«Փաշինյանը, պրոռուսական գիծ բռնած, մանևրում է»․ Դավիթ Կարապետյան
157
Այսօր, 04:06
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավրովի playլիստը…. Աշխատանքային այցով Լավրովն էր Երևանում: ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ հետաքրքիր հարցեր ու անհետաքրքիր, ոչ համարժեք, ծեծված ու լղոզված պատասխաններ հնչեցին: Ուրիշ բան չէր էլ կարելի սպասել: Մանավանդ՝ հմուտ դիվանագետ է. գիտի՝ որը ինչով փոխարինել, ինչպես կոնկրետ հարցը տարբեր համեմատականներով ու զուգահեռներ անցկացնելով՝ տանել կորցնել, լսարանին շեղել, իր ուզած պատասխանը մատուցել, բայց այնպես, որ այն լինի դիվանագիտության սահմաներում: Նման իրավիճակում առանձնապես վերլուծելու բան չի մնում. Остается лишь «константировать факты»: Լավրովն ասում է. «Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Ջերմուկի դեպքերին համապատասխան ու դաշնակցային պարտավորություններին բնորոշ արձագանք են ցուցաբերել և հանդես եկել գործնական առաջարկներով»։ Այո՛, եղել է: Բայց պատասխանը և արձագանքը, մեղմ ասած, եղել է անհամարժեք, ժողովրդական լեզվով ասած՝ «ցրողական»… Անգամ կարիք չկա վերհիշել , թե՛ ՀՀ-ի դիմումը և թե՛ պատասխանը: ՀԱՊԿ-ը մեզ չի օգնել՝ տալով չօգնելու իր պատասխանը (ՀԱՊԿ պարտավորությունների չկատարման, իրենց գործնական առաջարկի, այդ թվում՝ դիտորդական առաքելության, մեր կողմից այն մերժման մասին բազմիցս եմ խոսել, տվել հստակ գնահատական): Իսկ եթե մաքսիմալ լակոնիկ՝ փաստ է, որ նրանք Հայաստանի համար / պատճառով Ադրբեջանի հետ չեն ցանկանում և չեն պատրաստվում խնդիրներ ու տարաձայնություններ ունենալ, առավել ևս՝ պատերազմի մեջ մտնել: Նախ՝ իրենց միջև առկա խնդիրներն էլ իրենց բավարար է, և հետո՝ դրա ամենաուղիղ ու անկեղծ պատասխանը բոլորի փոխարեն տվել է «Բածկան», ասելով. «Ильхам наш человек. Мы с ним не станем воевать…». Բացի դրանից՝ ռասկլադ է փոխվել, Ռուսաստանն իր վերաբերմունքն ու իր արտաքին քաղաքական գիծը էականորեն փոխել է: Եվ այսօր Հարավային Կովկասում նրա ռազմավարական դաշնակիցն Ադրբեջանն է, իսկ Հայաստանը՝ ֆորմալ, դե յուրե, բայց ոչ դե ֆակտո դաշնակիցն է: Պատմության անցքերը հիշելով, ռետրոսպեկտիվ (հետադարձ հայացք անցյալին) խոսույթն ակտուալիզացնելով՝ Լավրովն ասում է. «Ռուսական զենքն օգտագործվել է 7 անհերքելիորեն ադրբեջանական շրջանների գրավման և այնտեղ ամրաշինական և ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկն այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց է տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորվել վերադարձնել Ադրբեջանին»: Այստեղ նա բացում է խաղաքարտերն ու «Լավրովի պլան»-ի չակերտները: Նախ՝ դրանք ոչ թե ռուսական, այլ սովետական զենքեր էին և այդ զենքերով 90-ականներին կռվում էին նաև ադրբեջանցիները: «Գրավյալ տարածք» ասելով՝ մեզ օկուպանտ է որակում, հատկապես շեշտելով՝ «անհերքելիորեն ադրբեջանական շրջաններ» արտահայտությունը: Դրանով նաև վերահաստատում է իր անունով պլանը, ըստ որի՝ 5 շրջաններ պետք է աներկբա վերադարձվեին Ադրբեջանին: Հիշեցնում է, որ ռուսական զենքերով ենք ազատագրել (իր ձևակերպմամբ՝ գրավել /օկուպացրել) տարածքները: Ակնարկում է, որ այն ժամանակ մեզ են զենք տվել / վաճառել, հիմա էլ Ադրբեջանին են տալիս և որ դա նորմալ է, նեղանալ պետք չէ, «это всего лишь бизнес»… «Այդ շրջաններում այնպիսի ամրաշինական աշխատանքներ են կատարվել, որ տպավորություն է՝ հայերը չեն պլանավորել վերադարձնել այն Ադրբեջանին» մասը համադրելով՝ «անհերքելիորեն ադրբեջանական գրավյալ տարածքներ են» արտահայտության հետ՝ հասկանալի է դառնում, որ ՌԴ-ն հաշտ չի եղել նման ստատուս քվոյի հետ, հետևաբար՝ անգամ ռազմական լուծմամբ դրանց վերադարձի հետ հաշտ էր: Ասել կուզի՝ չեք ուզել տալ, բայց միևնույն է՝ պետք է տայիք: «Կար մոտեցում՝ հարցի լուծումը թողնվի հաջորդ սերունդներին: Երևի այն տարբերակն ավելի լավն էր, քան ինչ հիմա ստացվեց ու այսօրվա վիճակն է, քանի որ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական կողմից, մերժվեցին»: Հաջորդ սերունդների ուսերին թողնել չլուծված, գնալով ավելի բարդացող խնդի՞ր: Դա ճի՞շտ է, արդա՞ր է… Դա՞ է լուծումը: Ու ի՞նչ տրամաբանությամբ. հաջորդ սերունդն ավելի խելոք ու իմաստուն էր լինելու ու լուծու՞մ էր գտնելու, պատերազմների՞ց խուսափելու՞ էին: Մի՞թե սա էգոիզմ ու «գլխիդ ռադ անել» չէ: Այո՛, այն տարբերակը միանշանակ ավելի լավն էր, քան ինչ հիմա կա: Իսկ հիմա՝ ոչինչ չկա: Կա հայաթափված, ադրբեջանացված Արցախ: Կոմպրոմիսային տարբերակների մասով ժամերով կարելի խոսել: Կա մի փաստ՝ Ադրբեջանը ոչ մի կոմպրոմիսի տարբերակ չի հաստատել: Ո՛չ Կազանում, ո՛չ Քի-Ուեսթում և ո՛չ էլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում: Հայաստանն երբեք որևէ կոմպրոմիսային առաջարկ, լինի դա ռուսական, արևմտյան, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ չի մերժել: Ճեպազրույցի մի մասն էլ նվիրված էր աշխարհի տարբեր կոնֆլիկտների հետ զուգահեռներ ու համեմատականներ անցկացնելուն: Խոսեց Մոզամբիկում «Կալաշնիկով» լինելու, Գամբիայում ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանը միջամտելու մասին, ՄԱԿ-ի բանաձևը մեջբերելով հիշատակեց Կոսովոն, բայց մի բառ անգամ չասեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Դե իսկ ՀՀ արտգործնախարարն իր մասով, բացի ստանդարտ պատասխաններից, ասում է՝ * Հայաստանը չի անդամակցելու Եվրամիությանը, բանակցություններ այս ուղղությամբ չեն ընթանում, * Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել հայ-ռուսական հարաբերությունների ստրատեգիական բնույթը, այն պահպանվելու է, * Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում ես չէի շտապի կանխատեսումներ անել * Մենք այս տարի գոհ ենք հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայից: Եվ այո՛, որքան էլ առաջին հայացքից հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա, այդուհանդերձ՝ այն կառավարելի է: Ավելի շուտ այդկերպ դեմոնստրացվում-բեմականացվում է, իսկ իրականում՝ հետկուլիսային պայմանավորվածություններով շղարշված լավ էլ նորմալ ու բնականոն հունով ընթացող հարաբերություններ են: Իսկ՝ «Ռուսաստանը Հայաստանին հայտարարել է հիբրիդային պատերազմ, ստիպում է մեզ մտնել Միութենական պետություն, Հայաստանից սարքելու են գուբերնիա, Հայաստանը ուկրաինազացնելու են, երկրում պահում է հինգերորդ շարասյուն ու ագենտներ»՝ դրանք զուտ ՔՊ-ականների, նրանց սաթելիտների, իշխանական տաշտամանից օգտվող վերլուծաբանների, բլոգերների էքստրավագանտ երևակայության, բայղուշության, կոնսպորոլոգիա-վանգայության խտացված նարատիվներն են, որոնք հատկապես վերջին տարիներին, ամենօրյա ռեժիմով հրամցվում են ժողովրդին: Այդպես է ստացվում… Իրականում, Փաշինյանը որևէ էական հակառուսական քայլ չի արել, ընդհակառակը՝ պրոռուսական գիծ բռնած մանևրում է, Պուտինը փաստացի աջակցել է Փաշինյանին 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, Մոսկվա գնալ-գալը, Մոսկվայից Երևան ռուս բարձաստիճան ղեկավարների գալը կա, Պուտինին գովաբանելը կա, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ անդամակցությունը կա, ռուսական բազան ու հենակետերն իր իրենց տեղում են, առևտրաշրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել, տնտեսական ցուցանիշներն էլ վկայում են սերտ համագործակցության մասին: Այսքանից հետո, բնականաբար, հարց է առաջանում. կա՞ բողոք, կա՞ դժգոհություն… Իհարկե՝ ոչ քթի տակ, ոչ փնթփնթալով… Պաշտոնապես՝ չկա… Ընդհակառակը՝ ստացվում է բարձրաստիճան ղեկավարությունը լավ էլ գոհ է… Դե ուրեմն վերբեռնե՛ք ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Չնայած դրա կարիքն էլ չկա: Ամեն ինչ իր բնականոն հունով գնում է: Այնպես որ՝ «ախպոր պես», ճամփեք մարդուն Մոսկվա, դուք էլ կպեք ձեր գործերին… Ձեզանից պողոս-պետրոս դուրս չի գա…»։