Կիրակի, 09 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Միջնադարյան Հայաստանի առևտրի բացառիկ վկան. Ջրափիի քարավանատունը

Միջնադարյան Հայաստանի առևտրի բացառիկ վկան. Ջրափիի քարավանատունը
49
Այսօր, 22:30

Շիրակի մարզի Ջրափի գյուղի եզրին, կիսաքանդ պատերի և խոնարհված կամարների տակ, դեռ կանգուն է միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության բացառիկ հուշարձաններից մեկը՝ Ջրափիի քարավանատունը։ Ժամանակին այն հարյուրավոր առևտրականների, ճանապարհորդների և քարավանների հանգրվանն էր, իսկ այսօր լուռ հիշեցում այն մասին, թե ինչ կարևոր տեղ էր զբաղեցնում Հայաստանը միջազգային առևտրի ճանապարհների քարտեզում։
Պատմաբանների գնահատմամբ՝ քարավանատունը կառուցվել է X–XI դարերում՝ Բագրատունյաց Հայաստանի վերելքի շրջանում։ Այն տեղադրված էր Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր առևտրական ճանապարհի վրա։ Այդ ճանապարհով էին շարժվում վաճառականները, արհեստավորներն ու ուխտավորները՝ իրենց հետ բերելով ոչ միայն ապրանքներ, այլև մշակույթ, գաղափարներ և տնտեսական կյանք։
Ջրափիի քարավանատունը միջնադարյան առևտրային ճանապարհային ենթակառուցվածքի կարևոր օղակ էր, որտեղ քարավանները հանգստանում էին, փոխանակում ապրանքներ, ապահովում մարդկանց ու կենդանիների կացությունը և շարունակում ճանապարհը դեպի Անի՝ այն ժամանակվա տարածաշրջանի ամենազարգացած առևտրային ու մշակութային կենտրոններից մեկը։ Քարավանատան տեղադրությունը պատահական չէր. այն գտնվում էր նաև հանրահայտ նույնանուն կամրջի հարևանությամբ, որը Ախուրյանի վրա կառուցված խոշորագույն կամուրջներից էր և սպասարկում էր նույն առևտրական ճանապարհը։
Քարավանատունն իրենից ներկայացնում է եռանավ դահլիճ՝ մոտ 31 մետր երկարությամբ և 13,65 մետր լայնությամբ։ Երկու շարքով տեղադրված ութական մույթերը կամարներով բաժանում էին ներքին տարածքը երեք նավերի։ Կառույցը շարված է սրբատաշ սև և կարմիր տուֆից, հատակը եղել է քարե մեծ սալերով։ Քարերի վրա պահպանված վարպետների նշանները հուշում են, որ այն կառուցվել է նույն ժամանակաշրջանում, երբ ծաղկում էր Անիի շինարարությունը, քանի որ նման են մի շարք նշանավոր հուշարձանների վրա հանդիպող նշաններին։
Սակայն 20 դարը կտրուկ փոխեց ոչ միայն բնակավայրի, այլև հուշարձանի ճակատագիրը։
1970-ական թվականներին, Ախուրյանի ջրամբարի կառուցման ընթացքում, հին Ներքին Ջրափի գյուղը հայտնվեց ջրամբարի գոտում և ապաբնակեցվեց։ Նույն ճակատագրին կարող էր արժանանալ նաև քարավանատունը։ Սակայն այն ապամոնտաժվեց, քար առ քար տեղափոխվեց նոր վայր և հնարավորինս նույնությամբ վերականգնվեց ներկայիս Ջրափի գյուղի տարածքում։ Այդ աշխատանքը բացառիկ օրինակ է խորհրդային Հայաստանի հուշարձանների փրկության պատմության մեջ, քանի որ միջնադարյան աշխարհիկ նման ծավալուն կառույցների տեղափոխումը հազվադեպ իրականացվող և բարդ ինժեներական գործընթաց էր։
Չնայած այդ փրկարար աշխատանքներին, այսօր հուշարձանի վիճակը մտահոգիչ է։ Կառույցը պահպանվել է միայն մասամբ։

Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատուն