Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հնագույն շրջանից կենսական անհրաժեշտ աղբյուր էր ցորենը». Կարինե Ավետիսյան

«Հնագույն շրջանից կենսական անհրաժեշտ աղբյուր էր ցորենը». Կարինե Ավետիսյան
2471
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 04:10

Արվեստաբան Կարինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...«ԵՐԲՈՐ ՑՈՐԵՆ ԷԼԱՎ ՔԱՆՑ ՄԱՍՈՒՐ ՄԻ,

ՈՒ ԳԱՐԻՆ ԷԼԱՎ ՔԱՆՑ ԸՆԿՈՒՅԶ ՄԻ»...

Հնագույն շրջանից կենսական անհրաժեշտ աղբյուր էր ցորենը, որտեղից էլ՝ ալյուրի, հացի կարևոր դերը ծիսական արարողությունների ժամանակ, դիցերին ցորենի հատիկների նվիրաբերումը...

Հողին «պահ տրված» Հատիկը՝ Սերմը, որն այնուհետև ծլարձակում էր ու բազմանում-դառնում էր Հասկ՝ Արևի, Հողի, Ջրի, Օդի շնորհիվ, Բնության պարգևի ու Մարդու աշխատանքի արդյունքում այլ Հատիկեր «ծնելով» - բազմապատկվելով, Կյանքի հավիտենական շրջապտույտն ու արգասավոր պտղաբերությունն էր խորհրդանշում (հողում «մեռնելով»-վերածնվելով-բազմանալով):

Հնագույն շրջանում հատիկների, սերմերերի կարևորությունը բացահայտող մի պատմություն կա՝ ն.թ.ա 6-5-րդ դարերում ապրած՝ չինացի փիլիսոփա Կոնֆուցիուսի հետ առնչվող, համաձայն որի, թագավորական ճաշի ժամանակ նա սկզբում հատիկները (կորիզներն) է ուտում՝ դեղձը թողնելով վերջում, ինչը որ տարօրինակ էր ներկաների համար:

Թագավորի հարցին, թե ինչո՞ւ է ընդունված կարգը խախտում, նա պատասխանում է, որ ոչ թե խախտում է, այլ՝ վերականգնում հաջորդականության հին կարգը:

Քանզի մարդու նախնական սնունդը հատիկներն էին, որոնք Սկզբնավորման խորհուրդն ունեն:

Եվ Սրբազան նվիրատվությունների ժամանակ հատիկներն էին մատուցվում՝ համարվելով պտուղի ազնվագույն մասը: Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է: Հայկական Լեռնաշխարհի՝ որպես Հացի ու Հացահատիկի, գարու բնօրրաններից մեկը լինելու վկայությունն է «Էրեբունի» պետական արգելոցը:

Տարածքի պատմական նշանակալի դերը բացահայտվել է դեռևս 1925-28 թվականներին՝ Վավիլովի ուսումնասիրությունների արդյունքում, որով փաստվեց, որ այստեղ պահպանվում են ցորենի բնիկ, տեղական վայրի հնագույն տեսակները (օրինակ՝ այն նույն՝ «ուրարտական» տեսակը, որի ածխացած հատիկներից հայտնաբերվել են Կարմիր Բլուրի հնավայրի՝ 1939-41 թվականների պեղումների ընթացքում):

Տոնական տրամադրությամբ, հորովելներով, տարբեր ծեսերով ու տոնախմբություններով էին ուղեկցվում հերկը, ցանքը, հունձքն ու կալը (վերջինս հատիկները հարդից զատելը, բաժանելն է, հիշենք Կոմիտասի հանճարով մշակված՝ «Կալի երգը»):

...«Ամբողջ գիւղը միասնաբար կ՝որոշէ հունձքի առաջին օրը, բոլորը կ՝իմանան, դուրս կը հանեն իրենց գործիքները ու կը պատրաստուին այդ օրուան։

Կը պատահի նաեւ որ գիւղին գիզիրը հունձքի նախօրէին երեկոյեան բարձր տանիքի մը վրայ կանգնած բարձրաձայն յայտարարէ.

«Վաղը մանկա՜ղը, մանկա՜ղ հա՜…, հազըր եղէք օր դաշտ էրթա՜ք… չըսէք օր չի լսեցինք հա՜…» («Բալուի երկրագործության մասին»՝ «Հուշամատյանի» էջից):

Տոների և ծիսակատարությունների ժամանակ դիցի խորհրդանիշի կնիքով առանց աղի ու թթխմորի հաց էր կիրառվում...

Հայոց տոնական սեղաններին հազարամյակներ շարունակ ցորենից, ալյուրից պատրաստված հնագույն կերակրատեսակներն էին՝ փոխինձը, խաշիլը, խավիծը (որոնք նկարագրված են նաև խեթական՝ մոտ 3.500 տարվա վաղեմության տեքստերում):

Աղանձը՝ բոված (խանձած), խոշոր աղացած (կամ՝ չաղացած) ցորենի հատիկներով՝ կանեփի սերմի հետ խառնած՝ մեր սիրված տոնական աղանդներն են ցարդ...

Երկնքի ու Հողի միասնությունից պտղաբերված Պտուղի՝ Կյանքի խորհրդանիշն է Ցորենը, և Ցորենի «Պտուղը» Հատիկն է, որում ամբարված է Կյանքի Խորհուրդը:

Հնուց ի վեր զանազան ծիսակատարությունների ժամանակ կիրառվել են Հատիկները՝ որպես բեղունության, առատության, լիության խորհրդանիշ:

Մեր օրերում շարունակվում է մանկան «Ատամհատիկի»՝ հնուց եկող արարողությունը՝ ի նշանավորումն առաջին ատամի դուրս գալուն, սեղանի վրա նստած մանկան գլխավերևում պահված կտորի վրա խաշած ցորենի, գարու, սիսեռի և այլ հատիկներ լցնելով (ի դեպ, ավանդաբար երեք իր է դրվել՝ սանր (ատամների հավասարության), հայելի (առատության բազմապատկման) և դանակ (ուժեղ լինելու) մաղթանքի իմաստով)...

Հարսանեկան տոնախմբություններին՝ տարբեր առիթներով՝ ինչպես, օրինակ, հարսին իր հոր տնից դուրս հանելիս երգերի, բարեմաղթանքների պահին «դեղին մուճակներուն» մեջ կորեկի հատիկներ էր լցնում հարսնաքույրը՝ որպեսզի հարսը «կորեկի նման արգասավոր, պտղաբեր՝ լիներ» (Ռ. Նահապետյանի՝ «Աղձնիքահայերի ամուսնահարսանեկան սովորույթներին ու ծեսերին առնչվող հավատալիքները» ուսումնասիրությունից):

Մինչ օրս էլ նորապսակների գլխին ցորեն, ընկույզ, չիր ու չամիչ շաղ տալիս մաղթում են՝
«Համո՛վ ապրեք ու Պտղաբերե՛ք»...

Ծեսերի խորհուրդը Կյանքի փառաբանումն էր, նրա հարատևության ապահովումը, տոհմի, ընտանիքի շարունակումը:

Ուստի և՝ ծնելիության՝ պտղաբերության, բերքի առատության մտահոգությունը մշտապես կարևորվել է ընդհանրապես՝ անհիշելի ժամանակներից ի վեր, Հայոց մեջ՝ մասնավորապես:

Այդ նպատակով տարբեր միջոցներ են կիրառվել՝ «չար ուժերին վանելու», «չար աչքը խափանելու» համար, քանզի չարքերը ձգտում էին խաթարել սերնդագործման ունակությունը՝ մարդկանց դատապարտելով ամլության, ինչպես բնությանը՝ երաշտի (այստեղից էլ՝ բազմազան ծիսական արարողություններն ու ավանդույթները)...

Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությամբ՝
«Հացը մեծ նշանակություն ունի Հայկյան Ազգային հավատամքում՝ որպես բեղմնավորման, բարգավաճման և բերքատվության խորհրդանիշ:

Մոգական խորանի անբաժան մասնիկներից է ցորենի ծլից բաղկացած Մասը, որը չջերմամշակված եղանակով պատրաստված ծիսական Հացն է:

Սովորաբար տնական խորանների վրա դրվում է հենց Արևհացը, իսկ յուրաքանչյուր տոնին՝ Խորանի վրա դրվում է տոնին համապատասխան հաց կամ թխվածք»:

«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում «Հատ»-ը բացատրվում է որպես «Ունդ, սերմն արմտաց, և որ ինչ նման է նոցա. մանավանդ ցորեան, յորմէ հաց. հատ, հատիկ, «Հատն ցորենոյ»:

Եվ՝ շարունակվում, որպես օրհնանքի խնդրանք՝ «Օրհնեա՛ զսեղանս զայս, և առաջիկայ հատս և զգինիս»:
Նույնը պատկերված է Իվրիզի ժայռաքանդակին՝ ստորև՝ լուսանկարը՝ Ցորենի հասկերով ու խաղողի վազերով, հայտնի որպես Թարքուի՝ հովանավոր գլխավոր Դիցի պատկեր (թեև Հողագործության հովանավորը Մշակն էր, Թարքուն Փայլակն ու Շանթն էր):

Հետաքրքիր մի դրվագ՝ բառերի ստուգաբանությունից՝ ալյուրի ու ջրի շաղախված, չխմորված զանգվածը «Հայս» է կոչվում, որը «Հաց»-ի արմատն է (ըստ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի):

«Ի Հայսէ խմորոյն ասէ զառաջին Հացն» (Հայկական Լեռնաշխարհի հնագույն՝ «Հատի Երկիրը»՝ «Հացի, Հասկի, Հատիկի (Հացահատիկի) Երկիրը» հիշենք՝ եգիպտական սկզբնաղբյուրներից, չմոռանալով, որ հնում արտահանվող ապրանքը տվյալ երկրի անունով էր կոչվում)...

Ցորենը, Ցորենի Հասկը, Հատիկը պտղաբերության, առատության, նաև՝ Կյանքի Վերածնունդի խորհրդանիշն է. Հողին վերադարձած Հատիկը նոր Հասկի Ծնունդն է...

Ահավասիկ Ն. Շնորհալու հայրեն - հանելուկներից, ուր Հատիկը Կյանքի հավերժական Վերածնունդն է խորհրդանշում, նաև՝ Սերմն ու Սնունդը:

«Մեռանիմ և մահանամ,
Դարձեալ յառնեմ, կենդանանամ,
Ջաչս ի յերկինըս համբառնամ,
Բազմաստեղօք պայծառանամ»:
(Ցորեան)

Կենսատու, Ոսկեշող Արևի ու Մայր Հողի արգասիքի խորհրդանիշն էր Ոսկեգույն Հասկը (Ոսկե Կռութը), Ոսկե Ծիլը...

Ոսկեծին, Ոսկեմայր Անահիտ Դիցամայրը բնորոշվում էր և «Ոսկեհատ» մակդիրով:

Հայոց ազգային տոնին՝ Վիճակի ծիսերգերում Համբարձման վիճակ հանող Հարսին նույնպես, բարեմաղթանքի ու առատության ակնկալիքով, «Ոսկեհատ» էին անվանում. «Ոսկեհա՛տ, հա՛ն վիճակն ի բարին,

Մտնես տուն ու մառան՝

Ձեռդ պարզես օսկու աման»...

Հնագույն շրջանից ի վեր, որպես Կյանքի, Արգասավորության խորհրդանիշ, ոճավորված Հատիկի պատկերը կիրառվում է կանանց հարդարանքում, զարդեղենում (ականջօղեր, մանյակ, կրծքազարդ, թասակ, գոտի, ճարմանդ...), բարձրաքանդակներում և, ընդհանրապես, զարդարվեստում (կանդրադառնանք, թերևս, մի այլ գրառմամբ)...

Դ. Վարուժանի խոսքերով ու առատ հունձքի մաղթանքով՝

Արտըս ոսկո՜ւն է…

Նըման բոցերու

Ցորենն է բըռնկեր՝

Առանց այրելու:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,

Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,

Գամ ոսկիդ հնձեմ՝

Մանգաղով արծաթ»: