131
Այսօր, 11:12

ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը «Արմենպրես»-ի եթերում անդրադարձել է կենսաչափական անձնագրերի ներդրման գործընթացին։

2026 թվականի երկրորդ կիսամյակում հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։

Ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը: Հայտարարվել էր մրցույթ, մասնավոր գործընկերոջ հետ արդեն կնքվել է պայմանագիր: Այսպիսով՝ անձնագրային ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավորին:

Մասնավոր այդ ընկերությունը հանրապետությունում կունենա 23 տարածքային ստորաբաժանումներ:

«Ներկայում ունենք շուրջ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե 45-ը փակում ենք, ունենում ենք 23 ստորաբաժանում, և սա կարող է բարդացնել քաղաքացիների կյանքը: Բայց ճիշտ հակառակը՝ հնարավորինս այնպես ենք արել, որ քաղաքացու շփումն անձնագրային ծառայության հետ լինի մինիմալ: Այն տվյալները, որոնք հնարավոր է հավաքագրել էլեկտրոնային տարբերակով, կհավաքագրվեն այդպես: Միայն մեկ անգամ տարածքային անձնագրային ստորաբաժանում այցելելու կարիք կլինի»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով ըստ ժամանակացույցի՝ 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակում կկարողանան ապահովել արտադրությունը: «Այս պահին մասնավոր գործընկերոջ հետ ակտիվ քննարկում ենք դիզայնի և դրա կոնցեպտի հետ կապված հարցերը: Դրա հետ կապված որոշակի էլեմենտներ ենք դիտարկում, որոնք ավելի բնորոշ կլինեն Հայաստանի Հանրապետությանը: Այս փաստաթուղթը պետք է նաև մեր քաղաքացիների համար շատ խորհրդանշական փաստաթուղթ լինի, և, հետևաբար, ցանկացած դետալ պետք է շատ խնամքով ընտրված լինի: Առաջիկայում, երբ դիզայնի հետ կապված բոլոր լուծումները կհաստատենք, արդեն մասնավոր գործընկերը կանցնի մնացյալ գործընթացներին»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ չափազանց կարևոր է, որ այդ փաստաթղթերը լինեն այնպիսի անվտանգային չափանիշներին համապատասխան, որը թույլ կտա վստահաբար ասել, որ մեր հանրապետությունում թողարկվող բիոմետրիկ փաստաթղթերն անվտանգ են, դրանցում կեղծիքներ կատարելը չափազանց բարդ ու չափազանց բացահայտելի է:

Սարգսյանը նշեց, որ կենսաչափական անձնագրերի այս համակարգի ներդրումն ուղիղ կապ ունի ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ:

«Երբ ուսումնասիրում ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացն անցած երկրների փորձառությունը, տեսնում ենք, որ հիմնական հենասյունային ուղղություններից մեկը երկրում բիոմետրիկ ճիշտ համակարգն է, տվյալների պաշտպանության ճիշտ համակարգ ունենալը: Եվ այսպիսի բիոմետրիկ փաստաթղթերի ներմուծումը, այսպիսի կուռ համակարգի ստեղծումն ուղիղ ազդեցություն ունի վիզաների ազատականացման թեմայի վրա: Սա խոշոր ուղղություններից է, որ ԵՄ-ն պետք է գնահատի ու հասկանա, թե որքանով է անվտանգ բիոմետրիկ տվյալների պաշտպանության համակարգը երկրում, որքանով է երկիրը պաշտպանված անձը հաստատող փաստաթղթերի հնարավոր կեղծումներից»,-ասաց նախարարը:

Սարգսյանը նաև անդրադարձել է նախարարության կողմից իրականացվող այլ ծրագրերի ու փոփոխությունների, այդ թվում՝ վարորդական վկայակայանների թվայնացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

Արփինե Սարգսյանի հարցազրույցը