«Կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամ. Հայաստանը՝ դրսի աչքով». Արմեն Աշոտյան
162
Այսօր, 18:12
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տնային կալանքի վայրից գրում է. «Օրերս հրապարակված Heritage foundation հեղինակավոր կազմակերպության հերթական զեկույցը՝ նվիրված աշխարհում տնտեսական ազատության ցուցանիշին, մանրամասն վերլուծվել է «Լույս» հիմնադրամի իմ գործընկերների կողմից: Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը հերթական տեսանելի նահանջն է արձանագրել Փաշինյանի կառավարության անփառունակ գոյության հետևանքով։ Որպեսզի լավ հասկանանք նման զեկույցների կարևորությունը, շեշտեմ, որ դրանք հիմք են հանդիսանում թե՛ պոտենցիալ ներդրողների, թե՛ գլոբալ քաղաքական դերակատարների համար համարժեք մոտեցումներ մշակելու հարցում, իսկ Փաշինյանն իր ամերիկյան այցերից մեկի ժամանակ այցելել է այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակ։ Եվ այսպես, ինչի՞ մասին է վկայում զեկույցը, ի՞նչ է այն ախտորոշում Հայաստանում։ 1. Հայաստանն էլ ավելի է սուզվում համակարգային ճահճացման մեջ, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության ասպարեզում։ 2018-ին խոստացված նաև տնտեսական «հեղափոխությունը» և այն ապահովող կախարդական փայտիկը թարս են բուսնել դրանց հեղինակների համար։ 2. Երկրի համակարգային և խորը ճգնաժամն արձանագրվում է միջազգային տարբեր փորձագիտական հետազոտություններով։ Heritage-ի զեկույցն այդ առումով Հայաստանի հերթական դաժան ախտորոշումն էր՝ Freedom House-ի, The Economist-ի, Transperancy International-ի՝ նույնքան մտահոգիչ արձանագրումների շարքում։ 3. Գնահատելով զեկույցի հիմքում ընկած տարբեր ցուցանիշները, ակնհայտ է դառնում, որ մեր երկրում օրենքի գերակայության հարցը, որը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման բազիսն է, ըստ հեղինակավոր աղբյուրի, խայտառակ վիճակում է։ 4. Վերջին չորս տարիներին Նիկոլի օրոք Հայաստանի ցուցանիշներն ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի օրոք 10 տարվա որևէ արդյունք։ 5. Ավելին, ՀՀ երրորդ նախագահի օրոք մեր երկիրը համաշխարհային դասակարգման մեջ տարբեր տարիներին զբաղեցրել է շատ ավելի բարձր հորիզոնականներ, քան այս տարվա 57-րդը։ Այսպես, 2017-ին՝ 33-րդ, 2009-ին՝ 31-րդ, իսկ 2008-ին՝ 28-րդ։ 6. Դատական էֆեկտիվության ցուցանիշը (Judicial effectiveness), որով չափվում է նաև դատական համակարգի անկախությունը, Հայաստանի այս տարվա ցուցանիշներից ամենացածրն է։ Ավելին, ըստ ամերիկյան փորձագետների, ներկայումս այդ խնդիրներն ավելի ցցուն են, քան «Սերժի Հայաստանում», ինչը վկայում է դատարանների կախյալության, քաղաքականացվածության և կոռումպացվածության աննախադեպ մակարդակի մասին։ Մեր դատական համակարգն ավելի խայտառակ վիճակում է, քան Նիգերիայում և Պապուա-Նոր Գվինեայում։ 7. Երկրում կոռուպցիայի մակարդակը բնորոշող ցուցանիշով (Government Integrity) Հայաստանը 100 միավորից ստացել է ընդամենը 50.4, ինչը խոսում է համակարգային կոռուպցիայի արմատավորման մասին, և երկիրն այդ արդյունքով դասվում է «հիմնականում անազատ» երկրների խմբին։ Մենք զիջում ենք, օրինակ, Ռուանդային և Բոտսվանային։ 8. Երկրում իշխանազավթումից հետո 2018-2020 թվականներին գրեթե բոլոր միջազգային զեկույցներում «թավշյաներին» ավանսով նկարած բարձր թվերը հետագա տարիներին հօդս են ցնդել՝ մերկացնելով իշխանախմբի ողջ թշվառությունը և իրական դեմքը։ Արդյունքում՝ հեղինակավոր զեկույցն արձանագրում է բառացիորեն հետևյալը. «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով։ Կոռուպցիան շարունակում է խարխլել տնտեսական զարգացման հնարավորությունները։ Օրենքի գերակայությունը Հայաստանում թույլ է։ Իսկ դատական համակարգի արդյունավետությունն աշխարհի միջին ցուցանիշից ցածր է»։ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ «Ձորաղբյուր» ՏԿՀ 13.03.2025»: