Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Նորք Մարաշ ԲԿ-ի վիրաբույժ Վրեժ Հովակիմյանն ամուսնուս հասցրեց անդառնալի կետի, իսկ ինքը մեկնեց արտերկիր՝ Նոր տարի նշելու»․ քաղաքացին՝ ամուսնու մահվան միջադեպի մասին

«Նորք Մարաշ ԲԿ-ի վիրաբույժ Վրեժ Հովակիմյանն ամուսնուս հասցրեց անդառնալի կետի, իսկ ինքը մեկնեց արտերկիր՝ Նոր տարի նշելու»․ քաղաքացին՝ ամուսնու մահվան միջադեպի մասին
270
Երեկ, 11:36

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ բժշկական կենտրոնում մահվան ողբերգական դեպքերի մասին հրապարակումից հետո քաղաքացիների ահազանգերը խմբագրություն չեն դադարում, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակումներով։

Ողբերգական հերթական դեպքի մասին ահազանգել է մահացած քաղաքացու կինը, ով նույնպես բուժաշխատող է և խնդրել է չհրապարակել մահացած ամուսնու անունը։

Ներկայացնում ենք ահազանգի սղագրությունը ամբողջությամբ։

«Ամուսինս 66 տարեկան էր։ 2024թ․ դեկտեմբերին, հերթական ստուգման ժամանակ, պատահաբար հայտնաբերվեց որովայնային անեվրիզմա (անոթի, աորտայի լայնացում)։

Խորհուրդ տվեցին Նորք Մարաշ ԲԿ-ի անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանին, որ իբր «շատ լավ մասնագետ է» (Անոթային վիրաբույժ, անոթային կլինիկայի ղեկավար)։

Գնացինք, նայեց հետազոտությունները և ասաց, «Շտապ, անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ»։ Իսկ ամուսինս իրեն շատ լավ էր զգում, ոչ մի խնդիր չուներ, արհեստավոր, ուժեղ մարդ և ասաց․ «Բայց ես լավ եմ զգում, գոնե թողեք Նոր տարին տանն անց կացնեմ»։ Սակայն, Վրեժ Հովակիմյանն ասաց․ «Ոչ, պետք է անհապաղ վիրահատել, ի՞նչ ես անհանգստանում, մի քանի օր կպառկես, Նոր տարուն տանը կլինես»։ Այնպես վախեցրեց, որ ամուսինս ասաց․ «Դե որ բժիշկն ասում է․․․․»։ Այդ չարաբաստիկ հիվանդանոցում դա դարձավ մեր ճակատագրական սխալ որոշումը։

Դեկտեմբերի 24-ին, շուրջ 6 ժամ վիրահատությունից հետո, մեզ ասացին, որ վիրահատությունը շատ լավ է անցել։ Սակայն, 2 օր անց, ասացին, որ վերակենդանացման բաժնում վիճակը վատացել է և միայն դեկտեմբերի 29-ին՝ չդադարող լուծ և 39-40 աստիճան ջերմությամբ, ծանր վիճակում ամուսնուս տեղափոխեցին պալատ։

Ես մասնագետ եմ և գիտեմ, որ հիվանդը, ով երբեք աղիքային խնդիր չի ունեցել, չի կարող օրը 10-20 անգամ լուծել։ Անգամ ամուսնուս աղիներից 8 սանտիմետր երկարությամբ լորձաթաղանթ անջատվեց։

Նման ծանր կարգավիճակում, բժիշկ Վրեժ Հովակիմյանը եկավ ու ասաց․ «Ես դեկտեմբերի 30 - հունվարի 7-ը ընտանիքիս հետ մեկնում եմ արտերկիր՝ Ամանորը նշելու»։ Ես ապշեցի, ասացի՝ բժիշկ, բայց ամուսինս ձեր վիրահատած հիվանդն է ու շատ վատ վիճակում է, լուծ է, 39-40 աստիճան ջերմություն, իսկ դուք գնում եք արտերկիր, բա որ դուրս չգա այդ վիճակից։ Ինքը շատ հանգիստ, ասաց․ «Կապի մեջ կլինենք» ու գնաց։

Իսկ ամուսնուս վիճակն անընդհատ վատանում էր, իսկ իրենք ոչ մի գործողություն չէին կատարում, իսկ եթե մի բան էլ ասում էինք, անտարբեր, կոպիտ տոնով սահմանափակում էին ցանկացած խոսք՝ գլխավոր բուժքույրից մինչև բժիշկ։

Ես պահանջեցի և հրավիրեցինք ինֆեկցիոնիստ։ Պարզվեց, որ վերակենդանացման բաժանմունքից, կամ վիրահատության ժամանակ ամուսնուս մոտ ներհիվանդանոցային աղիքային ինֆեկցիա է անցել։ Իսկ դա տեղի է ունենում, եթե հիվանդանոցում, վիրահատարանում, վերակենդանացման բաժնում ախտահարումը վատ է կատարվում։ Բժիշկն սկսեց արդարանալ, թե «այդպիսի բաներ լինում են․․․ ժամանակ է պետք, կկարգավորվի»։ Նման ծանր վիճակով հունվարի 15-ին մեզ դուրս գրեցին։

Տանը սրսկում էի, ջերմությունն իջնում էր 34 աստիճան։ Զանգահարում էի այդ բժշկին, ասում էի՝ մարդը սառել է։ Բժիշկն ասում էր․ «Կաթիլային միացրու, շատ հեղուկ տվեք»։ Անում էինք իր ասածները, ջերմությունը նորից բարձրանում էր 39-40 աստիճանի։ Ու այդպես օրը մեջ տանում էինք Նորք Մարաշ ԲԿ, որտեղ ամուսնուս չէին հոսպիտալացնում, շատ անտարբեր էին վարվում, իսկ մեզ ասում էին․ «․․․ ժամանակ է պետք, լավ կլինի»։

Ես պահանջում էի, որպեսզի նորից որովայնը բացվի, քանի որ ինտոկսիկացիա կար։ Իսկ բժիշկը հակառակվում էր, ու ասում․ «ԿՏ-ն ոչինց ցույց չի տալիս»։ Ես բուժաշխատող եմ և գիտեմ, միայն ԿՏ էին անում, որը թանկարժեք հետազոտություն է, նախարարությունից ԿՏ-ի փողը քաշելու համար, իսկ այլ հետազոտություն չէին կատարում։

Ամուսնուս վիճակն օր օրի վատանում էր։ Նորից ահազանգեցինք հիվանդանոց, ասացին՝ բերեք նորից սոնոգրաֆիա անենք։ Տարանք սոնոգրաֆիայի և բժիշկների աչքի առաջ որովայնի վերքն ինքն իրեն բացվեց և սկսեց թարախ հոսել։ Զայրույթով ասացի՝ ես մասնագետ եմ և ասում էի՝ չի կարող մարդը հենց այնպես ջերմել։ Իրենք միայն վիրակապեցին, կրկին չհոսպիտալացրեցին ու ասացին․ «Պառկեցնելու կարիք չկա, այսպես կբերեք-կտանեք»։
Քանի որ իրենք շարունակում էին ոչինչ չանել, իմ պահանջով, անալիզ ուղարկեցին Դավիդյանց կենտրոն։ Պատասխանը եկավ՝ ստաֆիլակոկ, աղիներից՝ փսեվդոմոնոզ։ Երկուսն էլ ներհիվանդանոցային ծանր վարակներ են, որոնք հակաբիոտիկներին չեն ենթարկվում։ Դեղ նշանակեցին։ 10 օր էլ այդ դեղն արեցին, սակայն ոչինչ չէր օգնում։

Նորից ահազանգեցինք այդ հիվանդանոց, ասացին՝ բերեք, նորից ստուգենք։ Որպեսզի ամուսնուս մոտ իրենց հետ չխոսեմ, ավելի շուտ գնացի հիվանդանոց, մինչ որդիս կբերեր ամուսնուս։ Բժշկին ասացի՝ խնդրում եմ որովայնը կրկին բացեք, քանի որ եթե վիրահատությունից հետո մարդն անընդհատ ջերմում է, ուրեմը միանշանակ որովայնում խնդիր կա։ Չէ որ վիրահատության ժամանակ աղիները տեղաշարժվում են, հանվում են դուրս և այլն։ Բժիշկը մի փոքր վերքը մեծացրեց, արյուն եկավ, ասաց․ «Տեսեք, որ բան չկա»։ Ես ասացի՝ թողեք վերքը փոքր բաց մնա, որ եթե ինչ որ բան կա․ դուրս գա օրգանիզմից։
Այդ գիշեր ամուսինս կտրուկ վատացավ և որովայնից սկսեց կղանք դուրս գալ։ Զանգեցինք, նկարներն ուղարկեցինք բժշկին։ Ասաց՝ կղանքն է, հենց հիմա, շտապ տարեք Շենգավիթի հիվանդանոց, որտեղ բժշկի հետ ինքն արդեն պայմանավորվել էր։ Շտապօգնության չսպասեցինք և անմիջապես տղայիս հետ տարանք հիվանդանոց։

Հաջորդ օրն ամուսնուս վիրահատեցին և պարզվեց, որ սիգմայաձև աղին վնասվել ու ծակվել է։ Եթե այդ կտրվածքը չարվեր, կղանքը կշարունակեր լցվել որովայնի մեջ։
Բայց, ես որպես մասնագետ, հասկանում էի, որ աղիներն անդառնալի վնասվել են։ Փորձում էինք անգամ շտապ տեղափոխել այլ երկիր՝ ամուսնուս կյանքը փրկելու համար։ Սակայն՝ չհասցրեցինք։

Նույն օրն ամուսինս կրկին վատացավ, նորից վիրահատեցին և պարզվեց, որ բարակ աղիներն էլ են վնասվել։ Վարակները քայքայել էին ամուսնուս աղիքային ողջ համակարգը, դրանք ծակվել էին, հասցրել անդառնալի կետի և փետրվարի 20-ին ամուսինս մահացավ։

Շենգավիթի վերակենդանացման բաժնի վարիչն ասաց, որ «Ուշացման հետևանք է, եթե շուտ վիրահատվեր, կփրկվեր»։ Այն ժամանակ, երբ Նորք Մարաշում ես պահանջում էի կրկին վիրահատել, ինձ պատասխանում էին․ «ԿՏ-ն ոչինչ չի ցույց տալիս»։ Ես ասում էի՝ ԿՏ-ն գործիք է, իսկ մարդն ունի կլինիկա, ջերմում է, ինֆեկցիա կա, ինտոկսիկացիայի մեջ է և գնալով վատանում է։ Սակայն, միևնույն է իրենք իրենցը պնդելով չվիրահատեցին։
Փաստացի, բժիշկ Վրեժ Հովակիմյանի, նրա բուժանձնակազմի, վերակենդանացման բաժանմունքի բուժանձնակազմի անփույթ, անհաղորդ վերաբերմունքի պատճառով կորցրեցի առողջ, ֆիզիկապես ուժեղ, աշխատող, իր ոտքով հիվանդանոց գնացած ամուսնուս, իսկ որդիներս՝ հայրիկին։ Իսկ իրենք, շարունակում են իրենց աշխատանքը, վայելում են կյանքը և պատասխանատվության չեն ենթարկվում։

Մենք հոգեկան այնպիսի տառապանքների մեջ ենք, որ ի վիճակի չէինք բողոքել պատկան մարմիններին։ Չնայած որ բողոքենք, ի՞նչ օգուտ։ Միևնույն է որևէ արդյունք չի լինելու։ Ո՞վ է տեսել, որ Հայաստանում որևէ բժիշկ պատասխանատվության ենթարկվի և պատիժ կրի»։

Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է 11 հոդված՝

1) «Մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ»,

2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,

3) «Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին,

4) «Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին,

5) Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին,

6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան,
7) «Մի երկու օրից անե՞նք էդ ստենդը», «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք»․ սրտաբան Քրիստինե Պողոսյան․ հերթական սկանդալը՝ Նորք Մարաշ ԲԿ-ում (տեսանյութ),

8) Քրեական գործերի, կասկածելի գործարքների և խախտումների տակ կքած Միքայել Ադամյանը մեղադրում է լրատվամիջոցին՝ իրական փաստեր հրապարակելու մեջ,

9) «Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան,

10) 66 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում,

11) Նորք Մարաշ ԲԿ-ն գովազդում է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծած սրտաբան Կարեն Կուրդովին։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։