Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

«Վրեժ Հովակիմյանի մեղքով հասա մահվան բերան ու մնացի մեկ ոտքով». Արայիկ Անդրեասյան

«Վրեժ Հովակիմյանի մեղքով հասա մահվան բերան ու մնացի մեկ ոտքով». Արայիկ Անդրեասյան
125
Այսօր, 12:18

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք Մարաշ ԲԿ-ում ողբերգական դեպքերի մասին ահազանգերը չեն դադարում։ Խմբագրության հետ կապ է հաստատել Արայիկ Անդրեասյանը և ներկայացրել իր հետ տեղի ունեցած միջադեպը։

Ներկայացնում ենք ահազանգի սղագրությունը։

«52 տարեկան եմ։ 2024թ․ աշնանը ոտքս թեթև ցավում էր, բռնված մկանի ցավի նման։ Գնացի ստուգումների, ասացին՝ անոթից է և ուղղորդեցին Նորք Մարաշ ԲԿ՝ անոթային վիրաբույժ, անոթային կլինիկայի ղեկավար Վրեժ Հովակիմյանի մոտ, ասացին․ «լավ մասնագետ է»։ Սա ուղարկեց ԿՏ-ի։ Պատասխանները նայեց, ասաց․ «ամեն ինչ պարզ է, հենց հիմա մի հատ ստենտ կդնենք, 1-2 ժամ պառկելու ես ու գնաս տուն»։ Անգամ թույլ չտվեց, որ հարազատներիս կանչեմ հիվանդանոց։

Դա իմ ճակատագրական սխալն էր, որ վստահեցի այդ «բժշկին»։ Եվ սկսվեց մի քանի ամիս տևած տառապանքներով կյանքի կռիվը։

Տարան վիրահատարան, ստենտը դրեցին։ Ասաց․ «գնա տուն, մի քիչ կցավա, կանցնի»։ 15 օր մնացի տանը, սարսափելի ցավերի մեջ, այլևս չէի դիմանում ցավերին և կրկին տեղափոխվեցի հիվանդանոց։ Պարզվեց, որ երակները լայնացնող օդ փչող սարք կա, դրանով, 5 անգամ այնպիսի հզորությամբ էր այդ «բժշկը» փչել երակներիս ու անոթներիս մեջ, որ պայթեցրել էր ոտքերիս երակները, մազանոթներն ու մկանները։

Մահվան շեմին էի։ Սկսեցին չափազանց ուժեղ դեղեր ներարկել։ Ստիպեցին, որ մոտ 2000 դոլարի դեղ գնենք։ Հիշում եմ, որ վերակենդանացման բաժնում էի, այդ Վրեժը գալիս էր, գրպանից տուփով դեղեր էր հանում ու ներարկում։ Հետո եմ պարզել, որ դրանք չափազանց ուժեղ դեղեր են և կարող են սրտի կանգ առաջացնել։ Սակայն բախտս բերել է, որ սիրտս դիմացել է։ Տպավորություն էր, որ այդ Վրեժ Հովակիմյանն անում է ամեն ինչ, որպեսզի սրտի կանգ ունենամ, իրենց բնորոշ ձևով հարազատներին ասեն․ «սիրտը չդիմացավ», իսկ թղթերում էլ գրեն․ «սրտի կանգ», ինչպես որ անում են միշտ։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում, քանի որ արդեն պարզ էր, որ կյանքս փրկելու միակ ճանապարհը ոտքս կտրելն էր։ Իսկ եթե ոտքս կտրեին, ապաքինվեի, պարզ էր, որ այդ վիճակին հասել էի իր մեղքով։ Ինքը վախենում էր, որ իր հեղինակության վրա բիծ կմնա, սակայն բացարձակ չէր վախենում քրեական հետապնդումից, որովհետև ոստիկանապետ Վահե Ղազարյանն իր աներոջ եղբայրն էր։

Վիճակս օր օրի ծանրանում էր և կյանքս փրկելու համար հարազատներս որոշեցին ինձ տեղափոխել Գերմանիա։ Կռիվներով, վեճերով ինձ հանել են վերակենդանացման բաժանմունքից։ Գերմանիայում 4 օր հետազոտեցին և տեղեկացրեցին, որ գտնվում եմ ծայրահեղ կետում․ ոտքիս մազանոթները, երակները, մկանները այդ Վրեժը պայթեցրել էր և այլևս բուժել հնարավոր չէր, իսկ կյանքս փրկելու միակ տարբերակը ոտքս կտրելն էր։

Չունենալով այլ ելք, անհապաղ տեղափոխվեցի Հայաստան, «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ոտքս կտրեցին։

Երբ վերադարձա, բացատրություն պահանջեցի Վրեժ Հովակիմյանից, ասացի մի՞թե այլ տարբերակ չկար, դեղերով, կամ այլ կերպ, որ այս օրվան չհասնեի, ասացի՝ ինքդ ասացիր․ «նույնիսկ հարազատներիդ մի էլ կանչիր, քանի որ 2 ժամ հետո աճուկիդ տակը մի քիչ չորանա, գնալու ես տուն, այդտեղ անգամ բան չկա անելու»։ Փոխարենն, ինձ ասաց․ «դե այլ տարբերակ էլ կար, օրինակ կարող էինք արհեստական երակ դնեինք, կամ այլ տարբերակներ, ուղղակի դրանք թանկ էին, դրա համար չասացի․ դե ինձ խնդրել էին, որ քո վիրահատությանը զեղչ անենք, ես էլ մտածեցի ֆինանս չունեք և մյուս տարբերակները չառաջարկեցի»։ Ու դա ասում է այն դեպքում, երբ 1 200 000 դրամանոց վիրահատության համար ընդամենը 100 000 դրամ զեղչ էր արվել, ինչը տրամադրում են գրեթե բոլոր վիրահատություններին։ Կատաղեցի, ասացի՝ տո այ ****, դու բժի՞շկ ես, դու առաջարկեիր, ես կորոշեի՝ գումար ունենք, թե ոչ, հրաժարվել, թե ոչ, այս օրին չհասնեի։ Ափերից դուրս եկա, ասացի՝ արա, չանեիր էդ վիրահատությունը, դեղերով բուժեիր, 52 տարեկան եմ, արդեն ոտք չունեմ, առողջությունս, հոգեկանս անդառնալի քայքայված է, պատասխանեց․ «դե եթե չանեի վիրահատություն, ոտքդ կշարունակեր ցավալ»։

Իրեն բացարձակ մեղավոր չէր համարում, նույնիսկ ձևի համար «կներես» չասաց, կամ ձևի համար չառաջարկեց վիրահատության գումարը վերադարձնել։ Դե ինքը գիտեր, որ անպատժելի է, ոստիկանապետի բարեկամն էր, դրանով վեր-վեր էր թռնում։

Ընդ որում, այս ողջ պատմության ընթացքում միայն Գերմանիայում հետազոտվելու համար մենք ծախսել էինք 30 հազար եվրո, իսկ Աստղիկ ԲԿ-ում ոտքս կտրելու համար մոտ 1 միլիոն դրամ։ Իսկ ինքն ասում է․ «դե տարբերակներ շատ կային, բայց մտածեցի՝ փող չունեք, չառաջարկեցի»։

Այս է իմ պատմությունը։ Ընդամենը ոտքիս թեթև ցավի համար մտա չարաբաստիկ այդ Նորք Մարաշ հիվանդանոց, արդյունքում, ամիսների տառապանք, կյանքի կռիվ, ոտքի ամպուտացիա և մոտ 20 միլիոն դրամի ծախս։

Այլևս չեմ աշխատում և չեմ էլ կարող աշխատել։

Ես էլ, շատերի նման գործողությունների չեմ դիմել այս բժշկի և հիվանդանոցի դեմ։ Հայաստանում ո՞ր բժիշկն է իր սխալի համար պատժվում, որ ես էլ քայլերի դիմեի, այն էլ հոգեկան այդպիսի ապրումների մեջ։

Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է 13 հոդված՝

1) «Մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ»,

2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,

3) «Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին,

4) «Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին,

5) Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին,

6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան,
7) «Մի երկու օրից անե՞նք էդ ստենդը», «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք»․ սրտաբան Քրիստինե Պողոսյան․ հերթական սկանդալը՝ Նորք Մարաշ ԲԿ-ում (տեսանյութ),

8) Քրեական գործերի, կասկածելի գործարքների և խախտումների տակ կքած Միքայել Ադամյանը մեղադրում է լրատվամիջոցին՝ իրական փաստեր հրապարակելու մեջ,

9) «Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան,

10) 66 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում,

11) Նորք Մարաշ ԲԿ-ն գովազդում է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծած սրտաբան Կարեն Կուրդովին,

12) «Նորք Մարաշ ԲԿ-ի վիրաբույժ Վրեժ Հովակիմյանն ամուսնուս հասցրեց անդառնալի կետի, իսկ ինքը մեկնեց արտերկիր՝ Նոր տարի նշելու»․ քաղաքացին՝ ամուսնու մահվան միջադեպի մասին,
13) Նորք Մարաշ ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը, զանգով պատվերներ կատարում, իսկ Երևանի քաղաքապետարանը կոծկում է, ապա՝ հաստատում խախտումները։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե Դուք (Ձեր հարազատները) տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։