«Փոխադարձության սկզբունքի` ամրագրված լինելու վերաբերյալ պնդումները կատարյալ կեղծիք են». Հարութ Ուլոյան
104
Այսօր, 01:24
Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պրոպագանդան մանիպուլյացիոն «մտահոգություններ» է շրջանառում այն մասին, թե՝ «այո, խաղաղության վերաբերյալ ստորագրված հռչակագիրն ու փաստաթղթերը մեր երազանքը չեն, բայց պետք է վերջապես խելքի գանք. ամեն մերժումից հետո ավելի վատ դրության մեջ ենք հայտնվել ու երնեկ ենք տվել նախկինում եղած փաստաթղթերին»: Ու կրկին ամեն կերպ այս խոսույթը փորձում են մշուշապատել լևոնականությամբ: Որքան էլ տվյալ թեզի շրջանառումը զուտ քարոզչական բնույթ է կրում, սակայն կան մարդիկ, որոնց մոտ իրապես կարող են նման մտահոգություններ լինել: Ելնելով դրանից, առաջնահերթ պետք է արձանագրել հետևյալ իրողությունները. - Ցանկացած ընդդիմություն կարող է քննադատել կամ չքննադատել, գովել կամ չգովել նման քաղաքականությունն ու նման փաստաթղթերը, բայց ընդդիմությունը, քանի այն ընդդիմություն է, չի կարող ընդունել կամ չընդունել որևէ նման փաստաթուղթ: - Փաստաթղթի դրույթների կամ իրականացվող քաղաքականության քննադատությունը կամ դրանց վերաբերյալ հնչող մտահոգությունները չե´ն նշանակում առհասարակ մերժել խաղաղություն հնարավորությունը: - Այո´, մենք երնեկ ենք տալիս նախկին փաստաթղթերին, բայց այդ փաստաթղթերը ոչ թե ընդդիմության քննադատության շնորհիվ են «փոզմիշ» եղել, այլ՝ իշխանությունների (որքան էլ որ օտար մարդու համար անհեթեթ հնչի): 2018 թվականին ոչմիթիազական գաղափարախոսությամբ գալով իշխանության, Փաշինյանը - նախ կտրականապես մերժեց Սերժ Սարգսյանից ստացված փաստաթղթավորված ժառանգությունը; - ապա մերժեց արդեն իրեն ներկայացված բանակցային փաստաթղթերը՝ դրանք ներկայացնելով որպես հակահայակական ծրագրեր (որոնք, ի դեպ, մինչ օրս չեն հրապարակվում); - պատերազմի առաջին իսկ օրից մինչև վերջին օրը մերժեց սեղանին դրվող, բնականաբար՝ արդեն ամեն օր վատթարացող, փաստաթղթերը; - բունկերային ապաստանից ընդունեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ իշխանությունը կորցնելու իրական վտանգը չեզոքացնելու նպատակադրումից ելնելով; - հետևողականորեն հեռացավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված տրամաբանությունից ու ձևաչափից. ամեն ինչ արեց, որ իր իսկ ընդունած տվյալ հայտարարության հայտնի դրույթը ներկայացվի որպես «միջանցք», ապա այն որակեց որպես Հայաստանի ինքնիշխանության ու անկախության ոչնչացման հեռանկար, և այդ հեռնկարից, այսինքն՝ իր իսկ ընդունած դրույթից, խուսափելու համար Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում; - խաղեր տվեց եվրոպացիների ու ամերիկացիների հետ, ինչի արդյունքում վերջնականապես հայաթափվեց Ղարաբաղը; - սկսեց քարոզել, թե ամենաննպատակահարմար ձևաչափը՝ երկկողմ ձևաչափն է (ըստ էության, նպատակ ունենալով քողարկել արևմուտքի հետ ունեցած պայմանավորվածությունների ձախողումը); *** Այժմ, կրկին, որպես միջնորդ, ԱՄՆ-ն է ներգրավվել՝ «վերջնական ու մշտական խաղաղության» վերաբերյալ վերամբարձ հայտարարությունների ներքո: Արդյո՞ք ձեռք բերված պայմանավորվածությունների ներքո կլինի խաղաղություն: Ոչ ոք չի կարող ասել: Բայց փաստը մնում է փաստ, որ ընդունված հռչակագրով մենք պատրաստակամություն ենք հայտնել ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրել Ադրբեջանին: Պնդում եմ՝ փոխադարձության սկզբունքի ամրագրված լինելու վերաբերյալ պնդումները կատարյալ կեղծիք են: Սա ոչ գնահատականի հարց է, ոչ վերլուծության, ոչ մեկնաբանության, ոչ էլ, առավել ևս, պայծառատեսության: Սա ընդամենը սովորական նախադասություններ կարդալ իմանալու արդյունք է: Ոչ քաղաքական գործիչ է պետք լինել, ոչ էլ քաղաքագետ, որպեսզի հասկանալ, թե ինչ է գրված այդ հռչակագրում»: