«Աղջիկս մահացավ, որովհետև Միքայել Ադամյանը թույլ չտվեց հոսպիտալացնել, իսկ Հրայրն ու Գագիկ Հեբոյանը չվիրահատեցին»․ Աստղիկ Բաբախանյան
![]() 192 Այսօր, 11:54 Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ի ղեկավարության և բուժանձնակազմի մասին ահազանգերը չեն դադարում։ Բոլոր միջադեպերին խմբագրությունը կանդրադառնա առանձին հրապարակումներով։ 12 տարեկան Անահիտ Սողոմոնյանի ողբերգական մահվան դեպքի մասին ահազանգել է մայրը՝ Աստղիկ Բաբախանյանը։ Ներկայացնում ենք ահազանգի սղագրությունն ամբողջությամբ։ «Աղջիկս ծնվել էր 2009 թվականին։ Որոշ ժամանակ անց երեխայի մոտ բիլիրուբինը սկսել էր բարձրանալ։ Նկատվում էին թերաճման դրսևորումներ։ Ես բժշկական կրթություն ունեմ և երեխային տանում էի համապատասխան ստուգումների։ 3 տարեկանում երեխայի սիրտը սկսեց մեծանալ։ Ախտորոշվեց դիլատացիոն կարդիոմիոպաթիա (սրտի խոռոչների լայնացում)։ Սակայն, մինչև 2020 թվականը երեխաս շատ լավ էր․ աշխույժ, ակտիվ, բոլոր երեխաների նման ուրախ-զվարթ տունը տակնուվրա էր անում։ 7 տարի դպրոց է հաճախել։ Սկզբում հսկողության տակ էինք Արաբկիր ԲԿ-ում։ Պարզվեց, որ երեխայիս սրտի աորտայում թրոմբ կա, որը կարող էր պոկվել։ Արաբկիրի բժշկուհի Հասմիկ Սեմեոնովնան մեզ տարավ Նորք Մարաշ ԲԿ։ Բժիշկ նշանակվեց Նելի Թելմանովնան։ Երեխայիս վիճակը սկսեց վատանալ 2020 թվականից։ Սիրտն արդեն գրեթե 4 անգամ մեծացել էր, սակայն Նորքի սրտաբանականը հրաժարվեց երեխայիս հոսպիտալացնել։ Խնդրում-աղաչում էի, որ ընդունեն երեխայիս։ Երեխաս իրենց աչքի առաջ դանդաղ մահանում էր, սակայն տնօրեն Միքայել Ադամյանն ասում էր․ «տենց հիվանդներին մեր հիվանդանոց չենք ընդունում»։ Մի անգամ էլ ես, ամուսինս ու բժշկուհին մտանք տնօրեն Միքայել Ադամյանի մոտ։ Նա ընդհանրապես բժշկությունից գաղափար չուներ և միայն ասում էր․ «ոչ, մենք չենք ընդունի երեխային, չենք հոսպիտալացնի»։ Տանում էի տուն, գիշեր-ցերեկ արթուն, կողքին նստած մի կերպ պահում։ Երբ երեխայիս վիճակը շատ էր ծանրանում, զանգում էի Նորք Մարաշ ԲԿ, որ հերթագրվեմ, ասում էին՝ տեղ չկա։ Մի օր չդիմացա, ասացի՝ կգամ, կպայթացնեմ էդ ձեր հիվանդանոցը, երեխաս մահանում է, դուք ասում եք՝ տեղ չկա։ Մի անգամ նույնիսկ ծանր վիճակում շտապօգնությունով երեխային տարա Նորքի սրտաբանական, էլի չընդունեցին, ասացին․ «ձեր երեխուն տարեք ուրիշ հիվանդանոց»։ Ասում էի՝ գոնե երեխայիս միզամուղը կարգավորեք, հեղուկը լցվում է որովայն և ճնշումն ընկնում է։ Դա կարգավորեք, ես երեխայիս կտանեմ, կպահեմ։ Միևնույն է մերժում ու դուրս էին հանում հիվանդանոցից։ Նմանատիպ տարբեր ընտանիքների հետ զրուցելով և ուսումնասիրելով՝ իմացել էի, որ բժիշկ Հրայրը և նրան փոխարինող Գագիկ Հեբոյանը վիրահատում են նման դեպքերը, ցանցի մեջ են դնում սիրտը, կամ ինչ որ ստիմուլյատոր են դնում և սրտի աճը կարգավորվում է։ Մի օր, առանց տեղեկացնելու, գնացի այդ Հեբոյան Գագիկի մոտ, ասացի, որ երեխաս մահանում է, պետք է վիրահատել, կամ կապ հաստատեք Հրայրի հետ, թող գա վիրահատի, կա՛մ բուժի, կա՛մ լուծում առաջարկի։ Գագիկ Հեբոյանը շատ կարճ ասաց․ «կգրեմ Հրայրին»։ Այդքանը և վերջ։ Նույնիսկ կապ էլ չհաստատեց, որ ասի, թե ինչ է խոսել այդ Հրայրի հետ։ Մի քանի օր անց միայն, երբ գնացի բժշկուհու մոտ, նա ասաց․ «Հրայրն ասել է՝ թող եղած դեղերը շարունակեն»։ Այդքանը։ Պատկերացրեք․ երեխայիս հոսպիտալացնում էին Արաբկիր ԲԿ-ում, Ծերեթելիում, որոնք սրտի մասնագիտացված կենտրոններ չեն, հետո ուղարկում էին Նորք Մարաշ ԲԿ, զանգահարում էին, ասում․ «երեխան սրտային խնդրով է և ձեր հիվանդն է, պետք է ընդունեք», սակայն, տնօրեն Միքայել Ադամյանը համառորեն մինչև վերջ երեխայիս չհոսպիտալացրեց։ Վերջին օրերին երեխաս ամբողջությամբ ուռել էր ու շատ անհանգիստ էր, տանջվում էր։ Մի անգամ մահճակալից ընկավ, ստիպված էինք հատակին անկողին պատրաստել, որպեսզի մահճակալից վայր չընկնի։ Այդպես, սիստեմաներով մի կերպ երեխաս տանը վեց ամիս ապրեց։ Իսկ ես, գիշեր-ցերեկ արթուն, ռոբոտի նման սարքերին էի հետևում։ Մահանալու օրը, աթոռին նստեցրել՝ կերակրել եմ, որից մի քանի ժամ անց, 2022 թ․ հոկտեմբերի 16-ին երեխաս մահացավ։ Հոկտեմբերի 29-ին կդառնար 13 տարեկան։ Ինչ կարողացա արեցի, ինչքան կարողացա երեխայիս գրկած պահեցի։ Իսկ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկներ Հրայրը, Գագիկ Հեբոյանը գոնե ձևի համար չփորձեցին փրկել երեխայիս, իսկ տնօրեն Միքայել Ադամյանը երեխայիս անգամ չհոսպիտալացրեց։ Ի դեպ, հետո պարզվեց, որ երեխայիս մահվան ամսին, այդ բժիշկ կոչվող Հրայրը եղել է Նորքի Մարաշ սրտաբանականում, ինչ որ վիրահատություններ է կատարել։ Փաստացի, իմանալով որ երեխաս մահանում է, մեզ նույնիսկ չեն տեղեկացրել, չեն կանչել, որ գոնե ձևի համար Հրայրն անձամբ հետազոտի»։
Հիշեցնենք, որ վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է 16 հոդված։ Այդ հոդվածներից ստորև ներկայացվածները վերաբերում են Գագիկ Հեբոյանին և Միքայել Ադամյանին։ 1) «Մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ», 2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում», 3) «Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին, 4) «Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին, 5) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան, 6) «Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան, 7) Նորք Մարաշ ԲԿ-ում ստենտների բիզնեսը ծաղկում է․ սրտաբան Քրիստինե Պողոսյանը որոշում է ստենտավորել, իսկ ամուսինը ստենտ է մատակարարում, 8) Նորք Մարաշ ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը, զանգով պատվերներ կատարում, իսկ Երևանի քաղաքապետարանը կոծկում է, ապա՝ հաստատում խախտումները, 9) 66 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում, 10) Քրեական գործերի, կասկածելի գործարքների և խախտումների տակ կքած Միքայել Ադամյանը մեղադրում է լրատվամիջոցին՝ իրական փաստեր հրապարակելու մեջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրություն (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։ ![]() ![]() ![]() |
«Աղջիկս մահացավ, որովհետև Միքայել Ադամյանը թույլ չտվեց հոսպիտալացնել, իսկ Հրայրն ու Գագիկ Հեբոյանը չվիրահատեցին»․ Աստղիկ Բաբախանյան (լուսանկար)
17411:54«Հանքային ջուրն ունի և՛ օգտակար, և՛ ռիսկային կողմեր»․ Արմեն Մուրադյան
54918.09.2025, 03:06«Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ»-ը չի համապատասխանում պահանջվող նորմերին. ՍԱՏՄ
67915.09.2025, 19:48«Գրիպի բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել»․ ՀՀ ԱՆ
63715.09.2025, 14:54Անահիտ Ավանեսյանը զգոնության կոչ է անում
74513.09.2025, 15:30Արարատի մարզում շունը կծել է 1,5 տարեկան երեխային
60213.09.2025, 15:24ՔՊ-ի ներսում Անահիտ Ավանեսյանի դեմ գործընթացներ են տեղի ունենում. «Ժողովուրդ»
46913.09.2025, 09:12Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է գրանցվել
51712.09.2025, 22:48