«Որպես հավասարակշռող ուժ՝ անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներգրավումը գործնական ասպարեզներում»․ Արման Բաբաջանյան
104
Այսօր, 19:06
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, ինչպես նաև Պետդեպարտամենտի խոսնակի արձագանքը, հստակ վկայում են այն մասին, որ Վաշինգտոնն այսօր ոչ միայն տեղյակ է ընթացող գործընթացների խորքային բնույթին, այլև ձգտում է ամրագրել իր մասնակցության լեգիտիմությունը՝ թեկուզև առայժմ կուլիսային ներգրավվածության միջոցով։ Վաշինգտոնն ուղիղ ազդակ է հղում, որ տեսնում է հնարավորություն և պատրաստակամություն ներգրավվելու այնպիսի խաղաղության միջավայրի ձևավորման մեջ, որն ինքը կարող է համարել նաև սեփական դիվանագիտական հաջողության դրսևորում։ Ռուբիոյի նշած համատեքստը՝ այն է, որ Թրամփի քաղաքականության շնորհիվ տարբեր հակամարտություններում հնարավոր է եղել հասնել խաղաղության, անուղղակիորեն վկայում է այն մասին, որ ԱՄՆ գործող վարչակազմը խաղաղությունը դիտարկում ոչ թե որպես հանգամանքների միախառնության արդյունք, այլ որպես նպատակադրված գործընթաց, որում կա դիվանագիտական հաշվարկ, միջազգային պատկերի ձևավորում, ազդեցության դիրքերի ամրապնդում և շահերի կայունացում։ Եթե Վաշինգտոնը նման դեր է ստանձնում նաև այս տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, ապա Հայաստանը պետք է հասկացնի ԱՄՆ-ին, որ ունի ամենաշոշափելի շահագրգռվածությունը՝ այդ ներգրավվածությանը ոչ միայն չհակադրվել, այլ դիվանագիտական խողովակներով, պետական քաղաքականության ողջ լրջությամբ խթանել այդ ներգրավման հաստատուն, կառուցվածքային և երկարաժամկետ բնույթը։ Պետդեպարտամենտի խոսնակի հղումն այն մասին, որ երբ ժամանակը գա, կբացահայտվեն նաև ավել մանրամասներ, հստակ ակնարկ է այն բանի, որ արդեն իսկ ձևավորվել է միջպետական միջնորդական գործընթացի հիմք՝ ուղղակի կամ անուղղակի կապերով, որն առայժմ պահվում է փակ ռեժիմում՝ արտաքին ճնշումներից, քարոզչական շահարկումներից և գործընթացի վարկաբեկումից զերծ մնալու համար։ Նման մեթոդաբանությունը բնորոշ է այն իրավիճակներին, երբ կողմերը զգայուն փուլում են՝ ներքին և արտաքին ճակատում փխրուն հավասարակշռությամբ, և ԱՄՆ-ը չի ցանկանում ստանձնել բաց դիվանագիտական պատասխանատվություն մինչև վստահ լինի իր դերակատարման արդյունավետության հարցում։ Այս իրավիճակում Հայաստանի առավելությունն այն է, որ ԱՄՆ-ը նման գործընթացներ սկսում է միայն այն դեպքում, երբ տեսնում է սուբյեկտային կողմ, որը պատրաստ է լինել գործընկեր ոչ միայն խնդրի լուծման, այլև՝ լուծումից բխող պատասխանատվության բաշխման հարցում։ Սա Հայաստանի համար եզակի հնարավորության պահ է՝ ամրապնդելու իր միջազգային սուբյեկտայնությունը և դուրս գալու այն իներտ կեցվածքից, որն իրեն պարտադրվել էր պատերազմից անմիջապես հետո։ Հայաստանի խաղաղության ձգտումը հիմնված է միջազգային իրավունքի, կայունության և արժանապատիվ գոյակցության սկզբունքների վրա և սա այն հիմքն է, որի շուրջ կարելի է կառուցել ամերիկյան ներգրավման քաղաքական և տնտեսական կոնսենսուսը։ Եվ հենց այստեղից է սկսվում ռազմավարական հեռանկարի անհրաժեշտությունը՝ ամերիկյան ներգրավվածությունը վերածելու ոչ միայն դիվանագիտական փաստի, այլև կառուցվածքային ներկայության։ Որպեսզի ԱՄՆ-ի ներկայությունը դառնա հավասարակշռող ուժ՝ ռուս-թուրքական ազդեցության դիմաց, անհրաժեշտ է նրա ներգրավումը գործնական ասպարեզներում՝ հատկապես Սյունիքի հանքարդյունաբերության, մոդուլային ատոմային էլեկտրակայանի կառուցման, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցային ենթակառուցվածքների ոլորտներում։ Այդ ներգրավվածությունը ոչ միայն կնշանակի միջազգային ազդեցության բազմաբևեռացում, այլև Հայաստանի սուվերեն ընտրության իրավունքի վերահաստատում։ Ռուբիոյի և Պետդեպարտամենտի հայտարարությունները ազդանշան են, որ պատուհանը բացվում է։ Հայաստանը պետք է այդ պատուհանից ստեղծի անցում՝ դեպի ամրացված ռազմավարական ուղղություն։ Այս անցման հիմքը ամերիկյան կապիտալի, տեխնոլոգիայի և ռազմավարական ներկայության մուտքն է՝ իբրև հակակշիռ այն մոդելին, որի պարագայում Հայաստանը հայտնվում է ավտորիտար, շահագործող և իրեն ոչ բարեկամ ուժերի ազդեցության տակ։ Այդ մուտքը պետք է ոչ միայն չարգելվի, այլև խրախուսվի՝ պետական մակարդակով, ռազմավարական ծրագրավորմամբ, իրավական միջավայրի բարելավմամբ և քաղաքական աջակցությամբ։ Միայն այս ճանապարհով հնարավոր է ամրապնդել ամերիկյան ներկայությունը և զսպել այն վտանգները, որոնք բխում են այլընտրանքային՝ Մոսկվայի և Անկարայի հովանավորչության տրամաբանությունից»: